18 Հունվար, Շբ
Եկավ մեկը հայր Պիմենի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, սերմանեցի իմ անդաստանը և դրանից ողորմություն տվեցի»: Ծերը նրան ասաց. «Բարի գործ ես անում»: Եվ նա գնաց և առավել հոժարությամբ էր աշխատում` շատերին բաժին հանելով: Լսեց այդ մասին հայր Անուբը և Պիմենին ասաց. «Դու չե՞ս երկնչում Աստծուց, որ այդպես ես ասում եղբորը»: Եվ ծերը լուռ մնաց, ապա երկու օրից հետո մարդ ուղարկեց այն եղբոր հետևից և հայր Անուբի ներկայությամբ ասաց նրան. «Ի՞նչ ասացիր դու ինձ երեք օր առաջ, որովհետև մտքերս ուրիշ տեղ էին»: Եվ եղբայրն ասաց. «Ասացի` սերմանում եմ իմ անդաստանը և դրանից ողորմություն եմ տալիս»: Հայր Պիմենը նրան ասաց. «Ես այնպես կարծեցի, թե քո աշխարհական եղբոր մասին խոսեցիր ինձ հետ, սակայն, եթե դու ես անում այդ գործը, ապա դա մենակյացին վայել գործ չէ»: Իսկ նա լսելով՝ տրտմեց և ասաց. «Ես այլ գործ չունեմ և չգիտեմ` բացի սրանից, և ոչ էլ կարող եմ` բացի իմ անդաստանը սերմանելուց»: Այնժամ հայր Պիմենի առաջ ընկավ հայր Անուբն ու ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ»: Հայր Պիմենը եղբոր գնալուց հետո ասաց. «Ես ևս ի սկզբանե գիտեի, որ դա մենակյացի գործ չէ, բայց ըստ նրա կամքի և կարողության ասացի, որպեսզի նա առաջադիմի սիրո մեջ. և այժմ նա գնաց տրտմած և նույն գործն է անում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016