Գրքեր

Աստված նորոգեց մեզ փրկության հույսով

Դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր և, քո բնությանը հակառակ, բարի ձիթենու վրա պատվաստվեցիր (Հռոմեացիներ 11: 24):

 

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Քրիստոնեական մեծագույն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ խորհենք, թե Աստված ինչպես մեզ վայրի ձիթենուց կտրեց և բարի ձիթենու վրա պատվաստեց. անհավատության սխալ ընթացքից մեզ փրկեց, բարի կյանք պարգևեց ու նորոգեց մեզ փրկության հույսով:

Սիրելինե՛ր, մենք հավատում ենք Աստծուն, ուստի մենք պետք է կատարենք Աստծո պատվիրանները, որ դառնանք ճշմարիտ քրիստոնյաներ: Մենք պետք է ցանկանանք, որ Աստծո խոսքը վերափոխի մեզ, քանի որ ինքներս էլ գիտենք՝ ինչ դժվար է առանց Աստվածային շնորհի փոխել մեր բնավորությունը, մեր կեցվածքը, մեր գաղափարները: Մենք պետք է թույլ տանք, որ մեր միտքը Աստվածային շնորհով մաքրվի խավարային խորհուրդներից ու Աստվածային լույսով շաղախվի: Մեր հոգին մեղքերից մաքրվի և կատարյալ հոգևոր առողջություն ունենա մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Մեր Տերն ասում է. « … Ինչ որ մարդու սրտից է դուրս գալիս, այն է, որ պղծում է մարդուն, որովհետև մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»  (Մարկոս 7: 20-23):

Ուստի՝ մենք պիտի խնդրենք Աստծուն վերափոխել մեզ՝ ըստ Իր կամքի հաճության: Բայց պետք է ամբողջովին մեզ հանձնենք Իր բարերար կամքի տնօրինությանը: Ոչ թե Աստվածաշունչը հարմարեցնենք մեզ, մեր գաղափարներին ու մեր կյանքին, այլ, ընդհակառակը, մենք պիտի լիովին մեր մեջ ընդունենք Աստվածաշնչի պատգամները հոժարակամ և դյուրապատրաստ հնազանդությամբ: Ոչ թե մենք պետք է անվերջ մեր պահանջները Աստծուն ներկայացնենք և քրիստոնեական կյանքը պատկերացնենք անընդհատ և շարունակաբար Աստծո առջև խնդրանքներ դնելը, այլ ցանկություն հայտնենք լսել Նրա խոսքը և Նրա արդարությանը հետամուտ լինենք: Հարկ է, որ թույլ տանք, որ Սուրբ ավազանի մկրտությամբ ստացված Սուրբ Հոգու շնորհները զարդարեն մեր հոգիները, որպեսզի լիակատար դառնա մեր կյանքը:

Քրիստոնեությունը իր քարոզած սիրով, իր ցուցաբերած ուշադրությամբ մեզ օգնում է ապրել Աստվածադիր սկզբունքների համաձայն: Լեռան քարոզով Քրիստոս հինկտակարանյան ճշմարտությունները լրացնում է և օրենքի սահմաններից դուրս է բերում՝ արտահայտելով Աստվածային Իր սերը. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթեոս 5:17): Քրիստոս մեզ չի սահմանափակում ինչ-որ սահմանների մեջ, այլ ազատության ընձեռումով բարին գործելու հնարավորություն է տալիս: Աստծո առջև առ ոչինչ է ձևապաշտությունը. կարևորը ներքին հոգևոր համոզումն է, որ արտահայտվում է սիրով ու բարի գործերով. «Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 5:20): Քրիստոս սովորեցնում է ճշմարտապես սիրել Աստծուն ու մարդկանց: Քրիստոնեությունը կարևոր է համարում սրտի խորհուրդները: Մեր սրտում եղող սերը մեզ առաջնորդում է մեր քայլերի, գործերի, արարքների ժամանակ, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Կորնթացիներ Ա 13:1-3): Օրվա ավետարանական ընթերցվածքը դարձյալ մի վկայություն է Աստվածային սիրո. Քրիստոս բազմացրեց կերակուրը և տվեց Իրեն հավատացողներին, Իրեն հետևողներին: Եվ այսօր Քրիստոս շարունակում է մեզ հոգևոր սնունդ տալ Սուրբ Գրքի միջոցով:

Աստվածաշունչը մեր լավագույն դասագիրքն է, մենք պետք է ընթերցենք այն՝ այնտեղ փնտրելով մեր հանդիպումը Աստծո հետ: Եվ Աստվածաշնչի շնորհիվ իմանանք Աստծո կամքը և իմանալով էլ կձգտենք կատարել Աստվածային պատվիրանները, և աղոթքով խնդրենք, որ Սուրբ Հոգին բացի մեզ համար Աստվածային ճշմարտությունների իմաստն ու խորհուրդը: Աղոթքով խնդրենք Աստծուց, որ զերծ մնանք չարի որոգայթներից և Աստվածապաշտության մեր կյանքի ընթացքում գործադրենք բոլոր այն բարեպաշտական սովորությունները, որ սովորել ենք մեր եկեղեցու հայրերից: Եվ խնդրենք Տիրոջը, որ մենք երբեք չերկմտենք ու չկասկածենք, այլ անվերապահ հավատքով ու Աստվածային սիրո հանդեպ մեծագույն վստահությամբ ապրենք մեր կյանքը՝ թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր, և մեր կյանքով ու գործով շենացնենք ու զորացնենք մեր հոգու ծննդավայրը՝ մեր սուրբ եկեղեցին:

Ավետարանում Քրիստոս վայեր է հնչեցնում մեղավորների համար և երանիներ Իր խոսքը կատարողների համար, ուստի մեզ անհրաժեշտ է խնդրել Տիրոջից, որ մեր մեղանչական էությունը Իր հոգածությամբ մաքրելով արժանացնի Երկնային Արքայությանը: Անհրաժեշտ է խնդրել Տիրոջից, որ մենք՝ քրիստոնյաներս, գայթակղություն չդառնանք ուրիշների համար. «Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթեոս 18:7): Եվ նաև խնդրենք Տիրոջից, որ գայթակղության մեջ չընկնենք: Ջանանք լինել ճշմարիտ քրիստոնյաներ, որ մեր սրտի լույսը փայլի Աստծո և մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն մեր բարի գործերն ու փառավորեն մեր Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5:16):

Սիրելինե՛ր, վաղվանից սկսվում է վարդավառյան պահքը, հոգենորոգումի մի գեղեցիկ շրջան է սկսվում մեզ համար: Աղոթքով, պահքով ու ապաշխարությամբ պատրաստվենք ընդունելու Քրիստոսի սուրբ պայծառակերպությունից բխող լույսը: Աստվածային մաքուր, անաղարտ այդ լույսը օգնում է մեզ տեսնելու մեր սրտի խավար խորհուրդները, լուսավորում է մեր ընթացքը, մաքրում ու սրբում է մեր հոգու աղտերը: Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ ու պահպանությամբ ձեր անխաթար ու անսայթաք ընթացքով արժանանաք Աստվածային լույսի ջերմությանը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

01.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․