«Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ» | Hachakh Aghoteceq Aghotqi Mej Artun Mnalov Gohutyamb



Գրքեր

«Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ»

Մարդու կյանքում վերազարթոնք պարգևող կարևորագույն իրողություններից է աղոթքը: Ճիշտ մոտեցմամբ իրագործված աղոթքը վերականգնում, ուժ և զորություն է հաղորդում անհատին: Ավետարանում Հիսուսը հորդորում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղոթքի վրա՝ այն դիտարկելով անհատի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բաղկացուցիչներից մեկը: Ինչպես ցամաքած ու թոշնած ծաղիկները, երբ ջուրը հեղվում է նրանց վրա, հառնում ու կրկին ծաղկում են, այդպես էլ մարդու հոգին է հառնում և ծաղկում, երբ աղոթքի ժամանակ աստվածային զորությունն է հեղվում: Այլ հարց է, երբ չի ստացվում աղոթքի ժամանակ գտնվել աստվածային այդ հաղորդակցության մեջ: Հիմնական պատճառն այն է, որ տվյալ անձը աղոթքին ճիշտ չի մոտենում: Բնականաբար դա հոգևոր հասունության և փորձառության պակասից է: Մենք պետք է նկատի առնենք, որ Աստված չի ակնկալում, որպեսզի Իր հետ հաղորդակցվելիս առաջին հերթին խոսենք կենցաղից և մասնավորապես եսասիրական նկրտումների ու ծրագրերի վերաբերյալ: Մենք մոռանում ենք, որ գործ ունենք Արարչի հետ, ով տիեզերքն է արարել և մարդուց սպասում է, որպեսզի մենք, ըստ էության, խոսենք երկնքի արքայությունից` որպես երկնաքաղաքացիներ և խոսենք հավերժությամբ դրոշմված խնդրանքներից, ինչպիսին են` սերը, հոգևոր ուրախությունը, խաղաղությունը, համբերությունը և այլն: Նա կամենում է, որպեսզի մենք Իրեն չընդունենք որպես մատակարար, այլ ընդունենք իբրև Բարեկամ ու Անձ, ում հետ հաղորդակցության մեջ լինելիս բխում են ներդաշնակություն, աստվածային սեր և լույս: Այսպիսի աղոթքն է բերում ներքին խաղաղություն և զորացնում մարդուն: Հակառակ դեպքում, երբ աղոթքը ձախողվում է, մարդիկ նշում են, որ առանձնակի ձգտում էլ չկա հաճախ աղոթելու և այն կարևորելու: Սովորաբար այդ նրանից է, որ անհատի հոգու ներսում աղոթքի ժամանակ հաստատվում են ոչ թե խաղաղություն և ներդաշնակ փոխհարաբերություն Աստծո հետ, այլ սպասված ակնկալիքների և ցանկությունների չիրականացման կամ ձգձգման ինչ-ինչ պատճառներով առաջանում են բախում և լարվածություն: Սակայն աղոթքը ծառայում է նրա համար, որ վերացնի մարդու ներսում գտնվող այդ բախումը, այսինքն` աղոթքի կանգնելիս անհատը պիտի հաշտության ու խաղաղության մեջ լինի Աստծո հետ, որպեսզի գործի կենսական աստվածային հաղորդակցությունը և զորացնի մարդուն: Նիկոդեմոս Աթոսացին նշում է, որ պետք է աղոթել մշտապես, ջանասիրաբար, ինչպես առաքյալն է պատվիրում. «Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ» (Կողոս. 4.2): Քանզի խոնարհ համբերությունը, անդադար աղոթելը և խնդրելը Աստծո գթասրտությունը հակում են դեպի աղոթողի կողմը: Արդ, ինչպես յուրաքանչյուր գործ պահանջում է աշխատանք, մասնավորապես քրտնաջան աշխատանք, այդպես էլ` աղոթքի դեպքում, կամային ու հարատև աղոթքն է բերում իր պտուղները: 
Սուրբ Իսահակ Ասորին աղոթքը համարում է շատ լայն հասկացություն, որն ընդգրկում է երևույթների մեծ շրջանակ: Հոգու խորքում Աստծո հետ տեղի ունեցող ցանկացած հոգացողություն, հոգևորի վերաբերյալ ամեն մի մտորում, ըստ Իսահակ Ասորու, իրագործվում է աղոթքով և անվանվում է աղոթք: Աղոթք են ընթերցանությունը, շրթներով Աստծո փառաբանությունը, Աստծո կարոտը, խոնարհումները և ծնրադրությունները, սաղմոսերգությունները և այլն: 
Չնայած աղոթքների բազմազանությանը, այնուամենայնիվ, դրանք որոշակի հիմքերով դասակարգվում, առանձնացվում են: Դասակարգման հիմք է համարվում Պողոս առաքյալի հորդորը. «Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար» (Ա Տիմոթ. 2.1): Այստեղից էլ առանձնացվում է աղոթքի չորս տեսակ՝ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն: Հարկ է նշել, որ աղոթքը կազմված է որոշակի տարրերից: Աղոթքի հիմնական տարրերն են, ինչպես վկայում է սբ Բարսեղ Մեծը, Աստծուն փառաբանելը, գոհությունը՝ մեզ բարիքներ պարգևելու համար, սեփական մեղքերի խոստովանությունը, այնուհետև անհրաժեշտը, հիմնականում հոգու փրկության համար անհրաժեշտը խնդրելը: Դա նշանակում է, որ աղոթողը, նախ, պետք է փառաբանի Աստծուն, հիշատակի Նրա աստվածային հիմնական հատկանիշները, պետք է խոսի իր անկատարության և մեղավորության, ճշմարիտ ճանապարհից շեղվելու մասին, ցուցաբերի իր խոնարհությունը, արտահայտի իր զղջումը՝ կատարած մեղքերի համար, ապա դիմելով Աստծուն և ապավինելով Նրա զորությանը՝ օգնություն խնդրի նրանից, հիմնականում հոգու փրկության հարցում: Նիկոդեմոս Աթոսացին ասում է, որ ոչ միայն խոսքով պետք է աղոթել, այլև մտքով, սրտով, և թող միտքը պարզ տեսնի և հասկանա, թե ինչ են արտահայտում խոսքերը, և թող սիրտը զգա, թե այդ ժամանակ ինչ է խորհում միտքը: Այս ամենի հանրագումարը հենց իսկական աղոթքն է, և եթե քո աղոթքում պակասում է սրանից ինչ-որ բան, ապա այն կամ անկատար աղոթք է, կամ էլ բոլորովին աղոթք չէ:
Սբ Հովհան Ոսկեբերանը գրում է. «Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստվա՞ծ լսի: Ես ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ՝ դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ տոկոսներ էր հաշվում, առևտրական շրջանառություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ: Աստծուն աղոթում է նա, ով իր հոգին կատարելապես կենտրոնացրել է և ոչ մի ընդհանուր բան չունի երկրի հետ, այլ վերաբնակվել է երկնքում և հոգուց արտաքսել մարդկային ցանկացած դիտավորություն: Աղոթողը պետք է աղոթի այնպես, որպեսզի հոգով կենտրոնանալով կանչի Աստծուն՝ չբազմապատկելով բառերը և համառոտելով աղոթքը, այլ քիչ և պարզ բառերով աղոթի, որովհետև ոչ թե բառերի շատությունից, այլ հոգու զգաստությունից է կախված աղոթքի տեղ հասնելը»: 
Սբ Իսահակ Ասորին նշում է. «Ինչպես Աստծո կողմից մարդկանց տրված օրենքների և պատվիրանների ողջ զորության սահմանը սրտի մաքրությունն է, այդպես և աղոթքի բոլոր տեսակների սահմանը, որով մարդիկ աղոթում են Աստծուն, մաքուր աղոթքն է: Քանզի և՛ հառաչանքների, և՛ ծնրադրությունների, և՛ ի սրտե խնդրանքների, և՛ քաղցրագույն աղաղակների, և՛ աղոթքի բոլոր տեսակների սահմանը, ինչպես ասացի, մաքուր աղոթքն է, և միայն մինչև այդ սահմանը հասնելու հնարավորություն ունեն աղոթքները: Իսկ հենց միտքը անցնի մաքուր աղոթքի սահմանը և մուտք գործի հոգևոր աղոթքի ոլորտը, այն չի կարող ունենալ ո՛չ աղաչանք, ո՛չ շարժում, ո՛չ արտասուք, ո՛չ իշխանություն, ո՛չ ազատություն, ո՛չ խնդրանք, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ այս կամ ապագա կյանքի բաղձալի որևէ բանով քաղցրանալու զգացում: Իսկ այդ սահմանից այն կողմ արդեն հափշտակությունն է և ոչ թե աղոթքը, որովհետև աղոթական ամեն բան դադարում է, սկսվում է մի հայեցողություն, և միտքը չի աղոթում»: Այսպիսով տեսնում ենք, որ սբ Իսահակ Ասորին խոսում է բարձրագույն աղոթքի աստիճանների մասին և դրանից վեր, ուր անձն անմիջական հաղորդակցության մեջ է Աստծո հետ և կանգնած է Նրա առջև, և այլևս խոսքեր կամ բառեր ասելու անհրաժեշտություն չի լինում, այլ աստվածային ներկայության մեջ ամեն ինչ հստակ և պարզ է լինում, որտեղ այլևս չկան ոչ ժամանակի զգացում, ոչ էլ աշխարհագրական սահմանափակվածություն, այլ անսահմանություն:


Հովհաննես սրկ. Մանուկյան

 

Աղբյուրը՝ www.irates.am

19.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․