29 Դեկտեմբեր, Հիսնակի Զ Կիրակի
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով աշխարհը համակվեց փրկության հույսով. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): Փրկչին ընդունողները, Նրա խոստման համաձայն, Աստծու որդիները կոչվելու պատվի արժանացան. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով» (Հովհ. 1:12-13): Փրկիչն Իր փրկարար մահով և հարությամբ տեսանելի հաղթանակ ունեցավ մեղքի, չարի և մահվան դեմ: Խաչի մահվամբ և հարությամբ Նա Իր հետևորդների համար բաց արեց փրկության ուղին, որ առաջնորդում է դեպի հավիտենական երանելի կյանք. «Քանզի աշխարհն իր իմաստությամբ չկարողացավ ճանաչել Աստծուն և Նրա իմաստությունը, ուստի Աստված ուզեց հիմարություն համարված խաչի քարոզչությամբ փրկել նրանց, ովքեր հավատում են» (Ա Կորնթ. 1:21):
Քրիստոնեական հույսն ուղղված է դեպի անտեսանելին, քանի որ տեսանելին մշտապես փոփոխվում է. «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական» (Բ Կորնթ. 4:18): Փրկության հույսն իր մեջ ներառում է ապագայի սպասում, վստահություն այդ ամենի հանդեպ և սպասման մեջ համբերատարություն: Այս մասին Պողոս առաքյալը գրել է. «Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան» (Հռոմ. 8:24):
Համաձայն Ս. Գրքի՝ քրիստոնյայի հույսը Աստված է, գլխավոր նպատակը Նրա Արքայության և Նրա ճշմարտության ձեռքբերումը (Մատթ. 6:33): Տիրոջ կողմից խոստացված Երկնային Արքայությունը հնարավոր է ձեռք բերել նախ և առաջ Արքայությունը սրտում ունենալով (Ղուկ. 17:21), որ հնարավոր է Աստծու օգնությամբ: Արքայությունը ձեռք բերելու ուղին նախ սիրո ուղին է, քանի որ սիրո միջոցով մարդիկ միավորվում են Աստծուն. «Եթե մենք սիրենք միմյանց, նշանակում է Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, և Աստված միացած է մնում մեզ» (Ա Հովհ. 4:12): Եթե մարդը միայն այս կյանքի համար է հույս դրել Աստծու վրա, ապա նա մարդկանց մեջ ամենադժբախտն է:
Հույսից ծնվող հոգևոր ուրախության մասին Քրիստոս ասել է. «Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում» (Մատթ. 5:12): Ուրախությամբ լեցուն հույսը օգնում է քրիստոնյաներին համբերությամբ կրել փորձությունները. «Պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով Աստծու սերը տեղ է գտել մեր սրտերում» (Հռոն. 5:3-6): Քրիստոնյաները, կազմելով Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, լրացնում են մեկը մյուսին և այդ միությամբ ամրացնում փրկության հանդեպ ունեցած իրենց հույսը:
Սիրող մայրը մխիթարում է իր լաց լինող զավակին և ասում՝ մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ: Այդպես և առավել է մխիթարում, օգնում ու պաշտպանում Երկնավոր Հայրը, որ դիմելով դժվարության և փորձության մեջ գտնվող Իր հավատավոր զավակներին՝ ասում է՝ մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ. «Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա»,- ասում է Տերը (Եսայի 49:15), «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և կոչեցի քեզ քո անունով, թե Իմն ես: Եթե ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կլինեմ և գետերը քեզ չեն խեղդի, եթե կրակի միջով անցնես՝ չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի, քանզի Ես եմ քո Տեր Աստվածը՝ Իսրայելի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ» (Եսայի 43:2-3): Այդպես Աստված պահպանեց Իրեն հավատարիմ Նոյին և փրկեց համաշխարհային ջրհեղեղից, պահպանեց Իրեն հավատարիմ Ղովտին և փրկեց սոդոմացիներին ուղղված պատժից, Իր ծառաների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ էր և պահպանեց նրանց ճամփորդությունների ժամանակ, Հովսեփի հետ էր փորձությունների ժամանակ, պահպանեց ու փառավորեց նրան: Աստված Իսրայելի ժողովրդի հետ էր Եգիպտոսում, այդ պատճառով Մովսեսին ասաց. «Ես ականատես եղա Եգիպտոսում գտնվող Իմ ժողովրդի կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացած աղաղակը, տեղյակ եմ նրանց վշտերին: Ես իջա, որ նրանց փրկեմ եգիպտացիներին ձեռքից» (Ելք 3:7-8), նրանց հետ էր, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից և հրաշքով անցան Կարմիր ծովը, նրանց հետ էր, երբ անապատում էին, երբ խոստացված երկրում էին: Իր կողմից օծված թագավորի՝ Դավթի հետ էր, տարբեր փորձությունների և հալածանքների ժամանակ: Հովնան մարգարեի հետ էր, երբ նրան կետ ձուկը կուլ տվեց, Դանիելի և իր երեք ընկերների հետ էր, երբ նրանց նետեցին կրակե հնոցը, Դանիելի հետ էր, երբ առյուծների գուբը նետվեց, առաքյալների, ճգնավորների հետ էր դաժան չարչարանքների ժամանակ: Եղել է և կլինի Իրեն հավատարիմ զավակների հետ մինչև աշխարհի վախճանը՝ Իր խոստման համաձայն. «Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):
Կազմեց Կարինե Սուգիկյանը