Գրքեր

Մի ամանորյա պատմություն

Նախատոնական օրերին Պետրովը սաստիկ վհատվեց: Եվ եթե անկեղծ լինենք՝ պատճառ կար: Դեպի Եվրոպա ամանորյա ճամփորդությունը չեղարկվեց ճգնաժամի պատճառով: Դոլարի կուրսն իրեն կապը կտրածի պես էր պահում: Սիրելի ռեստորանն անորոշ ժամանակով փակվեց: Վհատված Պետրովը մոռացավ մտնել այն սուպերմարկետը, որտեղից սովորաբար գնումներ էր կատարում: Ստիպված կանգ առավ իր տան մոտ գտնվող հին գաստրոնոմի մոտ: Պետրովը վաղուց չէր եղել նման անհրապույր տեսքով խանութում: Իսկ մանկության օրերին և պատանեկության տարիներին միայն այստեղ էր վազում, քանի որ մոտակայքում այլ խանութներ չկային: Այստեղ գազով ջուր էին վաճառում, և նա սիրում էր կրկնակի մրգահյութով, պղպջակներով լի մի բաժակ գազով ջուր գնել: Ինչպես նաև 22 կոպեկանոց էսկիմո… Մայրը ժամերով հերթ էր կանգնում, ու մեկ կիլոգրամ բժշկական կամ սիրողական երշիկ էր բերում տուն՝ մեկ հոգուն այդքան էին տալիս: Իսկ անկյունում Տոնյա մորաքույրն էր նստում, և մսով տաք-տաք կարկանդակներ վաճառում՝ մոխրագույն թղթով փաթաթելով: Հիշողություններով տարված, չնկատեց, թե ինչպես մի տատիկի դիպավ: Ներողություն խնդրեց: Նա գլխով արեց: Այն սուպերմարկետներում, որտեղ սովորաբար լինում էր Պետրովը, նման տատիկներ չէին հանդիպում: Այնտեղ գործարար տղամարդիկ ու նրբագեղ կանայք էին շրջում սայլակներով: Հավանաբար բոլոր տատիկները մնացել էին այնպիսի մամռակալած գաստրոնոմներում, ինչպիսին դա էր: Չգիտես ինչու, Պետրովը կանգ առավ ու որսաց տատիկի հայացքը: Նա շողացող աչքերով նայում էր ցուցափեղկի խաղողին: Պետրովը նույնպես խաղողին նայեց: «Իզաբելլա» տեսակի էր: Այնքա՜ն բուրավետ, հատիկը հատիկին, և ասես յուրաքանչյուրի մեջ արևի շողն էր արտացոլվել, և ասես յուրաքանչյուրի մեջ պահպանվել էր հարավային բերրի հողի ջերմությունը: Իսկ բույրն ուղղակի խենթացնող էր:

- Ի՜նչ լավ խաղող է,- չգիտես ինչու Պետրովն ասաց տատիկին:

Վերջինս ժպտաց և անկեղծացավ նրա հետ, ասես հին ծանոթներ լինեին.

- Այո՜, տղաս, ահա, կանգնել եմ այս խաղողի կողքին ու չեմ կարողանում հեռանալ: Այնպե՜ս քաղցր է բուրում… Ուզում էի Նոր Տարվա համար մի ողկույզ գնել, բայց արդեն բոլոր գնումներն արել եմ՝ կաթ, հաց, ձավարեղեն, երկու հարյուր գրամ երշիկ ու մի քիչ ձուկ փիսիկիս համար: Եվ փողը վերջացավ: Իսկ դեռ պետք է մինչև մյուս թոշակը ձգել: Ես էլ, ահա, կանգնել ու Կրիլովի առակի աղվեսի պես ինձ համոզում եմ. «Երևի խաղողը թթու է, երևի համեղ չէ»: Պետրովը զգաց, թե ինչպես քթի մեջ ծակծկեց, ինչպես մանկության օրերին գազով ջրից էր լինում: Նա ասաց.

- Տատի՛կ, սպասեք… Ամանորյա նվերից չե՞ք հրաժարվի: Խնդրում եմ, շնորհ արեք, ընդունեք այն իմ կողմից:

Տատիկը սկզբում գլուխը տարուբերեց, բայց, հավանաբար, Պետրովի ձայնի մեջ ինչ-որ բան կանգնեցրեց նրան: Նա համաձայնեց ու քնքշությամբ ասաց.

- Կընդունեմ, տղա՛ս:

Եվ ուրախացած Պետրովը գնեց խաղողը, ոսկեգույն մանդարիններ էլ գնեց, ու մի լիքը տոպրակ ուրիշ մթերքներ: Նա տատիկին տուն հասցրեց իր մեքենայով, նրա պայուսակը պանելային հին հինգհարկանիի երրորդ հարկը հասցրեց, և այդ ողջ ժամանակ տարօրինակ զգացում ուներ՝ այդ ոչ թե ինքն է նրան ծառայություն մատուցում, այլ՝ նա իրեն: Երբ միմյանց հրաժեշտ տվեցին, տատիկը հարցրեց նրա անունն ու ավելացրեց. «Տերը քեզ պահապան, տղա՛ս»: Նա շրջվեց ու տեսավ, որ տատիկն իր փոքրիկ չորուկ ձեռքով խաչակնքում է իր ետևից: Պետրովը դուրս եկավ մուտքից: Շուրջբոլորն այնպես էր, ինչպես մի քանի ժամ առաջ՝ շարունակում էր ձյուն տեղալ: Ճգնաժամն էլ էր շարունակվում, դոլարն էլ էր թռչկոտում, ոչինչ չէր փոխվել, բացի… Նա ուշադրությամբ իր հոգուն ականջ դրեց՝ բացի վհատությունից: Վհատությունն անհետ կորել էր, գոլորշիացել, վախկոտի պես փախել էր, իսկ հոգում թռչուններ էին երգում: «Է՜հ, ի՜նչ լավ բան է կյանքը »,- մտածեց Պետրովը:

 

Օլգա Ռաժնյովա

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

29.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․