Գրքեր

Խելացի մարդը մաքրագործված մարդն է

Միտքը ոչ թե աստվածայինի, այլ խորամանկության մեջ զարգացնելով՝ մարդն իրեն սատանային է հանձնում: Բայց այդ դեպքում նրա համար ավելի լավ կլիներ, որ ընդհանրապես գիտակցությունից զրկվեր, որպեսզի Դատաստանի օրը մեղքը մեղմացնող հանգամանքներ ունենար:

- Հա՛յր, պարզությունը տարբերվո՞ւմ է խորամանկությունից:

- Այո՛, ինչպես աղվեսն է շնագայլից տարբերվում: Երբ շնագայլն ուզում է ինչ-որ բան թռցնել, համարձակորեն գնում ու տանում է իր ուզածը: Իսկ աղվեսը փորձում է խորամանկությամբ ստանալ այն, ինչ ուզում է:

- Հա՛յր, իսկ մարդը կարո՞ղ է խորամանկությունը սուր միտք համարել:

- Այո՛, կարող է, բայց ինքն իրեն լավ զննելով կհասկանա, թե ինչ է խորամանկությունը և ինչ է սուր միտքը: Քանի որ ճանաչելու աղյուսակ ունի: Որո՞նք են Սուրբ Հոգու պտուղները: Սեր, ուրախություն, խաղաղություն և այլն (Գաղ. 5:22, 23): Այս պտուղներից որևէ մեկը կա՞ իր մեջ: Վերոնշյալ հատկանիշներն իր մեջ չունենալով՝ մարդը սատանայական ինչ-որ բան կունենա, նրա տարբերակիչ հատկություններից:

Խելացի մարդը մաքրագործված մարդն է, կրքերից ձերբազատվածը: Իսկապես խելացի է նա, ով իր միտքն էլ է սրբագործել: Եթե միտքը չսրբվի, ապա դրա սրությունից ոչ մի օգուտ չկա: Հրեն, լրագրողները, քաղաքական գործիչները խելացի մարդիկ են, բայց նրանցից շատերը սրբված միտք չունենալով, խելացի բաների հետ մեկտեղ՝ հիմարություններ էլ են ասում: Սարսափելի հիմարություններ են դուրս տալիս մեծ խելքից: Եթե մարդն ինքը օգուտ չքաղի իր խելքից, ապա սատանան կօգտվի դրանից: Եթե մարդն իր մտքի սրությունը չօգտագործի բարու համար, ապա սատանան այն կօգտագործի չարի համար:

- Այսինքն, երբ մարդն իր մտքի սրությունը բարու համար չի օգտագործում, այդպիսով իրավունքնե՞ր է տալիս սատանային:

- Եթե մարդն իր սուր միտքը չի գործածել բարի գործերի համար, ապա իրավունքներն ինքնստինքյան սատանային են փոխանցվում: Հոգևոր կերպով չաշխատելով՝ մարդը խեղաթյուրում է բարին: Եվ այնժամ ոչ թե սատանան, այլ հենց մարդն ինքն է չարիք գործում: Օրինակ՝ ինչ-որ մեկը խելացի է, բայց իր խելքը չի բանեցնում, ծուլանում է: Բայց եթե գլուխը չի աշխատեցնում, ապա ի՞նչ օգուտ նրա խելացի լինելուց:

- Իսկ խելացի, բայց կրքեր ունեցող մարդը կարո՞ղ է ճիշտ դատելու ընդունակություն ունենալ:

- Նախ և առաջ, նա պետք է ուշադիր լինի, որպեսզի չվստահի սեփական դատողությանը: Դրան վստահելով՝ հոգևոր մարդը պատրանքի մեջ է հայտնվում, իսկ աշխարհիկ մարդը խելագարվում է: Պետք է սեփական մտքին հավատալ: Պետք է հարցնել ու խորհրդակցել, պետք է միտքը սրբել: Եվ ընդհանրապես, մարդը պետք է սրբագործի այն ամենն, ինչ ունի: Սրբագործված սուր միտքը նպաստում է դատողություն ձեռք բերելուն: Խելացի, բայց չսրբված մարդը հոգևոր դատողություն չի ունենա: Իսկ ի բնե միամիտ մարդը կարող է պատրանքի մեջ գտնվող որևէ մեկին սրբի տեղ դնել, իսկ ինչ-որ մեկի կնանման սվսվոցը որպես երկյուղածություն ընդունել: Իսկ սրբված խելացի մարդը բավականին լրջմիտ է դառնում:

- Իսկ սուր միտքն ինչպե՞ս է մաքրվում, Հա՛յր:

- Մարդը չպետք է ընդունի բանսարկուի «հեռագրերը» և խորամանկ մտքեր չունենա, այլ ամեն ինչում բարությամբ ու պարզությամբ գործի, որպեսզի այն մաքրվի: Այդ կերպ հոգևոր պայծառություն, աստվածային լուսավորություն է գալիս: Այնժամ մարդը տեսնում է մարդկանց սրտերն ու մարդկային եզրակացություններ չի անում:

- Իսկ դատողությունը գիտելիքի հետ կապ ունի՞, Հա՛յր:

- Դատողությունը աստվածային լույսից է առաջանում: Կարելի է Սուրբ Հայրերին կարդալ, ինչ-ինչ հարցերի շուրջ ճիշտ գիտելիքներ ունենալ, ճգնել ու աղոթել, սակայն դատողությունը աստվածային լուսավորությունից է առաջ գալիս: Դա այլ կարգի երևույթ է:

- Հա՛յր, իսկ հնում մարդիկ ավելի լա՞վն էին:

- Ոչ թե ավելի լավն էին, այլ ուղղակի հնում մարդիկ պարզություն և բարի միտք, բարի դիտավորություն ունեին: Այսօր մարդիկ խորամանկությամբ են ամեն ինչին նայում, որովհետև ամեն ինչ բանականության միջոցով են չափում: Եվրոպական ոգին շատ աղետներ է գործել: Հենց դա է այլանդակել մարդկանց: Եթե դա չլիներ, ապա այժմյան մարդկանց հոգևոր վիճակը հիասքանչ կլիներ, որովհետև այժմ բոլորը շատ, թե քիչ կրթված են, և հնարավոր կլիներ նրանց հետ փոխըմբռնման գալ: Բայց ժամանակակից մարդկանց անաստվածության են սովորեցրել, այդ բոլոր սատանայական թեորիաներին, և այդ կերպ նրանց անպիտան են դարձրել, այնպես որ անհնար է փոխըմբռնման գալ նրանց հետ: Հնում չէիր կարող դրան հասնել, եթե մարդը ո՛չ երկյուղածություն ունենար, ո՛չ՝ կրթություն: Հիշում եմ, մի անգամ մի վանական Պատարագի ժամանակ լսելով հետևյալ բառերը. «Մեր Սուրբ Հայր Գրիգորի՝ Հռոմի պապի*…» [Հույն եկեղեցու ծիսակարգ], կարծեց, թե Հռոմի պապին են հիշատակում և գայթակղվեց: «Չէի սպասում,- ասում է,- երբեք չէի սպասի, որ դուք պապականներ կդառնաք», և այս ասելով դուրս եկավ եկեղեցուց: Տեսնո՞ւմ ես, թե անգիտությունն ուր է հասցնում: Անգիտությունը սարսափելի բան է: Իսկ ամենամեծ չարիքը նրանք են գործում, որոնց մեջ երկյուղածությունը զուգորդվում է գլխում տիրող խառնաշփոթի հետ: Նրանք խնդիրներ են ստեղծում՝ առանց գործի էությունը հասկանալու:

 

* Գրիգոր I Հռոմի պապ (540-604թթ.): Ուղղափառ եկեղեցու սուրբ: Հիշատակությունը՝ մարտի 12-ին:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

03.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․