21 Դեկտեմբեր, Շբ
Մոտ երկու հազար տարի է անցել պատմական այն դրվագից, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը` Հուդա Իսարիովտացին, մատնեց իր Ուսուցչին: Այս մարդը դարձավ պատմության մեջ որպես դավաճանության խորհրդանիշ` հիշատակվելով մարդկության պատմության մեջ` որպես մատնիչ մարդկության Փրկչի: Կան բազում կարծիքներ, թե ինչու Հուդան մատնեց Հիսուսին: Ամենից արտահայտիչ իրողությունն այն էր, որ նա արծաթասեր էր, այսինքն ` Հիսուսին մատնեց գումար ստանալու համար: Առաջին հայացքից այդպես է թվում, սակայն երբ ավելի մանրամասն ենք անդրադառնում աստվածաշնչային տեքստին, Հուդայի արարքի հիմնական դրդապատճառն ավելի է լուսաբանվում:
Հուդան, իր Ուսուցչին մատնելով, մտածում էր նման կերպով իրագործել մեսիական գաղափարը, ինչպես հրեաներն էին ընկալում աշխարհիկ իմաստով: Նա մտածում էր այն իրականացնել Հիսուսի մրջոցով, ինչի մասին խոսել էին մարգարեները` ժողովրդին մխիթարելով դժվարին պատմական պահերին: Հուդայի համար Քրիստոս իրոք Մեսիան էր, ում մասին խոսել էին մարգարեները: Բայց նա հասկանում էր Նրան ոչ թե մարգարեների ոգով, այլ քաղաքական, ազգային զգացումով, որի հիմքում ընկած էր վերականգնել հրեական թագավորությունը Մեսիայի գլխավորությամբ: Նա Քրիստոսի մեջ տեսնում էր այնպիսի ամենակարող և փառավոր տիրակալի, ինչպիսին պիտի լիներ Մեսիան ըստ իր պատկերացմամբ: Ինչպես տասներկուսից մեկը, հավանաբար և Հիսուսի մերձավորագույն առաքյալներից մեկը` նա տեսնում էր, թե ինչպես է ամեն ինչ խոնարհվում ամենակարող Հիսուսի ուժի առջև, բոլոր հիվանդները, կույրերը, տկարները, բորոտները և տառապյալները առողջանում էին Հիսուսի ձեռքին գեթ մեկ անգամ հպվելուց կամ նույնիսկ Նրա խոսքից: Նա հրամայում էր քամիներին, հանդարտեցնում ալեկոծ ծովը, կերակրում հազարավոր մարդկանց մի քանի հացով, բուժում դիվահարներին, հարություն տալիս մեռելներին: Մեկ խոսքով Նրա անտեսանելի զորության ու իշխանության առջև ոչ ոք և ոչինչ չկարողացան դեմ կանգնել: Հիսուսի այս ամեկարող ու անհաղթ զորության ականատեսը նաև Հուդան եղավ: Ուղարկելով տասներկու աշակերտներին քարոզելու` Քրիստոս նրանց իշխանություն տվեց դևերի վրա, որպեսզի հալածեն դրանց ու մարդկաց բժշկեն (Մատթ. 10.1):
Եվ այդ իշխանությունը նրա բոլոր աշակերտները ստացան` ներառյալ յոթանասուներկու աշակերները, որոնք ուրախությամբ վերադառնում էին ու ասում. <<Տեր, դևերն էլ են հնազանդվում Քո անվանը>> (Ղուկ. 10.17): Այս ամենի մեջ Հուդան տեսնում էր հինկտակարանյան մարգարեությունը Մեսիայի մասին, որոնց մասին Հիսուս նույնպես խոսում էր: Հովհաննես Մկրտչի ուղերձը իր աշակերտների միջոցով ուղղված Հիսուսին. <<Դու՞ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք>>: Հիսուս պատասխանեց, որ կույրերը տեսնում են, կաղերը` քայլում, բորոտները` մաքրվում, խուլերը` լսում, մեռելները` հառնում (Մատթ. 11.3-4): Նազարեթի սինագոգում Քրիստոս կարդալով Եսայի մարգարեի գրքից (Եսայի 61.1-2) ասաց, որ այժմ իրականացավ մարգարեությունը (Ղուկ. 4.16-21): Այս ամենը տեսնելով Հուդան` հասկանում էր, որ Հիսուսն է Մեսիան:
Ընդունելով Հիսուսին որպես Մեսիա` Հուդան իր ամբողջ մտքերը, ցանկությունները, ձգտումները կենտրոնացրեց այն հանգամանքի վրա, որ Նրա միջոցով իրականացնի մեսիական իդեալը, երազանքը, որը հրեաների բաղձանքն էր: Ինչի՞ մեջ էր կայանում մեսիական այդ թագավորության իդեալը հրեաների համար:
Հրեաները, հալածվելով ու հետապնդվելով բոլոր ազգերից, միշտ գտնվելով գերության, դաժանության, ստրկության ներքո, պատմության ընթացքում մի քանի անգամ ստրկական ծանր տառապանքի ենթարկվելով, կախում ունենալով հեթանոսներից, որոնք ըստ հրեական օրենքի անմաքուր ազգեր էին համարվում, վիրավորված էին իրենց հոգևոր հպարտությամբ, որ հեթանոսների գերիշխանության ներքո իրենց ազգը կրել է այդքան տառապանքներ ու նվաստացումներ: Նրանք իրենց համարում էին միակ Աստծուն դավանողը` որպես ընտրյալ ազգ և չէին հաշտվում այն մտքի հետ, որ ծառայում են հեթանոսներին: Այս ամենը իրենց մեղքերի պատճառով բացատրում էին իբրև Աստծո ցասման ժամանակավոր պատիժ: Այսպիսով իրենց սրտերում կուտակում էին ատելություն և վրեժխնդրություն բոլոր թշնամիների հանդեպ և սպասում էին այն պահին, երբ կհայտնվի Մեսիան, որպեսզի արտահայտեն իրենց վրեժխնդրությունը իրենց հալածող ազգերի նկատմամբ: Ոստի, հրեաները իրենց ամբողջ հույսը կենտրոնացրել էին Մեսիայի գալուստի հետ, որպեսզի իրագործեին իրենց սրտերում կուտակված ցասումը: Նրանք սպասում էին, որ Մեսիան կգա ու բոլոր թշնամիներին կոչնչացնի, և հրեաները կդառնան տիրապետող բոլոր ազգերի մեջ ու կիշխեն ամբողջ աշխարհի վրա: Փրկչի հոգևոր խուրհուրդի մասին նրանք չէին մտածում: Բոլոր երկրային երազանքները Մեսիայի վերաբերյալ նրանք արդարացնում ու ամրապնդում էին մարգարեական վկայություններով Փրկչի փառավոր գալստյան մասին, որը մեկնաբանում էին Մեսիայի երկրային թագավորության հաստատմամբ, և մարգարեների խոսքը տառացիորեն էին հասկանում (Եսայի 60.2,4-6, 9-10,12, 14, 16): Անշուշտ Հուդան էլ կարդացել, լսել ու ծանոթ էր մարգարեություններին: Նա տեսնելով Հիսուսի ամենազոր կարողությունը, համարում էր, որ Հիսուսն է Մեսիան, և մարգարեությունները Նրան են վերաբերում: Ոչ ոք, բացի Հիսուսից, չի կարող իրագործել այդպիսի մեծ ու աշխարհակալ կյանքի բաղձանքը, Հիսուս, Ով ուղարկված էր Աստծո կողմից և մարգարեների վկայությունների իրագործողն է: Ինքը ` Հիսուս, Իր ձեռքի շարժումով մեկ ակնթարթում կարող էր ոչնչացնել հրեաների բոլոր թշնամիներին: Բավական էր, որ Նա մեկ խոսք ասեր և ամբողջ հռոմեական լեգեոնները կոչնչանային: Հռոմի ամենակալ կեսարի գահը կկործանվեր Մեսիայի հզորության առջև: Իսկ Հուդային այստեղ ավելի ի՞նչն էր հետաքրքրում: Հիսուս Ինքը պատասխան տվեց այս հարցին, երբ Պետրոսն ասաց. <<Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո ետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք>>: Հիսուս նրանց պատասխանեց. <<Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք իմ ետևից, երկրորդ գալստյան, երբ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք տասներկու աթոռների վրա` դատելու Իսրայելի տասներկու ցեղերին>> (Մատթ. 19.27-28): Պարզ էր, որ Հուդայի համար էլ էր Մեսիայի թագավորությունում իշխանական աթոռ խոստացվել: Այդ դեպքում պետք էր գործել և առաջ շարժվել: Հուդան իր մեջ մեծ եռանդ էր տեսնում գործելու համար, որպեսզի իրականանա իրենց տրված խոստումը: Նա տեսնում ու զգում էր Հիսուսի անսահման զորությունը, մյուս կողմից փառատենչորեն սպասում, թե երբ է իրականանալու Հիսուսի տված խոստումը: Եվ կարծում էր, եթե ինքը
դրդապատճառ դառնա այդ ամենի արագորեն իրագործման համար, ապա անշուշտ կգրավի առաջին տեղը Մեսիայի թագավորությունում: Եվ հասնելով այդ բարձունքին նա կդառնա ամբողջ աշխարհի հարստությունների տիրակալը, բոլոր ազգերն ու թագավորները կծառայեն իրեն, քանի որ Հիսուս ինքն անձամբ այդ ամենով հետաքրքրված չէր: Հուդայի փառասիրությունը և հպարտությունը լիովին կուրացրել էին նրա ողջամտությունը: Նրա սրտում այժմ խոսում էին իշխանասիրությունը, մեծամտությունը, արծաթասիրությունը, ինչպես նաև վրեժխնդրությունը բոլոր թշնամիների հանդեպ և վերջնականորեն ինքնաստվածացումը: Նա կարծում էր, որ ինքը լավագույնն է, ով կարող է լինել Մեսիայի կողքին և մեսիական թագավորության կառավարումը իրականացնել: Նրա եսասիրությունը այն աստիճանի էր հասել, որ նա մտածում էր, որ ամեն ինչ իր համար է, նույնիսկ Մեսիան գոյություն ունի իր համար, որպեսզի ինքը իրագործի մեսիական թագավորության կառավարման առաքելությունը: Հուդան այնպիսի նախաձեռնություն ուներ, որ Հիսուս նրան կառաջնորդի իրագործելու մեսիական ծրագիրը, քանի որ Հիսուս ի վիճակի չէ դաժանաբար պատժելու և վրեժխնդիր լինելու թշնամիներից և հետաքրքրված չէ աշխարհի հարստությամբ ու վայելքներով: Որպեսզի իրագործվի այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք էր հարված հասցնել Հիսուսի թշնամիներին` դպիրներին, օրենսգետներին ու փարիսեցիներին, հրեա առաջնորդներին, որոնք աշխատում էին կործանել Հիսուսին: Նրանք փորձում էին մեղադրական ներկայացնել Հիսուսին և ձերբակալել և ազգին Նրա դեմ տրամադրել: Մյուս կողմից, եթե Հիսուսի թշնամիները Նրա հետ հաշտվեին և Մեսիա հռչակեին, ապա այս պարագայում հրեա առաջնորդները իրենց տեղը չէին զիջի առաքյալներին, երբ Մեսիայի թագավորությունը հաստատվեր: Այս դեպքում պետք էր չեզոքացնել առաքյալների մրցակիցներին, որոնց Հուդան համարում էր իր անձնական թշնամիները: Եվ որպեսզի հաջողեցնի իր այս ծրագիրը, նրան անհրաժեշտ էր Հիսուսին դեմ հանդիման կանգնեցնել նրանց առջև, որպեսզի Հիսուս վճռական հարված տա հրեա առաջնորդներին: Այս պատճառով Հուդան շտապում էր իր թշնամիների մոտ` նրանց առաջարկելով ընդունելի տարբերակ Հիսուսին ձերբակալելու համար (Մատթ. 26.14-16): Այս պարագայում Հուդայի և հրեա առաջնորդների շահերը համընկել էին միմյանց, թեև տարբեր նպատակային ուղղվածությամբ: Հրեա առաջնորդները ցանկանում էին կործանել Հիսուսին, որպեսզի չկորցնեին իրենց հեղինակությունը, իշխանությունը և հարստությունը, իսկ Հուդան ցանկանում էր Հիսուսին դեմ հանդիման հանել հրեա առաջնորդներին, որպեսզի Հիսուս նրանց կործանարար հարված հասցնի, իսկ ինքը տիրանա հրեա առաջնորդների հարստությանը, փառքին ու իշխանությանը: Հուդային չէր հետաքրքրում մարդկության փրկության ծրագիրը, որի մասին Հիսուս շատ անգամ խոսում էր առաքյալների հետ: Եթե Փրկիչը երկրային թագավոր է, այդ դեպքում նա աշխարհի Փրկիչը չէ: Իսկ եթե Քրիստոս աշխարհի փրկիչը չէ, այս դեպքում սատանան մնում է որպես երկրի իշխանը և իր տիրապետությանն է ենթարկում ամբողջ մարդկությանը: Իսկ եթե այդպես է, ապա Աստծո գործը մնում է անկատար, և Աստված սահմանավորվում է, եթե չարը մնում է որպես հավերժական հակառակորդ: Այստեղից երևում է, որ Հուդայի գործը, դա սատանայի գործն է, քանի որ Հուդան, Հիսուսին փորձելով մղել վճռական քայլի, առաջարկում է այն, ինչ սատանան էր անապատի մեջ առաջարկում, այսինքն` դառնալ երկրի իշխան և թագավոր (Մատթ. 4.8-9):
Հուդան իր քայլով ուզում էր ցույց տալ, թե ինքը ինչքան առավել է մյուսներից` Հիսուսին դրդելով վճռական քայլի: Եվ երբ իր ծրագրերն արագորեն իրականանային, այս դեպքում կարծում էր, թե Հիսուս պիտի երախտապարտ լիներ իրեն իր կատարած քայլի համար: Սակայն արդյունքում մենք տեսնում ենք, թե ամեն ինչ ինչպես է ավարտվում, ուր բացահայտվում է Աստծո Որդու փառավոր հաղթանակը և մարդկության փրկության ավետիսը:
Նյութը պատրաստվեց ըստ <<Հուդան իբրև մատնիչ>> գրքի` Протоиереи Павел Алфеев ‘Иуда-предатель’, Москва 2005.
Հովհաննես սրկ. Մանուկյան