26 Փետրվար, Դշ, Մեծ Պահքի Գ օր

Գրքեր

Միասնական աղոթքով հաղթահարված բարձունքները

Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի ճանապարհը: Նրանք դեպի Աստված տանող իրենց ուղին հաճախակի են ամրապնդում ուխտի ճանապարհներով՝ սաղմոսերգուի հետևյալ խոսքի համաձայն. «Աջդ զորավիգ եղավ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. Քո խրատն իմաստուն կդարձնի ինձ: Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, և ընթացքն իմ չտակարացավ» (Սաղմոս 17:36-37):

Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցում երիտասարդները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի՝ վանքի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Ծատուրյանի մատուցմամբ: Պատարագիչը մինչ քարոզը ողջունեց ներկաներին և ուխտավոր երիտասարդներին, ապա, ըստ օրվա ավետարանական հատվածի, հորդորեց Աստծո և մերձավորի հանդեպ սիրո մեջ ամուր մնալ՝ մեջբերելով Ս. Պողոս առաքյալի «Սիրո օրհներգ» հատվածը (Ա Կորնթացիներ 13:1-13): ««Սիրիր քո տեր Աստծուն» պատվիրանի կրողներն են այսօր Ս. 

Պատարագին ներկա երիտասարդ ուխտավորները, ովքեր, երկար ճանապարհ կտրելով, հաղթահարել են դեպի Տեղերի վանք տանող բարձունքը՝ Տիրոջը փառաբանելու և Նրա օրհնությունը հայցելու նպատակով»,- ասաց Տեր Հայրը:

Ս. Պատարագի ավարտին Տեր Մամբրե քահանան երիտասարդներին ներկայացրեց Տեղերի վանքի պատմությունը: Երիտասարդները տեղեկացան, որ Տեղերի վանքի Ս. Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը 1213-32 թթ. կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետ Աղբայրիկ վարդապետի ձեռքով: Եկեղեցին կառուցելիս Մամախաթուն իշխանուհին, երբ գտել է վանքի կառուցման վայրը, ասել է. «Ահա գտա տեղը», որտեղից էլ առաջ է եկել Տեղեր անվանումը:

Տեր Վահանը և երիտասարդ ուխտավորներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Տեր Մամբրեին: Այնուհետև երիտասարդներն իրենց հանգիստն անցկացրեցին Արագածի լեռան փեշերին՝ թիկունքում ունենալով Տեղերի վանքը, իսկ առջևում՝ Մասիսի սրբազան լեռը: Սիրո ճաշից հետո երիտասարդաց միության անդամ Հրաչյա Բեգլարյանը սաղմոսներ ընթերցեց, ապա Տեր Վահանը զրույց ունեցավ երիտասարդների հետ: Հոգևոր և մարմնավոր սնունդից հետո բոլորն ուրախությամբ ունկնդրեցին միության անդամ Գրիգոր Թովմասյանի երգերի կատարումները՝ կիթառի նվագակցությամբ: Երիտասարդ ուխտավորները, վայելելով բնության գեղեցկությունը, առավել ակնառու էին զգում աստվածային արարչագործության զորությունն ու վեհությունը:

«Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ճանապարհը եզրափակվեց Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցում միասնաբար հնչած աղոթքով, որից հետո երիտասարդները՝ խաղաղված, աստվածային օրհնությամբ և սիրով լիացած, վերադարձան Երևան:

 

Կարինե Սուգիկյան

21.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․