Գրքեր

Բաղձալի հանդիպումն ու նոր կյանքը

Մոտենում է Մեծ պահքի երրորդ կիրակին, որ կոչվում է «Անառակի կիրակի»: Ավետարանական «Անառակ որդու առակ»-ը՝ եկեղեցու հայրաբանության մեջ «Ավետարանը Ավետարանի մեջ» կոչվող, դարեր շարունակ իր կենսական պատգամներն է ավետարանում: Ամեն ինչ կորցրած անառակ որդին՝ մեղավոր մարդը, իր Հոր՝ Աստծո ներկայությունից և խնամքից հեռու, փափագում էր գոնե որպես ծառա վայելելու Հոր ներկայությունն ու խնամքը: Նա, գուցե և անհանգստացած, բայց հույսով շտապում էր Հոր հետ բաղձալի հանդիպմանը: Իսկ ի՞նչ ընթացք ապրեց անառակ որդին. նա Երկնային Հոր ներկայությամբ աստվածային շնորհներն էր վայելում, ապա ինքնակամ հրաժարվեց այդ ամենից, մեղսալից կյանքի պատճառով սնանկացավ ֆիզիկապես և հոգեպես, փորձեց կորցրածը վերարժևորել և վերագտնել, ապա Հոր հետ բաղձալի հանդիպմամբ, ներմանն արժանանալով, վերաիմաստավորեց իր կյանքը: Զղջում ապրող մեղավոր մի մարդու պատմություն, որն ապրել և ապրում են դեպի Աստված քայլող բոլոր ժամանակների մարդիկ: Զղջման պատմությունը չէր հասնի իր լրմանը, եթե չկայանար Հոր հետ հանդիպումը, որի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ անկեղծ խոստովանությունը, ներումն ու նորոգված կյանքը: Անառակ որդին մոռացավ իր հին մեղսալից կյանքը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, դարձավ նոր մարդ՝ նորոգվելով ըստ Արարչի պատկերի (Կողոսացիներ 3:10): Մարդը ստեղծվեց Աստծո պատկերով, ինչը կորցրեց մեղքի պատճառով, բայց Տիրոջ ողորմածությամբ հնարավորություն ստացավ վերականգնելու վնասվածը: Իսկ այդ ճանապարհին մարդ արարածը վճռականություն է ձեռք բերում ապրելու նորոգված և աստվածահաճո կյանքով, գուցե հնարավոր չէ միանգամից ձերբազատվել հնից, բայց հնարավոր է մեծ ձգտում ունենալ ապրելու ազատ՝ մեղքի գերությունից հեռու մի կյանքով: Նոր մարդ դառնալը ենթադրում է Աստծո խոսքի համաձայն օրըստօրե նորոգվել, ինչը կյանքի անվերջ մի ընթացք է: Որպես Աստծո որդիներ՝ հագնելով Հոր կողմից շնորհված նոր, լուսավոր պատմուճանը՝ անմտություն կլինի կրկին վերադառնալ հին հագուստին, որ աղտոտվել ու պատառոտվել է մեղքերից:

Անառակ որդին Հոր կողմից ընդունվեց որպես հարազատ որդի և ոչ որպես ծառա կամ վարձկան: Երկնային Հայրն Իր յուրաքանչյուր զղջացող որդու համար ուրախություն է ապրում՝ ասելով. «Իմ այս որդին մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15:24): «Տեսեք, թե ինչպիսի՜ սիրով մեզ սիրեց Հայրը՝ կամենալով, որ մենք կոչվենք Աստծո որդիներ և արդարև, Աստծո որդիներ ենք» (Ա Հովհաննես 3:1):

Այնքան մեծ է մեր Արարչի ողորմածությունը, որ Նա մեզ հնարավորություն պարգևեց ճանաչելու և սիրելու Իրեն, ինչպես երեխաներն են սիրում իրենց հորը: Երկնային Հայրն Իր Միածին Որդու միջոցով մեզ շնորհեց Աստծո որդիներ դառնալու պարգևը: Աստվածային այս պարգևի մեծությունը նրանում է, որ այն կրողները պարտավորվում են կատարելագործվելու: Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, Մարդու Որդի դարձավ, որպեսզի մենք էլ դառնանք Աստծո որդիներ: Աստվածային սերը՝ սուրբ և օրհնաբեր, կատարելապես վերածնում է մարդկային էությունը: Աստծուց վերածնված մարդը ողջ էությամբ ձգտում է դեպի փրկություն: Ս. Օգոստինոսն ասել է, որ աշխարհը չի ճանաչում մեզ՝ Աստծո որդիներիս, քանի որ չի ճանաչել Նրան՝ Աստծուն, Ով որդեգրեց մեզ:

Աշխարհը չի ճանաչում այն մեծ պարգևները, որոնցով զարդարված են Աստծո որդիները, չգիտի և չի հասկանում, որ Աստծո որդիների արժանիքները կայանում են ներքին հոգևոր կատարելագործմամբ և ոչ արտաքին: Աստծո որդիները խոնարհ են ու հեզ և չեն փնտրում աշխարհային փառքը, այդ պատճառով էլ աշխարհը չի ճանաչում նրանց:

Պողոս առաքյալը հաստատում է՝ դուք այս աշխարհի համար մեռաք, որպեսզի Քրիստոսի հետ միասին ապրեք այն կյանքով, որ Աստված վերապահել է ձեզ: Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ փառքով կհայտնվեք Նրա հետ (Կողոսացիներ 3:3): Ուստի՝ որպես Աստծո որդիներ, մահանանք մեր հին մեղսալից կյանքի համար և հավատի շնորհիվ վերածնվենք Քրիստոսով նոր կյանքի համար:

 

 

Կարինե Սուգիկյան

11.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․