Աշխարհիկ հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ է բերում

Որքան շատ են մարդիկ հեռանում բնական, հասարակ կյանքից և [իրենց կյանքում] ավելացնում են շքեղությունը, այնքան շատ է մարդկային տագնապը մեծանում նրանց հոգում: Իսկ Աստծուց ավելի ու ավելի հեռանալու արդյունքում ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում: Այդ պատճառով էլ անընդհատ անհանգիստ շրջապտույտի մեջ են, «խելագար անվի» շուրջը պտտվող հաստոցի հաղորդափոկի պես*: Նրանք արդեն Լուսնի շուրջն էլ են պտտվում, որովհետև նրանց հսկայական անհանգստությունը ողջ երկրագնդի վրա չի տեղավորվում:

Աշխարհիկ թեթև կյանքը, հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ են բերում: Հոգեկան տագնապի հետ համակցված արտաքին կրթվածությունն ամեն օր հարյուրավոր մարդկանց (նույնիսկ հոգու անդորրը կորցրած երեխաների) է հոգեվերլուծողների ու հոգեբուժների մոտ տանում: Նորանոր հոգեբուժարաններ են կառուցվում, նորանոր դասընթացներ են կազմակերպվում հոգեբուժների որակավորման բարձրացման նպատակով, իսկ նրանցից շատերը ո՛չ Աստծու գոյությանն են հավատում, ո՛չ էլ՝ հոգու: Իսկ այդ մարդիկ ինչպե՞ս կարող են ուրիշ հոգիներին օգնել, եթե հենց իրենք են հոգեկան տագնապով լի: Մարդ ինչպե՞ս կարող է իրական մխիթարություն ունենալ, եթե չի հավատում Աստծու և մահվանից հետո հավիտենական կյանքի գոյությանը: Եթե մարդ խորությամբ հասկանում է ճշմարիտ կյանքի իմաստը, ապա նրա հոգուց ողջ տագնապն անհետանում է, աստվածային մխիթարություն է ստանում և բժշկվում: Եթե հոգեբուժարաններում հիվանդների համար սուրբ Իսահակ Ասորի կարդային, ապա Աստծուն հավատացող հիվանդները կապաքինվեին, որովհետև կյանքի խորագույն իմաստը կբացահայտվեր նրանց համար:

Մարդիկ ձգտում են ամեն գնով՝ հանգստացնող դեղամիջոցներով ու յոգայի պես զանազան ուսմունքներով հանգստություն գտնել, բայց իրական հանգստությանը, որ խոնարհ մարդն է ստանում ու որը նրան աստվածային մխիթարություն է բերում, նրանք չեն ձգտում: Պատկերացրու, թե որքա՜ն են այդ բոլոր զբոսաշրջիկները տառապում, որ ուրիշ երկրներից այստեղ են գալիս՝ այրող արևի տակ, տապի ու փոշու, փողոցների աղմուկի մեջ քայլելով: Ինչպիսի՜ ներքին անհանգստություն, ինչպիսի՜ բեռ է տանջում ու կրծում նրանց հոգին, եթե նրանք հանգիստ են համարում այն ամենն, ինչ ստիպված են կրել: Նրանց սեփական «ես»-ը որքա՜ն պետք է այդ մարդկանց հոգիները ճնշելիս լինի, եթե մտածում են, որ այդպիսի տանջանքներ կրելով՝ հանգստանում են:

Եթե տեսնում ենք, որ մարդը տառապում է ծանր հոգևոր տագնապից, դառնությունից ու թախծից, չնայած որ ամեն ինչ ունի, պետք է հասկանանք, որ նա Աստված չունի: Վերջիվերջո մարդիկ հարստությունից էլ են տանջվում: Քանի որ նյութական բարիքները նրանց ներքուստ դատարկ են թողնում, և նրանք կրկնակի են տանջվում: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց, որ ամեն ինչ ունեն, բայց երեխաներ չունեն ու տանջվում են: Նրանց համար քնելը տանջանք է, քայլելը տանջանք է, ինչ էլ անեն՝ տանջվում են: «Դե լավ,- ասացի մի այդպիսի մարդու,- քանի որ ազատ ժամանակ ունես, հոգևոր կյանքով զբաղվիր: Ժամերգությունների մասնակցիր, Ավետարան կարդա»: «Չեմ կարող»: «Այդ դեպքում բարի գործ արա՝ հիվանդանոց գնա, որևէ հիվանդի այցելիր»: «Ինչո՞ւ պետք է այնտեղ գնամ,- ասում է,- ինձ ի՞նչ պիտի տա»: «Ուրեմն գնա և ինչ-որ աղքատի օգնիր, որ քո հարևանությամբ է ապրում»: «Ո՛չ, դա էլ իմ սրտով չէ»: Ազատ ժամանակ, մի քանի տուն, ամեն տեսակի բարիքներ ունեն ու տանջվում են: Ու գիտե՞ք, թե նրա պես քանի՜-քանի՜սը կան: Եվ այդպես շարունակում են տանջվել մինչ խելագարություն: Ի՜նչ սարսափելի է: Իսկ ամենատանջվածներն ու դժբախտները նրանք են, ովքեր չեն աշխատում, այլ ապրում են իրենց ունեցվածքից ստացված եկամուտների հաշվին: Համեմատաբար ավելի հեշտ է նրանց համար, ովքեր գոնե աշխատում են:

 

* Նախկինում արտադրության մեջ «խելագար անիվ» էր անվանվում չաշխատող անիվը, որի վրա անցկացնում էին հաղորդափոկը, որպեսզի կարողանային առանց շարժիչն անջատելու՝ հաստոցի աշխատանքը դադարեցնել:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

12.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․