21 Դեկտեմբեր, Շբ
Երբ առնչվում ենք հայրաբանական գրականությանը, նկատում ենք, որ սուրբ հոգևոր հայրերը մեղքերի շարքում առաջին տեղում նշում են հպարտությունը: Իրավամբ, երբ ուսումնասիրում ենք Սբ. Գիրքը, աստվածաբանական մեկնությունները, նկատելի է դառնում, որ մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում, որը սնում է մարդու եսակենտրոնությունը և իսկության մեջ պատճառ դառնում ներքին ու արտաքին բացասական արարքների։ Բավականին նուրբ և անտեսանելի է հոգևոր հպարտության բացահայտումը մարդու սրտում և ավելի զարգացած բնորոշում ունի կրոնական փորձառություն ունեցող անձանց մոտ:
Ավետարանը կարդալիս տեսնում ենք, որ այդօրինակ մեղքի դրսևորումներով համակված էին հրեա հոգևոր առաջնորդները, որոնք հպարտության պատճառով չընդունեցին Քրիստոսին և սիրո վարդապետությունը: Բայց ներկայիս քրիստոնյաների մեջ նույնպես նկատելի է հոգևոր հպարտության ախտանիշը: Դժվարությունն այն է, որ անհատը հաճախ չի նկատում, թե ինչպես է համակված հոգևոր հպարտությամբ, ինչպես է այն դրսևորվում իր կյանքում, որովհետև այդ տեսակի մեղքը շատ անտեսանելի ու քողարկված է: Բավականին հոգևոր հասունություն է պետք, որպեսզի անհատը կարողանա իր հոգում տեսնել այդօրինակ մեղքի առկայությունը և ազատագրվի դրանից: Այդժամ անհրաժեշտ են Սբ. Հոգու անմիջական միջամտությունը և այնպիսի հոգևոր հոր օգնությունը, ով արդեն բժշկված է նման մեղքից կամ առնվազն գտնվում է այդ մեղքից բժշկվելու փուլում:
Ինչպե՞ս է դրսևորվում հոգևոր հպարտությունը մարդու կյանքում: Ամենապարզ օրինակներից է, երբ որոշակի հոգևոր գիտակցություն ձեռք բերած անձը հանդես է գալիս դատավորի դիրքից և իր հոգևոր խոսքի, պատգամի, խորհրդի մեջ հնչեցնում է դատապարտող հնչերանգներ` հաճախ մեջբերումներ կատարելով աստվածաշնչյան տողերից: Ում է ուղղված այդ խոսքը՝ անհավատի, հեթանոսի, աղանդավորի, անբարոյականի, թե այլ կրոնների հետևորդի, էականը դա չէ, այլ այն, որ հոգևոր խոսք մատուցողը կամ հոգևոր մոտեցում ցուցաբերողը հանդես է գալիս ոչ թե հոգու բժշկի, այլ դատավորի դիրքերից՝ դատելով այս կամ այն իրողությունն ու մարդուն: Մենք պետք է Հիսուս Քրիստոսի օրինակով սովորենք, թե Նա ինչպես էր վարվում և չէր դատապարտում, ինչպես օրինակ՝ շնության մեջ բռնված կնոջը ասելով. «Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ. 8:1-11), ոչ էլ՝ նույնիսկ խաչի վրա դատապարտեց իրեն տանջող մարդկանց՝ ասելով. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34): Թեև Հիսուս իրավամբ ուներ դատելու իրավունք, որովհետև Սուրբ էր և Արդար, բայց մենք չունենք այդ իրավունքը և մեզ չպետք է վերապահենք հոգևոր դատավորի կարգավիճակը՝ լինենք հոգևորական թե հասարակ հավատացյալ, ինչպիսի հոգևոր ձեռքբերումներ էլ ունենանք:
Այնուամենայնիվ, հաճախ մտածում ենք մեծահարուստ երիտասարդի պես, ով Հիսուսին կոչեց բարի վարդապետ (Մատթ. 19:16-22)՝ նկատի ունենալով իր հոգևոր բարձր կարգավիճակը, առանձնահատուկ լինելն Աստծու առաջ և առավել լինելը մյուսների, հատկապես մեղավորների, թերահավատների հանդեպ, սակայն պատասխանը հստակ էր՝ ոչ ոք բարի չէ, բացի Աստծուց: Երբ հոգևոր մարդը սկսում է հանդես գալ արդարության, ճշմարտության դիրքից, սակայն իբրև դատավոր, ապա նման է լինում Ավետարանում նկարագրված այն մարդկանցից մեկին, ով պատրաստ է քար նետելու շնության մեջ բռնված կնոջ վրա և նրան սպանելու (Հովհ. 8:1-11): Շատ հավատացյալներ միանգամից կարող են արդարանալ, թե իրենք այդպես չեն վարվի, այնուամենայնիվ, չեն նկատում, թե ինչպես են հոգու և սրտի խստասրտությամբ, երբեմն էլ հոգևոր անտեսանելի ատելությամբ համակված, պատրաստակամ հոգևորապես քարկոծելու աթեիստներին, այլ կրոնների ներկայացուցիչներին, աղանդավորներին կամ ծանր մեղքի մեջ թաղված մարդկանց:
Սիրելի՛ հավատացյալներ, քրիստոնյաներ, հիշե՛ք, թե ինչ է ասում Ավետարանը՝ մի՛ դատեք (Մատթ. 7:1-5): Դուք ինքներդ չգիտեք, թե ինչպիսի անկյալ ու մեղավոր վիճակում կարող եք հայտնվել, եթե Աստված թույլ տա դիվական ամբողջական ուժերի հարձակումը ձեզ վրա: Ավետարանը հստակ ցույց է տալիս, որ հոգևոր խոսքը մարդու փրկության և բժշկության համար է: Հոգևոր խոսքը պետք է մարդուն օգնի, հույս, հավատ, սեր հաղորդի, լուսառատ փրկության ճանապարհը ցույց տա, բժշկի մարդու հոգին: Բժիշկը հիվանդանոցում հիվանդներին չի դատապարտում ու նախատում, թե ինչու են հիվանդացել, այլ փորձում է բացահայտել հիվանդությունը և բժշկել: Հիվանդանոցում ոչ ոք մյուսին չի դատում, դատապարտում, թե ինչու են հիվանդացել, այդպես էլ այս աշխարհը հոգևոր իմաստով մի մեծ հիվանդանոց է, և մենք ոչ թե պետք է դատապարտենք միմյանց, այլ օգնենք: Վարդապետ Ռաֆայել Կարելինը նշում է, որ մարդու հոգին առեղծվածային է. արդյոք կարո՞ղ ենք իմանալ մարդու սրտի գաղտնիքները, տեսնել նրա ձգտումները, ցանկությունները, նրա հոգու պայքարը մեղքի և կյանքի միջև, այն լավ գործերը, որոնք արել է այն պայմաններում, որոնցում գտնվել է, դիվական այն ուժը, որն ազդում և գործում է նրա վրա, և թե ինչպես է կռիվ տալիս դրա դեմ: Հետևաբար, մեր դատավճիռը մարդու վերաբերյալ երբեք չի կարող լինել ճշմարտացի և առանց զրպարտության, ահա թե ինչու են սուրբ հայրերը ուսուցանել՝ ինքդ քեզ ուշադրություն դարձրու, ինքդ քեզ դատիր, ինքդ քեզ կշտամբիր: Ձեր սեփական հոգին տատասկով և փշերով լեցուն մի դաշտ է, որն ամբողջ կյանքում պետք է ջանաք մաքրել:
Արդ, զգույշ եղեք, որպեսզի ձեր հոգևոր խոսքը չվնասի մարդկանց, այլ սպեղանի, դեղ ու դարման լինի, ոչ թե՝ սուր և հոգին ճնշող, կապող շղթա: Հոգևոր խոսքը պիտի արտահայտվի սիրով և արդարությամբ: Եթե ասվում է միայն արդարությամբ, շատ խիստ է և նույնիսկ կարող է լինել դաժան: Եթե ասվում է միայն սիրով, կարող է լինել շատ փափուկ: Այդ իսկ պատճառով սիրով և արդարությամբ մատուցվող խոսքն է առավել արդյունավետ: Սուրբ Հոգու լույսի ներքո ինքն իրեն ճանաչած, հոգևոր խոնարհությամբ լեցուն և աստվածային սիրո զորությամբ գործող հոգևոր հայրն է ունակ Քրիստոսի միջոցով փոխանցելու այն դեղատոմսը, որը մարդուն կազատագրի հոգևոր հպարտությունից, որն իսկության մեջ դարձել է տիեզերական ողբերգության, երկնային ու երկրային արարածների անկման և Աստծուց հեռանալու պատճառ:
Հովհաննես Մանուկյան