Գրքեր

Եհովայի վկաների սխալները

Մաս Բ

Եհովայի վկաների դավանանքի սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց մասին խոսել մեկ հոդվածի մեջ, թեկուզ ամփոփ ձևով: «Եհովայի վկաների սխալները․  Մաս Ա» հոդվածի մեջ տեսանք նրանց սխալներից վեցը միայն: Այստեղ պիտի շարունակեմ ցույց տալ նրանց դավանանքի այլ սխալները աստվածաշնչական փաստերով: Եհովայի վկաները Աստծու անմիջական կարիքն ունեն սրբագրելու համար իրենց մտքում արմատացած աստվածաբանական սխալ ուսուցումները և աստվածաշնչական համարների սխալ մեկնությունները:   

Եհովայի վկաների 7-րդ սխալը: Եհովայի վկաները ասում են. «Քրիստոսն Աստծուց ստորադաս է» և մեջբերում են իրենց «Նոր աշխարհ» թարգմանությունից. «Լսեցիք, որ ասացի ձեզ, թե գնում եմ ու հետ կգամ ձեզ մոտ։ Եթե սիրեիք ինձ, կուրախանայիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է ինձանից» (Հովհ. 14:28), «Սակայն ուզում եմ՝ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (Ա Կորնթ. 11:3):

Պատասխան: Երբ Քրիստոս ասաց. «Հայրը մեծ է ինձանից» (Արարատ թարգմանություն), այստեղ «մեծ» բառը չի նշանակում, որ Հայրը Աստված է, իսկ Քրիստոսը՝ ոչ՝ Նրանից ստորադաս է, որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոս ոչ միայն կատարյալ մարդ է, այլ նաև կատարյալ Աստված. «Ես և իմ Հայրը մի ենք» (Հովհ. 10:30), «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը ..․. Ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ» (Հովհ. 14:9-10), «Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որն ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես որ մենք ենք մի» (Հովհ. 17:11):

Քրիստոս ասաց. «Հայրը մեծ է ինձանից», այն իմաստով, որ Ինքը՝ Բանն Աստված, որ սկզբից էր. «Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր» (Հովհ. 1:1)՝ 1. մարդացավ, ծառայի կերպարանք ստացավ. «Ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով» (Փիլ. 2:7), որպեսզի կատարի մադկանց փրկությունը խաչափայտի վրա, 2. չուներ տեղ, որ Իր գլուխը դնի. «Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»» (Մատթ. 8:20), 3. արհամարհվեց հրեաների կողմից. «Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց» (Ես. 53:3),  4. Իր մարդեղության մեջ ծածկեց Իր անսահման աստվածային փառքը:

«Քրիստոսի գլուխը՝ Աստված» (Ա Կորնթ. 11:3) համարը ցույց չի տալիս, որ Որդին Հորից ստորադաս է, ինչպես կարծում են Եհովայի վկաները: Հայր Աստված Քրիստոսի գլուխն է, որովհետև Նրանից ծնվեց Բանն Աստված ժամանակներից առաջ. «Հաւատամք զԲանն Աստուած՝ անեղ, ծնեալ եւ սկսեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս» (Դաւանութիւն Հաւատոյ): Հայր Աստված, որպես Քրիստոսի գլուխ, չի նշանակում, որ Նա Քրիստոսից մեծ է. «ո՛չ յետոյ եւ ո՛չ կրտսեր, այլ որքա՛ն Հայրն Հայր՝ ընդ նմին եւ Որդին Որդի» (Դաւանութիւն Հաւատոյ): Սուրբ Երրորդությունը համագո, միասնական և անբաժանելի է. «Օրհնեալ, համագոյ եւ միասնական անբաժանելի սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի սուրբ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն» (Գիշերային ժամերգութիւն):

Չի կարելի ասել, թե ժամանակ կար, որտեղ Հայր Աստված Հայր չէր, քանի Որդին ծնված չէր Նրանից, որովհետև սուրբ Երրորդությունը ժամանակից և ստեղծագործությունից՝ նյութի գոյությունից առաջ է: Չի կարելի Աստծու անսահման աստվածային գոյությունը սահմանափակել ժամանակի և նյութի մեջ:

Եհովայի վկաների 8-րդ սխալը: Եհովայի վկաները հավատում են՝ ասելով. «Սուրբ հոգի արտահայտության գործածումը Աստվածաշնչում ցույց է տալիս, որ դա ղեկավարվող մի ուժ է, որն Աստված օգտագործում է իր զանազան նպատակները իրականացնելու համար։ Որոշ չափով կարելի է այն նմանեցնել էլեկտրականությանը՝ ուժի, որը գործադրվում է տեսակ–տեսակ գործեր կատարելու համար»:

Պատասխան: Աստվածաշնչում եբրայերեն «րուահ» բառը, հունարենում «πνεῦμα -պնևմա» բառը գործածվում են մի քանի իմաստով՝ 1. Սուրբ Հոգի. «Հոգի Աստուծոյ (πνεῦμα Θεοῦ) շրջէր ի վերայ ջուրց» (Ծննդ. 1:1), 2. մարդկային հոգի. «Իսկ Մարիամն ասաց. «Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը, և իմ հոգին (πνεῦμά μου) ցնծաց իմ Փրկիչ Աստծով» (Ղուկ. 1:46-47), 3. չար ոգի. «Սակայն չար ոգին (πνεῦμα τὸ πονηρὸν) պատասխանեց ու նրանց ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ո՞վ եք» (Գործք. 19:15):

Սուրբ Հոգին սոսկ ուժ չէ, ինչպես ասում են Եհովայի վկաները, որովհետև՝ 1. Սուրբ Հոգին շրջեց ջրերի վրա. «Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1:1), 2. Սուրբ Հոգին ուժ տվեց աշակերտներին. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1:8) (Էջմիածին թարգմանություն), 3. Սուրբ Հոգին խոսեց և հրամայեց աշակերտներին. «Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց» (Գործք 13:2), 4. Սուրբ Հոգին ուղարկեց Բառնաբասին և Սողոսին. «Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան Սելևկիա ու այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս» (Գործք 13:4), 5. Սուրբ Հոգին օծեց Քրիստոսին. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն» (Ես. 61:1), 6. Սուրբ Հոգին իջավ աղավնու տեսքով. «Եւ իջանել Հոգւոյն Սրբոյ մարմնաւոր տեսլեամբ իբրեւ զաղաւնի ի վերայ նորա (Քրիստոսին). եւ գալ ձայն յերկնից (Հոր Աստծուց) որ ասէր, «Դու ես Որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ» (Ղուկ. 3:22) (Գրաբար թարգմանություն), 7. Սուրբ Հոգին տարավ Քրիստոսին անապատ. «Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու» (Մատթ. 4:1), 8. Սուրբ Հոգին ուսուցանեց աշակերներին. «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26), 9. Սուրբ Հոգին առաջնորդեց աշակետներին. «Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. 16:13), 10. Սուրբ Հոգին մխիթարում էր. (Հովն. 14:26), 11. Սուրբ Հոգին հիշեցնում էր (Հովն. 14:26), և տակավին կան աստվածաշնչական բազմաթիվ համարներ, որոնք փաստում են, որ Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երրորդ Անձն է: Ինչպե՞ս կարելի է, որ Եհովայի վկաները Սուրբ Հոգին համարեն որպես «սոսկ ուժ», մինչ մկրտությունը պետք է կատարվի Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով. «Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19):

Եհովայի վկաների 9-րդ սխալը: Եհովայի վկաները հավատում են՝ ասելով. «Միայն 144 000 հոգուց բաղկացած «փոքրիկ հոտն» է գնում երկինք, և մեջբերում են իրենց «Նոր աշխարհ» թարգմանությունից. «Ես տեսա, ահա Գառը կանգնած էր Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը» (Հայտն. 14։1, 3):

Պատասխան: 144.000 թիվը խորհրդանշական է և ոչ կոնկրետ, որովհետև Հովհաննես  ավետարանիչը խոսոմ է երկնքում հավատացյալների հոծ բազմության մասին՝  ասելով. «Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ» (Հայտն. 7:9):

144.000  թիվը խորհրդանշական է: 12 x 12 x 1000 = 12 (Հին կտակարանի հավատացյալները) x 12 (Նոր կտակարանի հավատացյալները) x 1000 (որոնք ապրում են երկնքում):

Լավ կլինի, որ «Եհովայի վկաները» կոչվեն «Սատանայի վկաներ», որովհետև իրենց ուսուցումներում գոյություն ունի աստվածասպանություն, հայրենասպանություն, ազգասպանություն և մարդասպանություն:

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

07.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․