Մե՞ղքն է մեզ իշխում, թե՞ մենք՝ մեղքին

«Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու: Կայենի համար անհասկանալի էր, թե ինչու իր աշխատանքի պտուղներից բերված զոհաբերությունը չընդունվեց, իսկ Աբելի զոհը, որ նույնպես նրա տնտեսության պտուղներից էր, ընդունվեց: Տերը Կայենին ասաց, որ իր զոհաբերության մեջ պակասում էր այն, ինչ ուներ Աբելը, այսինքն՝ մեծ եռանդն ու նվիրվածությունը:  

Կայենին տանջում էր բարկությունը, նախանձն ու չարությունը: Տեսնելով, թե որքան անտանելի են Կայենի տանջանքերը, Տերը օգնության հասավ նրան՝ սիրով հորդորելով մեղքին չտրվել և կամքը դեպի բարին դարձնել: Աստված ցանկացավ Կայենի ուշադրությունը հրավիրել ոչ թե իր զոհաբերության ընդունելի չլինելուն, այլ այն չարության վրա, որ առաջ եկավ նրա սրտում զոհաբերությունից հետո: Եղբոր հանդեպ նրա զայրույթը նման էր անազատության մեջ հայտնված վայրի գազանի, որ փորձում էր դուրս գալ նրա սրտից: Մարդն իր ազատ կամքով կարող է ազատություն տալ այդ գազանին կամ էլ ոչ, այսինքն՝ ընտրել կամ մերժել հանցանքը: Տերը կամենում էր, որ Կայենն իշխեր մեղքին, և ոչ թե մեղքը՝ Կայենին: Աստված միշտ մարդու կողքին է և պատրաստ է նրան աջակցելու ու արձագանքելու նրա խնդրանքին, միակ բանը, որ անհրաժեշտ է մարդուց, սրտանց զղջումն է, ինչը հոգևոր երջանկություն գտնելու միակ ուղին է: Սակայն, եթե մարդու սրտում չկա զղջում և Աստծուց օգնություն խնդրելու ցանկություն, ապա հետևանքը սարսափելի է լինում:

Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը, անդրադառնալով աստվածաշնչյան տվյալ հատվածին, ասել է՝ այն, որ Կայենի մտքով անցավ Աստծուն ընծա տալ, գովելի է, բայց անարդարացիորեն զոհաբերածը պատճառ դարձավ, որ Աստված մերժի այն: Եվ Տերը, դիմելով նրան, ասաց. «Եղբայրդ մեծ ջանասիրություն դրսևորեց զոհաբերության հարցում և նրա ընծան ընդունելի եղավ: Այնուամենայնիվ, ես չեմ ուզում պատժել քեզ, այլ մատնանշել մեղքդ և հորդորել, որ ուղղես այն ու չընկնես մեծագույն չարիքի մեջ: Մեղանչե՞լ ես, մեծ մե՞ղք ես գործել, չեմ պատժի քեզ, քանի որ մարդասեր եմ և «մի՞թե Ես մեղավորի մահն եմ տենչում, և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23): Մե՞ղք ես գործել, հանգի՛ստ եղիր, հանդարտեցրո՛ւ միտքդ, ազատի՛ր հոգիդ մեղքի ճնշումից, որպեսզի նախկին մեղքիդ ևս մեկ ծանր մեղք չավելացնես, մի՛ հանձնվիր խորամանկ դևի գայթակղությանը»: Տերը, իմանալով Կայենի հոգու գաղտնիքները, գթասրտությամբ առաջարկեց նրան դեղամիջոց, բայց Կայենը մերժեց այն և ընկավ եղբայրասպանության անդունդը: Տերը, տեսնելով Կայենի մտադրության դաժանությունը, կամեցավ նախապես մեղմացնել նրա սիրտը և հանդարտեցնել նրա միտքը: Բայց նույնիսկ նման հոգատարությունից և բժշկությունից հետո Կայենը ոչ մի օգուտ չքաղեց: Եթե այն ժամանակ Արարիչ Աստված  չէր կարող Կայենին մատնանշել իր նախնիներից որևէ մեկին, որ նման հանցանք էր գործել և ծանր պատժի ենթարկվել, ապա ի՞նչ կարող են ասել այսօր մարդիկ՝ իրենց աչքի առաջ ունենալով Կայենին, այլևս ոչ մի արդարացում չեն ունենա՝ անփույթ ապրելով և շնորհների նման առատության մեջ մեղանչելով: Մի՞թե բոլորը չգիտեն, թե ինչ պետք է անել և ինչ չանել, մի՞թե չգիտեն, որ բարին գործողը Տիրոջ կողմից հաղթական պսակի է արժանանալու, իսկ մեղքի մեջ ապրողը ենթարկվելու է դաժան և հավիտենական տանջանքների: Եվ որպեսզի քրիստոնյայի հավատքն անարդյունք չլինի, ապա Տիրոջ խոսքը լսողը պետք է այն գործի վերածի, որպեսզի հանգիստ խղճով և բարի հույսով հեշտությամբ անցնի կյանքի ծովը՝ հասնելով աստվածային սիրո նավահանգիստը, ստանալով այն անբացատրելի օրհնությունները, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին: Եթե Աստված մարդուն միայն իր մեղանչումից առաջ զգուշացներ, իսկ մեղք գործելուց հետո մերժեր՝ թողնելով ընդմիշտ անկման մեջ, ապա ոչ ոք չէր արժանանա փրկության: Բայց Տերը, մարդասեր ու ողորմած լինելով, բոլորի փրկությունն է ցանկանում: Մեղանչումից հետո էլ չի դադարում հոգատարություն ցուցաբերել՝ մարդուն առաջնորդելով ապաշխարության: Տերը նախազգուշացրեց Ադամին մեղանչումից առաջ և ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17): Նախածնողների մեղանչումից հետո էլ Տերը չմերժեց նրանց, այլ, ընդհակառակը, անմիջապես եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ, մխիթարեց և շատ դեղամիջոցներ տվեց՝ անկյալ բնությունը վերականգնելու, հավիտենական մահից ազատվելու և Երկնային Արքայության արժանանալու համար: Տերը նախազգուշացրեց և խրատեց նաև Կայենին դեռևս մեղանչելուց առաջ (Ծննդ. 4:7):   

Տերը հրավիրեց Կայենին ոչ միայն բարին գործելու, այլև չարին ակտիվորեն դիմակայելու: Այսօր էլ Տերը կագնեցնում է մեղք գործել ցանկացողին, կանգնեցնում Իր խոսքի, խղճի,  հոգևորականների քարոզների և եկեղեցու հայրերի խրատների միջոցով: Քրիստոնյայի ողջ կյանքը պայքար է մեղքի դեմ, և Աստծու օգնությամբ Քրիստոսի հետևորդն հաղթահարում է մեղքը, իսկ եթե սայթաքում է ու մեղք գործում, ապա շտապում է ապաշխարությամբ և Հաղորդությամբ ազատվել մեղքերից: Իսկ անհավատն ընդհանրապես չի պայքարում մեղքի դեմ, նա լիակատար հպատակվում է մեղքին, մեղքի ստրուկն է: Քրիստոնյան մեղքի դեմ պայքարով հոգևոր ազատություն է ձեռք բերում, իսկ անհավատը, այդ պայքարից հեռու լինելով, հոգևոր ստրկության մեջ է ապրում: Մարդկության պատմության մեջ տեսնում ենք, որ Աստված պատժում է միայն այն բանից հետո, երբ ապաշխարության մի շարք հնարավորություններ է տալիս:

Ինչպես Կայենին էր մեղքը իշխում, այնպես էլ այսօր շատ մարդիկ մեղքերի գերիշխանության տակ են, իսկ եկեղեցու կողմից հաստատված պահեցողության շրջանները օգնում են մարդուն աստիճանաբար ազատվել մեղքի գերիշխանությունից: «Երբ Քրիստոս մեռավ, մեղքի համար մեռավ, մեկընդմիշտ, և հիմա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ դրանք հնազանդեցնելով իր ցանկություններին: Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծու ձեռքում» (Հռոմ. 6:10-14):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

04.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․