«Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, որովհետև այսօր ես պետք է քո տանը գիշերեմ»,- այս խոսքերով Քրիստոս դիմեց մի մարդու, որը շատ էր ցանկանում տեսնել Իրեն և դրա համար, ասես մի պատանի, բարձրացել էր ժանտաթզենու ծառը (Ղուկ. 19:1-11): Այդ անձը մեծահարուստ Զակքեոսն էր, ով իր հարստությունը դիզել էր քաղաքային մաքսատան գլխավոր մաքսապետի պաշտոնը վարելու արդյունքում: Նրան վստահված էր հսկել Երիքովի շրջանի հարկահավաքներին, որոնք հաճախ էին կեղեքում ժողովրդին՝ հօգուտ Հռոմեական կայսրության՝ Իսրայելի նվաճողի: Արաբական երկրի սահմանի մոտ գտնվող Երիքովը հարուստ քաղաք էր, քանի որ վերահսկվում էր արևելքից Երուսաղեմ տանող ճանապարհները: Մաքսավորները մեծ եկամուտներ ունեին հարկերից ու տուրքերից, և նրանց կաշառակերությունը քաղաքի խոսակցությունն էր:
Այն օրը, երբ Քրիստոս եկավ Երիքով, մարդկանց մեծ բազմություն էր շրջապատել Նրան, բոլորը փորձում էին մոտենալ տարբեր խնդրանքներով, և բոլորին Տերը օգնում էր: Սակայն սրտերը ճանաչող Տերը հատուկ հարգանք ցուցաբերեց Զակքեոսի հանդեպ, ով ոչինչ չխնդրեց, այլ միայն ցանկացավ տեսնել Նրան: Զակքեոսը բարոյական ցնցում ունեցավ, երբ լսեց, որ Քրիստոս է գալիս Երիքով, ում մեծագործության մասին լսել էր և հույս ուներ, որ կտեսներ Նրան: Որպես մաքսապետ ժողովրդի կողմից արհամարհված լինելով՝ նա չէր սպասում, որ Քրիստոս բարեհաճ կգտնվեր և կխոսեր իր հետ: Փրկչին գրավեց ոչ միայն Զակքեոսի անշահախնդրությունը, այլև այն փաստը, որ նա, անկախ իր դիրքից, բարձրացել էր ծառը, որ տեսներ Իրեն: Այդ պահին նա չէր մտածում, թե ինչ կասեն մարդիկ իր մասին, կծաղրե՞ն իրեն, թե՞ ոչ: Նա պարզապես ուզում էր տեսնել Փրկչին, իսկ մնացյալը՝ իր կարգավիճակը, մարդկանց կարծիքը, մոռացության էր մատնել: Մինչ Զակքեոսն ամբոխի մեջ էր, չէր տեսնում Քրիստոսին, ամբոխից վեր բարձրանալով՝ տեսավ Փրկչին՝ գերազանցելով ամբոխի տգիտությանը: Եվ այդ պահին էլ նա լսեց Տիրոջ մտադրությունը՝ իր տուն այցելելու, ինչը մեծ ազդեցություն գործեց Զակքեոսի վրա, և նա, լիովին հավատալով Քրիստոսին, խոստացավ իր ունեցվածքի կեսը տալ աղքատներին և քառապատիկ հատուցել նրանց, որոնց անիրավել էր: Քրիստոս մեծ ուրախություն ապրեց և ասաց. «Այսօր փրկություն եկավ այս տան վրա, քանի որ այս մարդն էլ Աբրահամի որդի է, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19:9-10):
Հիսուսի փրկարար կամքն էր հյուրընկալվել մեղավորի տանը: Զակքեոսը շտապ ցած իջավ և ուրախությամբ ընդունեց Քրիստոսին, իսկ բոլոր նրանք, ովքեր այդ տեսան, սկսեցին մրթմրթալ և ասել՝ այս մարդը գնաց մի մեղավորի տուն և հյուր եղավ: Զակքեոսը Քրիստոսի ողորմությանն արձագանքեց գործուն ապաշխարությամբ: Նա շատ ավելի առաջ գնաց, քան պահանջում էր օրենքն ու բարեպաշտությունը: Ի հայտ եկավ նրա խոր զղջումը, նա ներքուստ արդեն ուրիշ մարդ էր: Երբ Հիսուս ասաց Զակքեոսին, որ այդ օրը փրկություն եկավ այդ տանը, սա Հիսուսի պատասխանն էր ամբոխի տրտունջի դեմ: Քրիստոսի խոսքերի իմաստն այն չէր, որ փրկություն եկավ այդ տանը, քանի որ մեղավոր Զակքեոսն իր վարքով ապացուցեց, որ ինքն Աբրահամի որդի է, այլ որովհետև նա էլ՝ որպես մեղավոր, Աբրահամի որդի է և փրկության իրավունք ունի, ինչպես ցանկացած իսրայելացի: Հիշենք Հիսուսի խոսքերը, որ ասաց հաշմանդամ կնոջը շաբաթ օրով բժշկելիս՝ այս կինը, որ Աբրահամի աղջիկ է և տասնութ տարուց ի վեր կապված էր սատանայի կողմից, արժանի չէ՞ր, որ շաբաթ օրով արձակեի իր կապերից (Ղուկ. 13:16): Մարդու Որդին եկել էր փնտրելու և փրկելու մեղքի մեջ կորած մարդկանց: Տիրոջ այս խոսքերը Եզեկիելի հետևյալ մարգարեության կատարումն էր. «Հոտերս ես եմ արածեցնելու, ես եմ հանգիստ տալու դրանց, ու պիտի իմանան, որ Ես եմ Տերը»: Այսպես է ասում Տեր Աստված. «Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու, գերին ու հզորին պահելու: Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ» (Եզեկ. 34:15-17): Իր առաքելության մասին Քրիստոս ասաց «Կորած ոչխարի» առակը պատմելիս (Ղուկ. 15:4-7)․ Նա Աստծու կողմից խոստացված բարի Հովիվն է:
Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է առանձնանա Աստծու և մարդկանց հանդեպ իր անշահախնդրությամբ ու ամբողջությամբ ականջալուր չլինի հասարակական կարծիքին, որ հաճախ մարդկային կրքերից՝ զայրույթից, նախանձից, հպարտությունից, փողասիրությունից ու դատապարտությունից է բխում և ոչ՝ առաքինություններից: Զակքեոսն ուշադրություն չդարձրեց այդ կարծիքին և պատիվ ունեցավ Քրիստոսին ընդունելու իր տանը: Պատմական դժվարին պահերին հասարակական կարծիքը դյուրաբորբոք է և ագրեսիվ: Հիշենք, թե ինչ էր գոռում ժողովուրդը, երբ ձերբակալված Քրիստոս Պիղատոսի մոտ էր, որը ցանկանում էր ազատ արձակել Հիսուսին և ինչի համար կրկին դիմեց ժողովրդին՝ կրկին լսելով հետևյալ աղաղակը՝ խա՛չը հանիր, խա՛չը հանիր Նրան (Ղուկ. 23:21): Նման պարագաններում անհրաժեշտ է ամրապնդել հավատը, քաջություն դրսևորել՝ չվախենալու ընթանալ մարդկային կործանարար կրքերի հոսքին հակառակ: Անհրաժեշտ է հիշել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե մարդկանց սիրաշահելու հետևից ընկնեի, ապա կդադարեի Քրիստոսի ծառա լինելուց» (Գաղ. 1:10): Երանելի Օգոստինոսն ուսուցանում է, որ որքան մարդ միաձուլվում է այս աշխարհին, այնքան նմանվում է նրան և ավելի քիչ օգտակար է լինում նրան: Աշխարհին հաճո մարդիկ վերածվում են աղի, որ կորցրել է իր ուժը և դեն նետվել՝ մարդկանց կողմից ոտնահարվելու համար (Մատթ. 5:13):
Ս. Հովհան Ոսկեբերանը, քրիստոնյաների ուշադրությունը դարձնելով Զակքեոսի ցանկությանը, ասել է. «Նայի՛ր Զակքեոսի ցանկությանը, որ կարճ էր հասակով, բայց հոգով մեծ, փորձեց տեսնել Հիսուսին, որ երկնայինը շնորհեց մարդկանց, փորձեց տեսնել հրեշտակների Արարչին և ճշմարտության Արեգակին: Ինչ աստվածային սեր և բարի ցանկություն, որ բարձրացնելով նրան երկրից, ստիպեց ծառ բարձրանալ: Քրիստոսին տեսնելով՝ նրա սերն ավելի բորբոքվեց, նա մաքսավորից դարձավ նախանձախնդիր, անհավատից՝ հավատավոր»:
Զակքեոսն առաջինը չէր, որ տեսավ Փրկչին: Քրիստոս Իր հոգևոր տեսողությամբ շատ ավելի վաղ տեսավ նրան: Խորաթափանց Աստված տեսնում է այն ժամանակ, երբ մարդն անգամ տեղյակ չէ: Մինչ մարդը փնտրում է Նրան, Նա արդեն Իրեն փնտրողի կողքին է և նայում է նրան: Եթե մարդն իր հայացքն ուղղի դեպի Տերը, ապա Նա կհայտնվի և կկանչի նրան իր անունով և կասի՝ այսօր Ես պետք է քո տանը գիշերեմ:
Նշենք, որ հետագայում Զակքեոսը, հետևելով Քրիստոսի առաքյալներից Պետրոսին, նրա կողմից նշանակվեց Կեսարիայի եպիսկոպոս և հավատարմորեն ծառայելով Տիրոջը՝ խաղաղությամբ ննջեց:
Կազմեց Կարինե Սուգիկյանը