26 Դեկտեմբեր, Եշ
- Սերն ո՞ւր է հեռանում,- հարցրեց փոքրիկ Երջանկությունն իր հորը:
- Այն մահանում է,- պատասխանեց հայրը,- մարդիկ չեն պահպանում այն, ինչ ունեն, որդի՛ս: Ուղղակի չգիտեն սիրել:
Փոքրիկ Երջանկությունը մտածմունքի մեջ ընկավ.
- Այ կմեծանամ ու մարդկանց կօգնեմ:
Տարիներ անցան, Երջանկությունը մեծացավ ու մեծ դարձավ: Նա հիշում էր իր խոստման մասին և որքան կարող էր, փորձում էր օգնել մարդկանց, բայց նրանք չէին լսում նրան: Եվ աստիճանաբար Երջանկությունը սկսեց փոքրանալ ու թոշնել: Շատ վախեցավ, որ կարող է ամենևին անհետանալ և ճամփա ընկավ հեռավոր վայրեր, որպեսզի մի դարման գտնի իր համար:
Շատ էր գնացել, թե քիչ, բայց վիճակն արդեն շատ էր վատացել և նա կանգ առավ մի տեղ՝ հանգստանալու: Մի սաղարթախիտ ծառի տակ պառկեց ու հազիվ էր հասցրել աչքերը փակել, երբ մոտեցող քայլերի ձայն լսեց: Բաց արեց աչքերն ու ցնցոտիներ հագած մի զառամյալ պառավի տեսավ՝ ոտաբոբիկ ու ձեռնափայտով: Երջանկությունը նրա մոտ ցատկեց ու ասաց.
- Նստե՛ք խնդրեմ: Երևի շատ եք հոգնել: Ձեզ հանգստանալ և ուժերը վերականգնել է պետք:
Պառավ կինը դողդոջուն քայլերով մոտեցավ ծառի ստվերին ու դժվարությամբ նստեց: Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.
- Ցավալի է, որ քեզ զառամյալ են համարում, իսկ ես դեռ այնքան երիտասարդ եմ և անունս էլ Սեր է:
- Ուրեմն այդ Դո՞ւք ես Սերը,- ապշեց Երջանկությունը,- իսկ ասում էին, որ սերն աշխարհի ամենասքանչելի բանն է:
Սերն ուշադրությամբ նրան նայեց և հարցրեց.
- Իսկ քո անունն ի՞նչ է:
- Երջանկություն:
- Իսկապե՞ս: Ինձ էլ ասում էին, որ Երջանկությունը պետք է, որ հիասքանչ լինի,- այս ասելով գրպանից մի հայելի հանեց ու Երջանկությանը պարզեց: Երջանկությունն իր արտացոլանքին նայելով՝ բարձրաձայն լաց եղավ: Սերը մոտ գնաց նրան ու քնքշորեն գրկեց ուսը:
- Չար մարդիկ ու կյանքն այս ի՞նչ են արել մեզ,- հեծկլտում էր Երջանկությունը:
- Ոչինչ,- ասաց Սերը,- եթե մենք միասին լինենք և հոգ տանենք միմյանց մասին, ապա արագորեն կրկին կերիտասարդանանք ու հրաշալի տեսք կունենանք:
Այսպիսով, այդ սաղարթախիտ ծառի տակ էլ Սերն ու Երջանկությունը դաշինք կնքեցին այն մասին, որ երբեք չեն բաժանվի: Այդ օրվանից, եթե ինչ-որ մեկի կյանքից Սերը հեռանում է, ապա Երջանկությունն էլ է հեռանում, որովհետև նրանք առանձին չեն լինում: Իսկ մարդիկ մինչև հիմա դա չեն հասկանում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի