Գրքեր

«Ասա՛ ինձ, ի՞նչն է կյանքից առավել»

Երբեմն մարդուն անհանգստություն պատճառող իրադարձությունները թույլ չեն տալիս նրան գնահատել այն կյանքը, որը Աստծո պարգևն է իրեն: «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7): Մարդը՝ որպես բանական և ազատ էակ, փորձում է իր կյանքի ճանապարհին բացահայտել աստվածապարգև կյանքի արժեքները: Քրիստոնյայի համար հստակ են այդ արժեքները՝ հավատքով առաքինի կյանք ապրել՝ Աստծո հետ մշտական հաղորդակցությունն ունենալով: Քրիստոնյան իր կյանքն արժևորում է Քրիստոսով, Ով ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6):

Հավատն առ Աստված օգնում է մարդուն արժևորելու իր կյանքը, քաջությամբ և համբերությամբ հաղթահարելու դժվարություններն ու փորձությունները: Աստվածային նախախնամությունն իրեն հուսացողներին միշտ դեպի բարին է ուղղորդում: Հավատավորի համար մեծ արժեք ունի երկրային կյանքը, քանի որ այն ճիշտ ապրելու միջոցով է, որ արժանանալու է Երկնային հավիտենական կյանքին: Ս. Հովհան Ոսկեբերանը հետևյալ հարցադրումն է անում՝ ասա՛ ինձ, ի՞նչն է կյանքից առավել, ապա պատասխանում է՝ Երկնային Արքայությունը: Ս. Կյուրեղ Ալեքսանդրացին էլ այս հարցադրումն է առաջ բերում՝ մի՞թե անհավատները մահացած են մնալու և հարություն չեն առնելու մյուսների հետ միասին: Ո՞րն է այս հարցում հավատացողների առավելությունը, դա ցույց տվեց Քրիստոս՝ ասելով. «Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և փչացնելու համար: Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն» (Հովհ. 10:10): Այսպես հարություն կառնեն և՛ բարիները, և՛ չարերը, բայց ոչ բոլորը կունենան «առավել»-ը: Նրանք, ովքեր Քրիստոսի հետևորդը չեն՝ որպես հետևանք անհավատության մեղքի, կունենան մահից առավել վատ կյանք. նրանք դատի կենթարկվեն իրենց մեղքերի և անհավատության համար: Իսկ նրանք, ովքեր, Քրիստոսի հետևորդը լինելով, առաքինի կյանքով են ապրել, ընդհանուր հարությունից և կյանքի վերադարձվելուց բացի, կունենան և հաջորդները՝ պարգևներ, պատիվներ, պսակներ և փառք: Այդ մասին վկայում է Պողոս առաքյալը. «Այժմ մի ծածուկ խորհուրդ հայտնեմ ձեզ. բոլորս չէ, որ պիտի մեռնենք, բայց երբ վերջին փողը հնչի, բոլորս էլ հանկարծ պիտի նորոգվենք մի ակնթարթում, որովհետև փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն անեղծ մարմիններով, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. 15:51-52):

Երկու կյանք է մարդուն տրված՝ ժամանակավոր և հավիտենական: Աստված, մեզանից յուրաքանչյուրին դիմելով, ասում է. «Ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19): Մարդու սիրտը փնտրում է իրական կյանքը: Նոր և հավիտենական կյանքը՝ որպես  պարգև,  մարդը կարող է ստանալ միայն Բարձրյալից: Ամենօրյա զբաղվածության մեջ մարդը կարծես ապրում է ինքն իրենից հեռու, այնինչ, հոգևոր արժեքների հասնելու և հավատն ամրապնդելու համար, հարկավոր է կանգ առնել, լռության մեջ խոկալ, վերադառնալ դեպի ինքն իրեն՝ վերագտնելու համար կորցրածը: Առաջ ընթանալու համար անհրաժեշտ է հաջորդ քայլն անել. սիրտը բանալ Տիրոջ առջև ջերմեռանդ հավատքով: Այստեղ ևս մարդն իր ազատ կամքով կարող է ընդունել կամ մերժել Աստծուն: Աստծով լի կյանքը փոխում է մարդու կյանքի գունապնակը՝ սև ու սպիտակից մինչև բազմերանգություն, և մարդը գիտակցում է, որ ինքը պատահական մի էակ չէ, որ ծնվել ու ապրում է երկիր մոլորակի վրա, որ այսօր կա և վաղն այլևս չի լինի: Աստծով է մարդը բացահայտում հավիտենության գաղտնիքը: Հավատը մարդուն ուղղորդում է նեղ, դժվարին, հաճախ և անորոշ ուղով: Կարևորը Աբրահամ նահապետի նման հետևել Աստծուն՝ լիարժեք վստահելով Նրա ձայնին: «Իր հավատով էր, որ Աբրահամը հնազանդվեց Աստծո կոչին, որպեսզի վեր կենա ու գնա այն տեղը, որն ստանալու էր իբրև ժառանգություն, և ճանապարհ ընկավ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում» (Եբրայեց. 11:8):

Աստծո հանդեպ լիարժեք հավատ ունեցողը չի փնտրում ապացույցներ կամ հրաշքներ, այլ նրա համար կյանքն արդեն իսկ հրաշք է, նա իր շուրջբոլորը՝ բնության և մարդկանց մեջ, Աստծուն է տեսնում: Հոգևոր, անտեսանելի աշխարհը չզգալը դեռ չի նշանակում, որ այն չկա և գոյություն չունի, ուղղակի այն զգալու և բացահայտելու համար հարկավոր է մանկան նման մաքուր սիրտ ու հավատ ունենալ և ջանք թափել, քանի որ «առավել»-ը չի տրվում առանց հավատքի ու ջանքերի:

 

Կարինե Սուգիկյան

08.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․