21 Դեկտեմբեր, Շբ
Աբբա Դանիել Սկյութացին մանկությունից ի վեր բնակվում էր Սկյութիայում: Հարձակվեցին բարբարոսները և գերեցին նրան. և նրանց հետ գնալիս ոմն քրիստոսասեր նավապետ փրկեց նրան բարբարոսներից: Երկու տարի անց կրկին եկան և հետ տարան նրան: Վեց ամիս մնաց նրանց մոտ և փախավ, դրանից հետո երեք անգամ բարբարոսները հարձակվեցին և գերի տարան նրան: Գերեվարող բարբարոսներից մեկը նստած էր ջրի մոտ, և աբբա Դանիելը վերցրեց քարն ու հարվածեց այլազգուն, և նա մեռավ այդ հարվածից: Սաստիկ զղջաց աբբան և փախստական դարձավ. եկավ Ալեքսանդրիա, ընկավ Տիմոթեոս եպիսկոպոսի առաջ, իսկ արքեպիսկոպոսը, տեղեկանալով գործին, ասաց ծերին. «Ով ազատեց քեզ նրանց ձեռքից, նույն Ինքը կազատի քեզ այս մեղքից, քանզի մարդու սպանություն չգործեցիր, այլ՝ գազանի»: Ծերը նավով գնաց Հռոմ և անկեղծորեն ամենը պատմեց Հռոմի պապին: Պապն էլ նույն բանն ասաց, ինչ նա լսել էր Ալեքսանդրիայի արքեպիսկոպոսից: Գնաց նաև Կոստանդինուպոլիս, Երուսաղեմ և Անտիոք. ամենքին պատմեց, և բոլոր արքեպիսկոպոսներից նույն պատասխանը լսեց: Դարձյալ գնաց Ալեքսանդրիա և ինքն իրեն ասաց. «Դանիել մարդասպաանը թող սպանվի»: Եվ գնալով դատավորի ապարանքը` հանձնեց իրեն դահիճներին` ասելով. «Մաղձեցի մեկի դեմ և չարով բռնված` քարով խփեցի նրան և սպանեցի: Աղաչում եմ` հանձնե՛ք ինձ իշխանի ձեռքը, որպեսզի մեռնեմ այն սպանության փոխարեն, որ գործեցի, որպեսզի վերանա իմ հանդերձյալ դատապարտությունը»: Լսելով նրանից այս` դահիճը նրան երեսուն օր բանտ գցեց, ապա տեղեկացրեց իշխանին: Իշխանը, նրան բերել տալով իր առաջ, քննեց ամբողջ գործը իրապես: Եվ զարմանալով ծերի ինքնադատաստանի վրա` արձակեց նրան և ասաց. «Գնա՛ և աղոթի՛ր ինձ համար, աբբա՛, որ նրանցից ուրիշ յոթին էլ ես սպանեմ»: Եվ ծերը նրան ասաց. «Հուսամ առ մարդասիրությունն Աստծո, որ ինձնից այլևս պատասխան չի պահանջվի այս սպանության համար` Նրա բարերարությամբ: Այսուհետև ինձ հանձնում եմ Քրիստոսի ձեռքը իմ կյանքի բոլոր օրերին` դատելու ինձ որևէ անդամալույծի ձեռքով, այն սպանության փոխարեն, որ գործեցի»: Եվ ծերը վերցրեց մի անդամալույծի և ծառայեց նրան, մինչև ավարտեց իր կյանքի օրերը: Ամենքը, որ Սկյութիայում էին, լսում էին, որ ծերն ունի մեկին, ում խնամարկում է. սակայն ոչ ոք չէր կարողանում տեսնել անդամալույծին` բացի ծերից: Օրերից մի օր, ըստ աստվածային տեսչության ծերը հնչեցրեց զանգակը, որպեսզի գա աշակերտը և պատասխան տա՝ պաշտամունքի հետ կապված: Բացեց գավիթի դուռը և իսկույն մոռացավ, որ հնչեցրել է զանգակը: Գրկեց անդամալույծին, հանեց արևի ջերմությանը և այդպես գրկին` շրջում էր, քանզի բազում վերքերից հյուծված էր: Քիչ անց եկավ աշակերտը և ետևում կանգնած` տեսավ նրա գործը. ծերն այնտեղից խյուս բերելով՝ կերակրում էր անդամալույծ եղբորը, քանի որ վերջինս ձեռք չուներ և չէր կարող իր կերակուրն ինքը վերցնել, քանզի շատ էր քայքայված, և ծերը նրա բերանն իր ձեռքով մաքրելով` դնում էր իր բերանը: Տեսնելով այս սքանչելի գործը` աշակերտը սաստիկ զարմանքով փառաբանում էր Աստծուն, որ ծերին այսպիսի համբերատարություն էր շնորհել, որով սպասավորում էր անդամալույծին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016