22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

«Եթե միայն մեր անձերի համար աղոթենք, անձնասեր և անողորմ կլինենք»

Ամեն տարի Մեծ պահքի ժամանակաշրջանում Տերը աղոթքի, խոկման, ինքնաքննության, զղջման և բարեգործության հնարավորություն է տալիս բոլորին: Տերը կոչում է բոլորին ապաշխարության, որ աստվածային մեծ պարգև է, և այս կոչին արձագանքողները ջանում են այդ պարգևին արժանի պտուղներ տալ: Ապաշխարության ոգուն համապատասխան պտուղներից է միմյանց համար աղոթելը: Կան խնդիրներ, որ մարդը միայնակ չի կարող լուծել, պարզապես բավարար չեն ուժերը և օգնության անհրաժեշտություն կա: Աստվածային պարգև է, երբ մարդն իր կողքին ունի մտերիմ մարդիկ, որ լսում, հասկանում ու աջակցում են իրեն և որոնց հետ հնարավոր է կիսել վիշտն ու ուրախությունը: Իսկ առավել մեծ արժեք ունի, երբ Քրիստոսի հետևորդները, հանուն մերձավորի, հանուն հայրենակիցների, միավորվում են աղոթքի շուրջը: Ցանկացած գործ ավելի հաջող և արդյունավետ է ընթանում, երբ միասնական է արվում: Իսկ երբ որևէ խնդրանքի շուրջը միասնական աղոթք է արվում, աղոթքի ուժը աճում է և մեծանում:

Փետրվարի 26-ին՝ Մեծ պահքի երկրորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, հանուն Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության, գերեվարված ու անհայտ կորած զինվորների վերադարձի, ուխտի մեկնեց Հաղարծնի վանական համալիր: Մինչ ճանապարհ ընկնելը ուխտավորները, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ,  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին: Հասնելով սրբավայր՝ ուխտավորները մասնակից եղան Սուրբ Պատարագին, որի ավարտին հոգևոր զրույց ունեցան Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի հետ: Ուխտավորներն իրենց աղոթքի ուղին եզրափակեցին սիրո ճաշով և հոգեպես նորոգված ու զորացած վերադարձան Երևան:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ընդհանրական և միասնական աղոթքի օրինակ ցույց տվեց՝ աղոթելով ոչ միայն մենության մեջ, այլև ժողովրդի առջև (Հովհ. 11:41), Իր աշակերտների մեջ (Հովհ. 17): Վերջին Զատիկը Նա նշեց Երուսաղեմում, ուր եկել էր մասնակցելու ընդհանրական աղոթքին (Հովհ. 12:27-28), ինչպես որ հարկն էր:

«Եթե միայն մեր անձերի համար խնդրենք, անձնասեր և անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաև այլոց համար աղոթել: Առաջին հերթին պետք է խնդրել թագավորների և աստվածասեր իշխանների համար: Որպեսզի խաղաղությամբ կատարենք մեր աստվածպաշտությունը: Պետք է աղոթել նաև հոգևոր առաջնորդների համար: Պետք է հայցել նաև խաղաղություն և միաբանություն՝ համայն աշխարհի և եկեղեցու համար, օդի բարեխառնության, անձրևի ու բերքի առատության, ինչպես նաև պատուհասների և մարդկանց միջից ամեն տեսակ խռովությունների վերացման համար» (Ս. Գրիգոր Տաթևացի):

 

Կարինե Սուգիկյան

 

28.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․