Երանի սրտով մաքուրներին

Ավետարանում կարդում ենք. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե սրտով մաքուր լինելն ինչքան կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում, որովհետև մաքուր սիրտ ունեցող անձն է կարողանում տեսնել Աստծուն: Մյուս կողմից Աստվածաշունչը մատնանշում է, որ Աստված մարդու էությունը գնահատելու և արժևորելու համար նայում է ոչ թե նրա արտաքին երևույթներին, զարդարանքներին ու կարողություններին, այլ նրա սրտին (Ա Թագ. 16.7): Սա նշանակում է, որ Աստված մեծ նշանակություն է տալիս մարդու սրտին, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե մեր սիրտն ինչպիսի խորհուրդներով ու հոգևոր գանձերով է լցված: Հետևաբար, հոգևոր կյանքի ընթացքում անհրաժեշտ է Աստծո լույսի միջոցով մաքրագործել մեր միտքը, կամքը և սիրտը: Միտքը մաքրում ենք, որպեսզի կարողանանք այն մաքրել մտածումների սարդոստայնից և ազդեցություններից, քանի որ մտածումներից են սկսվում մեղքերը: Կամքը մաքրում ենք, որպեսզի նրա մեջ դրոշմվեն առաքինությունները: Բայց ամենից գլխավորը սրտի մաքրագործումն է, որովհետև այդտեղ է կենտրոնացված հոգևոր կյանքը: Մարդու սրտի դաստիարակության նպատակը համարվում է նրա մաքրությունը,  քանի որ սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն: Սբ. Աթանաս Մեծը գրում է, որ մաքուր սիրտ ունեցողն իր էության մեջ կտեսնի Աստծո պատկերը: Հոգու այդպիսի մաքրությունը նման է հայելու, որի մեջ արտացոլվում է Աստծո պատկերը: Իսկ սրտի անմաքրությունը նման է փշերի, որոնք վնասում են սիրտը և հանգիստ չեն տալիս մարդուն՝ նրա հոգում մռայլություն և գորշություն բերելով: Ադամ և Եվայի անկումից հետո բոլոր մարդիկ հայտնվեցին այդ վիճակի մեջ: Եվ այդ մեղավոր վիճակն այնպիսի դժվարին կացություն է ստեղծել մարդու համար, որ մարդիկ մեծ դժվարությամբ են կարողանում ազատագրվել մեղավոր կրքերից, որոնք բույն են դրել սրտում: Եվ սրտի անմաքրությունը մեղքի մշուշով պատում է մարդու միտքն ու խիղճը: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկ 7.21-23):  Սրտի մաքրության համար անհրաժեշտ են մեծ հոգևոր ջանքեր և աշխատանք, որոնք մարդուն տանում են սրբության ճանապարհով՝ հիմնված հավատի, հույսի և սիրո հիմնասյուների վրա:  Այս առումով Առակաց գրքում կարդում ենք. «Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար» (Առակ. 4.22-23): Սիմեոն Նոր Աստվածաբանը նշում է, որ մաքուր սիրտը այն սիրտն է, որը չի ենթարկվում մտքերի ազդեցությանը: Մաքուր սիրտը ազատ է կրքերից: Սուրբ Իսահակ Ասորին մատնանշում է, որ մաքուր սիրտը կրքերի գերիշխանության ներքո չէ: Մաքուր սրտում է արտահայտվում երկնքի արքայության ծաղկունքը և զորությունը: Այդպիսի սրտում են ծաղկում առաքինությունները, ինչպես գարնան անուշաբույր ծաղիկները` իբրև մեկ ամբողջականություն և միասնություն` երփներանգ առաքինությունների գեղեցկությունն արտահայտելով: Օգոստինոս Երանելին նշում է, թե սա է սիրո սահմանումը, երբ այդպիսով հասնում ես կատարելության, այլ ոչ թե ինքնաոչնչացման: Երբ Աստծո շնորհը բնակվում է սրտում, այդժամ այն թագավորում է մարդու բոլոր անդամներում և մտքերում: Սիրտը տիրապետում է հոգու բոլոր ձգտումներին ու մտածումներին: Արդ, մաքուր սիրտը հոգևոր կյանքի կատարելության գագաթն է: Եվ հնարավոր չէ հասնել այդ բարձունքին, քանի դեռ չենք մաքրագործել մեր միտքն ու կամքը: Ահա, թե ինչու սուրբ հոգևոր հայրերն առաջարկում են հոգևոր ուղու կատարելության ուղին սկսել մտքերի վերահսկողության կարողությունը տիրապետելու արվեստից, այնուհետև դաստիարակել կամքը` մոտենալով սրտի մաքրագործմանը: Սրտի մաքրության տարբեր աստիճաններ և փուլեր գոյություն ունեն: Բայց հոգևոր մարդու համար կարևոր է զգայարանների և դրանց ազդեցության վերահսկումը: Մարդկային զգայարանները` տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, շոշափելիքը, համի զգացողությունը համարվում են այն կապուղիները, որոնք  արտաքին աշխարհը կապում են մեր սրտին: Եթե դրանք աղտոտված են, խամրած, այդժամ մարդու սիրտը չի կարողանում ընկալել բարի գործառույթները, իսկ վատ ազդեցություններն ավելի են խամրեցնում մարդկային զգայարանները: Նշենք, որ այն մարդիկ, որոնց զգայարանները Աստծո լույսով են ողողված, կարող են տարբերակել իրենց մտքերը դեպի բանական դաշտ եկող օտար, չարի կողմից քողարկված մտքերից: Այնուամենայնիվ, այդպիսի բարձրագույն աստիճանի միանգամից հնարավոր չէ հասնել, այլ աստիճանաբար՝ մաքրագործելով միտքն ու կամքը, ազդելով զգայարանների վրա՝ ուշադիր լինելով նույնիսկ յուրաքանչյուր մանրուքի դեպքում: Դրա համար հոգևոր կյանքի համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ներքին կյանքին: Սիմեոն Նոր Աստվածաբանը խոսելով կրքերի մասին նշում է, որ մարդը կարող է հաղթահարել կրքերը, բայց ինքնուրույն չի կարող արմատախիլ անել դրանք: Հաղթահարելով կրքերը՝ մարդը կարողանում է ձեռնպահ մնալ չարիք գործելուց, բայց ոչ չարի մասին մտածելուց: Իսկ բարեպաշտությունը ոչ միայն բարին գործելն է, այլև չարիքի մասին չմտածելը: Մաքուր սիրտ ունենալը նշանակում է ոչ միայն տագնապած չլինել որևէ կրքից, այլ, նույնիսկ, ցանկության դեպքում, չմտածել ոչ մի չար կամ կենցաղային բանի մասին և սրտում անկասելի սեր ունենալ Աստծու նկատմամբ, քանի որ մաքուր լույսի մեջ աչքը մաքուր կերպով տեսնում է Աստծուն, երբ ուրիշ ոչինչ չի խոչընդոտում հայեցողությանը:  Նիկոդեմոս Աթոսացին նշում է, որ թշնամիների դեմ հարկավոր է պայքարել, և չար կրքերն ու ցանկությունները պետք է հաղթահարել հետևյալ կերպ. «Ուշադրությամբ մուտք գործիր սիրտդ և մանրակրկիտ ուսումնասիրիր, թե այն ինչ հակումներով և ցանկություններով է հատկապես զբաղված, ինչ կիրք է առավել չափով իշխում և բռնանում նրա վրա: Այնուհետև, հենց այդ կրքի վրա բարձրացրու զենքդ և աշխատիր այն հաղթահարել: Այդ բանի վրա կենտրոնացրու ողջ ուշադրությունդ և հոգսդ, մեկ բացառությամբ, որ եթե այդ ընթացքում պատահաբար գլուխ բարձրացնի այլ կիրք, ապա իսկույն զբաղվիր դրանով, վռնդիր և ապա կրկին զենքդ դարձրու գլխավոր կրքիդ դեմ, որն անդադար դրսևորում է իր ներկայությունն ու իշխանությունը»: Քանզի, ինչպես ցանկացած պայքարում, այդպես և մեր անտեսանելի պայքարում, պետք է պայքար մղել այն բանի դեմ, ինչն իսկապես հարձակվում է տվյալ պահին: Սրտի մաքրության բարձրագույն աստիճանը անկրքությունն է: Սուրբ Իսահակ Ասորին նշում է, որ անկրքությունը ոչ թե այն է, որ մարդը կրքեր չզգա, այլ այն, որ կրքեր չընդունի իր մեջ: Սրբերի կողմից ձեռք բերված բազմաթիվ ու տարբեր, բացահայտ ու թաքուն առաքինությունների շնորհիվ կրքերը ուժասպառ են եղել նրանց մեջ և հեշտությամբ չեն կարողացել ապստամբել հոգու դեմ: Եվ միտքն էլ կարիք չունի նրանց նկատմամբ անդադար ուշադիր լինելու, որովհետև միշտ լցված է լավագույն պատկերների շուրջը մտածելով և նրանց հետ զրուցելով, որոնք գիտակցաբար հարուցվում են բանականության մեջ: Եվ հենց կրքերը գլուխ են բարձրացնում, միտքը հանկարծակի հեռու է փախչում նրանցից՝ գիտակցության մեջ ծագած ինչ-որ մի իմացությամբ, և կրքերը, ինչպես երանելի Մարկոսն է ասում, նրանում, կարծես, անգործության են մատնվում: Ուստի, անկրքության այս վիճակը խաղաղություն է հաստատում մարդու սրտում և այդ պարզության և պայծառության մեջ անձը կարողանում է տեսնել աստվածայինը, հոգեղենը, ինչպես սաղմոսերգու Դավիթն է ասում. «Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում. նա, ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ով հանձն չի առել ունայնություն ու նենգությամբ չի երդվել իր ընկերոջը» (Սաղմ. 23.4-5): Իսկ հիսուներորդ սաղմոսում կարդում ենք. «Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմ. 50.12): Արդ, մաքուր սիրտ ունենալու խնդրանքն առ Աստված պիտի լինի յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի ձգտման կարևորագույն ճանապարհը:

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

16.06.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․