23 Նոյեմբեր, Շբ
- Հապա մո՛տ արի, զավակս, ուզում եմ խոսել քեզ հետ հայրիկիդ առողջական վիճակի մասին։ Գիտե՞ս, թե այն հիմա ինչ վիճակում է․ ավելի քան կրիտիկական։ Եթե Աստված կամենա՝ նա կապրի։ Նա պահում է նրան այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ուր որ է կարող է կտրվել։ Դա կարող է պատահել ամեն պահի, անգամ՝ այսօր։
Եթե ոչ այսօր, ապա կարող է մի քանի օր անց պատահել։ Երբ Տերը կամենա, նրան Իր մոտ կկանչի, որովհետև շատ է սիրում։ Նա սուրբ մարդ է, և Աստված չի կամենում, որ նա այդքան տանջվի։ Քո հայրը տառապում է անտանելի ցավերից․․․ Թեև ոչինչ չի ասում ձեզ։ Նա չի ցանկանում տխրեցնել ձեզ․․․
Լսի՛ր, մի բան ասեմ քեզ․․․ Այժմ դու շատ վշտացած ես, ես դա տեսնում եմ։ Բայց մենք՝ քրիստոնյաներս, չպետք է վշտանանք։ Մենք չպետք է վախենանք մահից։ Ի՞նչ ես կարծում՝ մահն ի՞նչ է։ Մահն ընդամենը միջոց է, դուռ, որով անցնելով՝ հայտնվում են հավերժության մեջ։ Ահա թե ինչ է մահը։ Եվ բոլորս էլ անցնելու ենք այդ դռնով։ Դա միակ բանն է, որ բացարձակապես ճիշտ է։
Միայն թե պատրաստ լինենք, այդժամ Ահեղ դատաստանի օրը Տիրոջ աջ կողմում կհայտնվենք։ Բոլորս կհանդիպենք այնտեղ ու կարժանանք դրախտային երանությանը։ Այս աշխարհ չենք եկել հավերժ ապրելու համար, այլ որպեսզի փորձվենք ու անցնենք հավիտենական կյանք։ Ուստի մի՛ վշտացիր, թե ինչ է պատահելու մեզնից յուրաքանչյուրին։ Բոլորս դա գիտենք, բոլորս սպասում ենք դրան։
Թեև բոլորը չէ, որ ուզում են ընդունել դա և ասում են․ «Այստեղ է ամեն ինչը՝ և՛ տառապանքի վայրը, և՛ դրախտը»։ Սակայն այդպես չէ։ Եվ նրանք, ովքեր այդպես են ասում, նույնպես գիտեն դա։ Եվ հոգու խորքում չեն հավատում իրենց ասածին։ Բայց երբ մնան դեմ առ դեմ մահվանը, այդժամ ո՞վ կփրկի նրանց։
Երբևէ չե՞ս լսել, թե առաջին իսկ վտանգի դեպքում ում են դիմում իրենց անհավատ կոչողները։ Արդյո՞ք չեն կանչում․ «Տե՛ր Աստված․․․, Սո՛ւրբ Աստվածածին․․․»։ Չե՞ն դիմում իրենց երկնային հովանավոր սրբին։
Հիմա կհարցնես, թե ինչու եմ այդ ամենը ասում քեզ։ Ախր ինչպե՞ս բացատրեմ քեզ՝ իմանալով, թե որքան զգայուն ես, իսկ ես ուզում եմ նախապատրաստել քեզ․․․ Իսկ հիմա գնա Աստծով, իսկ ես կաղոթեմ, որ Նա զորացնի քեզ։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը