Ճաշու Երրորդ ժամ | Chashu Errord ժam



Գրքեր

Ճաշու Երրորդ ժամ

Հայ եկեղեցու ինը ժամերգություններից երեքը Ճաշու ժամերգություններն են՝ Երրորդ ժամ, Վեցերորդ ժամ, Իններորդ ժամ, որոնք կատարվում են 3-րդ, 6-րդ և 9-րդ ժամերին, մեր այսօրվա ժամանակով՝ ժամը 9-ին, 12-ին և 15-ին: Ճաշու ժամերգությունների կարգը հաստատվել է 4-5-րդ դարերում, ինչպես հիշատակված է մեր մատենագրության մեջ: Ճաշու երեք ժամերը հնում կատարվում էր կանոնավոր կերպով ամեն օր և՛ եկեղեցիներում, և՛ վանքերում՝ որոշակի ժամերին: Այժմ Ճաշու երեք ժամերգությունները կատարվում են Մեծ Պահքին (սկսած առաջին չորեքշաբթի օրվանից մինչև Ծաղկազարդ, բացի շաբաթ օրվանից, ինչպես նաև Մեծ Պահքի կիրակի օրերին Սբ. Պատարագից առաջ), Ավագ շաբաթվա չորս օրերին՝ Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի և Հինգշաբթի, Սբ. Ծննդյան և Սբ. Զատկի ճրագալույցներին: Իսկ սովորական և պահոց օրերին կարդացվում են միայն կարճ քարոզներն ու աղոթքները:

Սկզբնական շրջանում այս ժամերգությունները շատ պարզ են եղել՝ սաղմոս, քարոզ, աղոթք: 12-13-րդ դարերում ճաշու ժամերգությունները կրել են փոփոխություններ: Հարստացվել են Սբ. Ներսես Շնորհալու (12-րդ դար) հեղինակած գեղեցիկ ու բարձրարվեստ հոգևոր երգերով («Օրհնեմք զքեզ, Հայր անսկիզբ…», «Խաւարեցաւ լոյսն արևուն…», «Չարչարակցեալ քեզ տիւ լուսոյ…», «նահապետին Աբարահամու…»): Իսկ մեծ քարոզներն ու աղոթքները պատկանում են Սուրբ Հովհան Մանդակունու գրչին (5-րդ դար): Այդ մասին են վկայում Հովհան Օձնեցին և Խոսրով Անձևացին:

 

Ճաշու Երրորդ ժամ

Ըստ ավանդության՝ Երրորդ ժամին Աստված ստեղծեց Ադամին և պարգևեց նրան Հոգու շնորհքը: Երրորդ ժամին Եվան խաբվեց չարից և Հոգու շնորհքից զրկվեց: Ինչպես նշում է Օձնեցին հատկապես այս նույն ժամին խաչ բարձրացվեց Քրիստոսը և ինչպես Ադամով մահվան դատապարտվեցինք, նույնպես և Քրիստոսով բոլորս կենդանացանք: Այդ է պատճառը, որ Սուրբ Հոգին ևս այդ ժամին պարգևեց մեզ, որ իջնելով բազմատեսակ շնորհներով զարդարեց առաքյալներին և նրանցով մեզ՝ հավատացյալներիս: Ուստի և Երրորդ ժամի աղոթքը կատարում ենք «Ի դէմս իջման Հոգւոյն Սրբոյ»: Այս ժամերգությունն ապաշխարության և զղջման իմաստներով լի արարողություն է: Կատարվել է ամեն օր արևածագի և կեսօրվա միջև: Այժմ, ինչպես վերը նշվեց, կատարվում է Մեծ Պահքին, իսկ սովորական և պահոց օրերին կարդացվում են միայն կարճ քարոզներն ու աղոթքները:

Ճաշու Երրորդ ժամը սկսում է «Տերունական աղոթք»-ով, ապա դպիրները ընթերցում են այս ժամերգության կորիզը՝ «Ողորմեա ինձ Աստուած…»-ը (Սաղմոս 50), որ ապաշխարության, զղջման խնդրանքներով լի սաղմոս է: Սաղմոսից անմիջապես հետո երգում են Երրորդ ժամի երգը՝ «Օրհնեմք զՔեզ»-ը, որի հեղինակը Սբ. Ներսես Շնորհալին է: Երգը բաղկացած է 3 տներից: 1-ին տան մեջ պատմվում է մարդու ստեղծումը և պատվիրանազանցությունը: 2-րդ տան մեջ պատմվում է, թե ինչպես Տերը 3-րդ ժամին խաչը բարձրացավ, որի համար խնդրում ենք. «Ընդ աւազակին քում խաչակցին, արժանացո զմեզ դրախտին»: 3-րդ տնով դիմում ենք թագավորների Թագավորին, որ առատաբուխ Սբ. Հոգու շնորհները բաշխեց Վերնատանը հավաքված առաքյալներին, խնդրում ենք՝ ասելով. «Լուր յանուն քո ժողովելոցս էջ եւ մեզ յերրորդ ժամուս»: «Յամենայն ժամու աղաչանք իմ» մաղթանքով ժամօրհնողը խնդրում է մեղքերի թողություն և պահպանություն: Մաղթանքին հաջորդում է «Քարոզ Մեծ Պահոցն՝ ի Յովհաննու Մանդակունւոյն ասացեալ»:

Քարոզը հորդորում է գոհություն մատուցել Ամենաբարձրյալին, որ Իր Խաչով ազատություն շնորհեց մարդկային ազգին: Հորդորվում է նաև՝ հավատով խնդրել Տիրոջից, որպեսզի մենք էլ ընդունելով Սբ. Հոգու շնորհները հաղորդակից լինենք աստվածային բարիքներին: Եվ առաքինի, մեղքերից զերծ ապրելով ժառանգակից լինենք բոլոր սրբերի հետ:

Քարոզին հաջորդում է երկու մասից բաղկացած «Որ ի քերովբէական» աղոթքը:

Խնդրում ենք Աստծո օգնականությունը՝ հեռու մնալու բանսարկուից և արժանի լինելու Աստվածային հաղորդակցությանը: Աղոթքն ընդմիջվում է «Խաղաղութիւն ամենեցուն»-ով:

Վերոհիշյալ և՛ քարոզը, և՛ աղոթքը, ընթերցվում են միայն Մեծ Պահքի ժամանակ:

«Տէր Աստուած օրհնեալ» սաղմոսից երեք տուն ընթերցելուց հետո սարկավագը ընթերցում է «Խնդրեսցուք հաւատով» քարոզը: Խնդրում ենք Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը բոլոր ճանապարհորդների համար: «Առաջնորդեա մեզ» աղոթքին հաջորդում են «Յիշեա, Տէր» քարոզը և «Բարերար եւ բազումողորմ» աղոթքը:

Երկու դպիր ատյանում ընթերցում են «Տէր, հովուեսցէ զիս» փոխը՝ «Տէր հովուեսցէ զիս» (Սաղմոս 22:1-7) և «Ցույց ինձ ճանապարհ» (Սաղմոս 142:8-12): Սաղմոսներին հաջորդում է սարկավագի ընթերցած «Գոհաբանելով աղաչեսցուք» քարոզը:

Քարոզով հրահանգվում է գոհություն մատուցել բարերար Սբ. Հոգի Աստծուն, որի շնորհիվ առատապես վայելում ենք բազմաթիվ պարգևներ, որպեսզի մեզ ազատի մեր մեղքերի պատուհասից:

Քահանան ընթերցում է «Խաղաղութեամբ Քով, Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ» աղոթքը:

Աստվածային խաղաղությունը վեր է մեր բոլոր մտածումներից և խորհուրդներից: Ահա թե ինչու աղոթքով խնդրում ենք այն և հայցում մխիթարություն Աստծուց, Ում քաղցր խաղաղությունն ենք միշտ վայելում:

Քանի որ մարդը մեղանչական է, աղոթքով հայցում ենք Տիրոջ ներողամտությունը:

Ժամերգությունը ավարտվում է «Տերունական աղոթք»-ով:

 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.

2. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.

3. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.

4. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.

5. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.

6. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.

7. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

15.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․