Գրքեր

Գիւտ Նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ

«...սակայն իմացան ի փառաց լուսոյն, թե մեծ ծառայ Աստուծոյ է»,

«...սակայն փառքի լույսից իմացան, որ Աստծո մեծ ծառա է»:

 

Սիրելի ուխտավոր հավատացյալներ, կրկին տոն է այսօր, այս անգամ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է:

Հովիվները Սեպուհ լեռան վրա շրջելու ժամանակ մի քարանձավի մեջ տեսան մի ծերունի` կռթնած յուր գավազանի վրա, բազուկները տարածած և կանգուն մնացած անշունչ: Ո՞վ էր այդ ծերունին, նրանք չգիտեին. «սակայն իմացան ի փառաց լուսոյն, թե մեծ ծառայ Աստուծոյ է», քարեր կիտեցին նրա վրա և թողին հեռացան:

Հայոց մեծ հովվի` Ս. Գրիգոր Լուսավորչի մարմինն էր, որ ծածկվեց այդ նորանշան շիրիմի տակ` Սեպուհ լեռան միամիտ հովիվների ձեռքով:

Ինչո՞ւ այդպիսի անհայտության մեջ տեղի ունեցավ ազգիս լուսավորության նահապետի երջանիկ փոխումը: Մի՞թե մարդատյացությունն առաջնորդեց նրան մինչև Սեպուհ լեռան ճգնարանը, ով մարդասիրաբար բազմապատիկ տանջանքների և տարօրինակ բանտարգելության դառնությունները կրեց` մի ամբողջ ազգ փրկելու համար, և կամ մի՞թե մարդկային ապերախտությունը վանեց, մղեց նրան բազմամարդ շրջաններից դեպի անմարդաբնակ այրերը, ուր հրեշտակակրոն ծերունին, ի վերջո, «փոխի մահվամբ ի կարգս հրեշտակաց»: Պատմությունը գրեթե լռում է այս հարցերին արժանավոր պատասխան տալու:

Պատմում են, թե Տարոնի Անտոն և Կրոնիդես ճգնավորները Գրիգոր Լուսավորչին խորհուրդ տվին այլևս աշխարհին չերևալ. «Ծածկեա՛ զքեզ, յառաւել փառացդ մոտ ի ծերութիւնդ, որպէս զմեծն Մովսես, զի մի՛ պաշտեսցեն զոսկերս քո նորադարձ ժողովուրդդ, եւ կամ գայթակղեսցին ի մեռանելն քո՛ տկարամիտ կարծեօք»:

Նիկիո Ա Տիեզերաժողովից Ս. Արիստակեսի բերած հավատո հանգանակն ընդունելուց հետո, հետևելով հիշյալ խորհրդին, Ս. Գրիգոր Լուսավորիչն առանձնացավ Սեպուհ սարի վրա և «ոչ եւս երեւեցաւ յայտնեալ ումեք»:

Այդ ճգնության ժամանակ, ինչպես ավանդությունն ասում է, Ս. Գրիգոր Լուսավորիչը կամեցավ ծնկաչոք գնալ Երուսաղեմ` սուրբ տեղերին երկրպագություն տալու: Ծկների վրա գնալով, իջավ նա Սեպուհի գագաթից մինչև ստորոտն, ուր մի ձորակում նրա առջև ելան երկու սերովբե և հայտնեցին Քրիստոսի պատգամը, որ ասում էր. «Պատկառում եմ քո անտանելի ճգնությունից, ոտքի կանգնիր, և դեպի լեռը բարձրացիր, և այնտեղ կվախճանվես և առժամանակ ոչ ոք չի իմանա քո մահը, որպեսզի քեզ չպաշտեն»:

Այս ավանդություններից ահա երևում է, որ Ս. Գրիգոր Լուսավորչի առանձնանալուն և անծանոթ մահով վախճանվելուն պատճառ է եղել մի վերին ցուցում, որպեսզի Քրիստոսի նորահավատ ժողովուրդը չշփոթի սրբոց մեծարանքը Ս. Գրքի ոգով հաստատված աստվածային պաշտամունքի հետ:

Այսպիսի փառաց պսակ հյուսելով ազգիս լուսավորության քրտնավաստակ աշխատավորի ճակատին, մեր նախնիք երկնային, հրեշտակական և աստվածամերձ հատկություն վերագրեցին նրան, և այսպիսով անստուգության թանձր քողի տակ ծածկված մնաց Ս. Գրիգոր Լուսավորչի մահվան և թաղման հանգամանքն ավանդության մեջ:

Չենք կարող, սակայն, հավաստի չհամարել Փավստոս Բյուզանդի այն ցուցումը, որ հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփվեց Թորդան ավանում, որ Դարանաղյաց գավառի մեջ էր` Սեպուհ լեռան ստորոտում:

Թե երբ և ինչպես հայտնվեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները, ճշգրիտ տեղեկություններ չունենք: Գիտենք միայն, որ նրանք իրենց վերջին օթևանում չեն մնացել. երախտագետ սերունդը հանել ցրել է նրա մասունքներն իբրև սրբություններ և մատուցել է արժանի հարգանքը:

Աստված ամենակարող սրբոց մասունքների հրաշագործության օրինակը դեռ Հին Կտակարանից հաստատեց, ինչպես կարդում ենք Ս. Գրքում, որ երբ Եղիսե մարգարեի ոսկորների վրա բերին թաղեցին մի մեռյալի, որի մարմինը, երբ նրա ոսկորներին մերձեցավ` մեռյալն իսկույն կենդանացավ. «Եւ կանգնեցաւ ի վերայ ոտից իւրոց» (Դ Թագ. ԺԳ 21):

Եթե Ս. Գիրքը ողջամիտ կարդանք, Ս. Հոգին կառաջնորդի և կուսուցանի մեզ, որ սրբոց մասունքներին հավատքով ջերմեռանդություն նվիրելը ավելորդապաշտություն չէ, այլ Աստվածահաճո բարեպաշտություն և Աստված այդ սրբերի մասունքների միջնորդությամբ Իր սքանչելի զորությունն է ուսուցանում նրանց հուսալիր ջերմեռանդություն նվիրողներին:

Ուստի ողջամիտ հավատքով ջերմեռանդությամբ հարգություն, պաշտոն և երկրպագություն մատուցելը սրբոց նշխարների առջև` Աստծո սքանչելագործ մեծությանն են վերաբերում:

Սիրելիներ, այս ամենի կողքին, սակայն, Հայ Եկեղեցում, Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները յուրահատուկ տեղ են գրավում, մասնավորաբար Ս. Աջը, որ Ամենայն Հայոց Կոթողիկոսության խորհրդանիշն է: Պատմությունից հայտնի է, որ Ե դարից սկսած մինչև մեր ժամանակները մեծարանքի և երախտագիտության ջերմ արտահայտություններն հայերիս մեջ անպակաս են եղել` ցույց տալու համար իրենց սերն ու հավատարմությունը առ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Դարեր շարունակ այդ զգացմունքը վառ է եղել հայերիս սրտերում, և այս իսկապես այն պատճառով, որ հայոց հոգևոր պատմական կյանքի մեջ չկա այնքան նշանավոր և այնքան հանրամատչելի սրբություն` շոշափելի կերպով բոլորի սրտերն իրար միացնող` ինչպես Ս. Գրիգոր Լուսավորչի անունն ու անձը: Այդ անունը շատ որոշ կերպով զարգացրել և զարգացնում է մեր մեջ ազգային կրոնական գիտակցություն: Այդ անունը միշտ միացուցիչ ազդեցություն է ունեցել հայերիս մեջ, որովհետև Ս. Գրիգոր Լուսավորիչն իր հոգևոր ազդեցությամբ իշխում է քրիստոնյա հայոց պատմության բոլոր դարերի վրա:

Ուստի, սիրելիներ, եկեք այնպես ապրենք մեր քրիտոնյա կյանքը, որ այս դարը մեր կենցաղակերպի պատճառով բացառություն չլինի հայոց պատմության մեջ: Ու փառք Աստծո, որ կարողացանք Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Ս. Գրիգոր Լուսավորչի այս մասունքը բերել, որպեսզի շատերը կարողանան հաղորդ լինել նրա անսպառ սրբությանը:

Ուրեմն միասնաբար աղոթենք և հայցենք մեծ սրբի բարեխոսությունը մեր ազգի և եկեղեցու համար, մեր նմանի և ընկերոջ համար և նաև խնդրենք, որ այս մուսունքի բերելու երևույթն այլևս ավանդություն դառնա Ս. Խոր Վիրապ վանքի համար:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. Ամէն:     

 

 

Տեր Նարեկ վարդապետ Ավագյան

(Քարոզը խոսվել է Սուրբ Խոր Վիրապ Վանքում, 07 հունիսի, 2008թ.)

 

01.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․