Խաղաղություն տենչացող աշխարհում ինչո՞ւ է տիրում ատելություն ու չարություն

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր Խաչով քանդեց մարդկանց բաժանող թշնամության պատը և որպես Հաշտարար՝ խաղաղություն պարգևեց աշխարհին: Այս մասին Պողոս առաքյալը գրել է. «Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ և խաղաղություն հաստատի ու Իր Խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամությունն սպանեց Իր Խաչով» (Եփես. 2:13-17): Հրեշտակները Քրիստոսի ծննդյան առթիվ օրհնաբանում էին Աստծուն՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց միջև» (Ղուկ. 2:14): Մարդասեր Տերն աշխարհ եկավ բոլորի և ոչ որոշ ազգերի համար: Հրեաները սպասում էին Մեսիային, և Նա աշխարհ եկավ որպես Մեսիա: Հեթանոսները փնտրում էին մեկին, ով Քավիչ էր հանդիսանալու, և Քրիստոս աշխարհ եկավ որպես Քավիչ: Նա հավասարապես իր սերն ու խաղաղությունը բաշխեց թե՛ հրեաներին և թե՛ հեթանոսներին: Քրիստոսի աշխարհ գալու ժամանակաշրջանում հրեաները միակն էին աշխարհում, որ հավատում էին ճշմարիտ Աստծուն, իսկ հեթանոսները երկրպագում էին կուռքերին: Հրեաներն իրենց հավատը մթագնեցին և իրենց անօրինությամբ հավասարվեցին հեթանոսներին: Եկեղեցու հայրերը նշում են, որ ինչպես հին Ադամը պատկանում էր ոչ միայն հրեաներին, այլ նաև հեթանոսներին, քանի որ երկուսն էլ սերում էին նրանից, այնպես էլ նոր Ադամը՝ Քրիստոս, պատկանում էր թե՛ հրեաներին և թե՛ հեթանոսներին, քանի որ երկուսին էլ փրկեց: 

Բացի Հաշտարար, Մեսիա և Քավիչ անուններից Տիրոջը բնորոշ շատ անուններ կան, որոնցից ոմանք Տերն Ինքն է Իրեն անվանել: Օրինակ՝ Քրիստոս ասում է. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6), «Ե՛ս եմ հարությունը և կյանքը» (Հովհ. 11:25), «Ե՛ս եմ աշխարհի լույսը» (Հովհ. 9:5): Իսկ հետևյալ անունները Տիրոջը տրվել են Եսայի մարգարեի կողմից. «Մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի, նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի» (Եսայի 9:6), կամ «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14): Ուշադիր լինելու պարագայում՝ կտեսենեք, որ Տիրոջը տրված անունները մարդուն տալիս են բացառիկ ու կարևոր մի բան, որոնցից զուրկ է աշխարհը: Մարդն ինքնուրույն՝ առանց Քրիստոսի, կարո՞ղ է ընթանալ փրկության ուղով, ինչի մասին Քրիստոս ասաց՝ Ես եմ ճանապարհը: Մարդն ինքուրույն կարո՞ղ է գտնել ճշմարտությունը: Այդ մասին դարեր շարունակ խորհել են մարդկության մեծագույն մտածողները: Երբ ձերբակալել էին Հիսուսին և տարել պոնտացի Պիղատոսի մոտ, նա Տիրոջն այս հարցն ուղղեց՝ ի՞նչն է ճշմարտությունը, երբ լսեց Փրկչի հետևյալ խոսքը. «Ես ծնվել եմ և աշխարհ եկել մեկ բանի համար, որ վկայեմ ճշմարտության մասին: Ով կողմնակից է ճշմարտությանը, նա լսում է Իմ խոսքը» (Հովհ. 18:37-38): Ճշմարտությունը ոչ թե ինչն է, այլ՝ Ով: «Ես եմ ճշմարտությունը»,- ասում է Քրիստոս: Ճանաչելով Քրիստոսին՝ ճանաչում ենք Ճշմարտությունը: Կամ մարդը կարո՞ղ է կյանքի աղբյուր լինել, այնինչ Տերն ասաց՝ Ես եմ կյանքը:

Դարեր շարունակ մարդկությունը ձգտել է խաղաղության և արդարության, բայց մարդկության պատմությունը դարեր շարունակ այդ ձգտմանը հակառակ ընթացք է գրանցել: Ինչո՞ւ է աշխարհում տիրում ատելություն և չարություն, ինչո՞ւ են մարդիկ թշնամանում միմյանց, Աստծու և իրենք իրենց հետ, եթե Քրիստոս Խաչի մահվամբ դարձավ հաշտարարը և խաղաղություն բերեց աշխարհին: Այս հարցին հանդիպում ենք Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակում. «Որտեղի՞ց են առաջանում ձեր հակամարտություններն ու կռիվները. արդյոք ձեր ցանկություններից չե՞ն, որոնք կռիվ են մղում ձեր մարմնի մեջ: Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի սպանում եք: Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում: Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում եք, և Աստված չի տալիս, որովհետև վատ նպատակով եք խնդրում՝ ձեր հաճույքներին ծառայացնելու համար» (Հակոբ. 4:1-4): Աշխարհում առկա թշնամության պատճառը և այդ վիճակից դուրս գալու միջոցը մատնանաշում է բոլոր կրոններից միայն քրիստոնեությունը: Թշնամության պատճառը մարդկանց մեղքերն ու կրքերն են, մտքի և սրտի ցանկությունների այլասերվածությունը, որ ստիպում են մարդուն Աստծուց խնդրել այն, ինչը հակառակ է Նրա կամքին: Այս մասին Քրիստոս ասում է. «Մարդու սրտից է, որ ելնում են չար մտածումները՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն: Սրանք են, որ պղծում են մարդուն…» (Մատթ. 15:19): Քրիստոս խաղաղություն բերեց աշխարհ, բայց այն դեռ պետք է ընդունել և ընդունել հավատքով ու ապաշխարությամբ: Իսկ եթե քիչ է խաղաղությունը կամ ընդհանրապես բացակայում է, ապա մնում է միայն այն, ինչ ասաց Քրիստոս և Հակոբոս առաքյալը: Այսինքն՝ մնում են միայն չար ցանկություններն ու մտքերը, որոնցով լի են մարդկանց սրտերը: Եվ այդ ժամանակ խաղաղության մասին խոսք լինել չի կարող: Մեղավոր մարդկանց հանդիպումը ենթադրում է կամ որևիցե մեղքի կամ կրքի մերժում, կամ հակառակը՝ միավորում մեղքի շուրջը, ինչն անխուսափելիորեն վնասելու է մարդկային հարաբերությունները, քանի որ մեղքը ոչ թե խաղաղության և արարման է տանում, այլ բախման և կործանման: Եթե միասնությունը հիմնված է հպարտության, ատելության, եսասիրության, հիշաչարության և այլ մեղքերի վրա, ապա այն, անկախ իր արտաքին գեղեցկությունից, դատապարտված է: Քրիստոսին դատելու և ծաղրելու արդյունքում՝ Հերովդեսի և Պիղատոսի միջև ձևավորվեց ընկերություն: Նման միությունը չարի միություն է, ինչի վերջը կրակով և ծծումբով այրվող լիճն է (Հայտն. 21:8): Թեև աշխարհ է եկել Խաղաղությունը, բայց այն բացակայում է աշխարհում, և միայն նրանք ունեն այն, ովքեր իրենց սրտում ունեն Քրիստոսին: Աշխարհը չունի խաղաղություն, քանի որ չունի Քրիստոսին: Ողջ աշխարհի խաղաղությունը մեծապես կախված է մարդու հավատից, սրտի մաքրությունից և հոգու խաղաղությունից: Եթե աղոթքի, պահքի, խոստովանության և Հաղորդության միջոցով մարդուն հաջողվեց ազատվել որևէ կրքից կամ մեղքից, նշանակում է աշխարհում մի փոքր չափով ավելացավ խաղաղությունը: Եթե մեկն Աստծու օգնությամբ կարողացավ ներել իր մերձավորին, ապա նշանակում է, որ մարդկության թշնամության ծովից մեկ կաթիլ պակասեց: Տերը երանի տվեց խաղաղարարներին և ասաց. «Երանի՜ խաղաղարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

30.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․