Գրքեր

Մուտն ի Վիրապ

Յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.

 

«Եղեն ինձ արտասուք իմ կերակուր

ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին

զիս զօրհանապազ` թէ Ո՞ւր է Աստուած քո»,

«Գիշեր–ցերեկ իմ արցուքներով սնվեցի,

քանզի ամեն օր ինձ ասում էին.

«Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԲ (Ա):4):

 

Սիրելի ուխտավոր հավատացյալներ, ահավասիկ սաղմոսի այս սեղմ տողերի մեջ են ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու տանջանքները, Ում չարչարանքների ու Վիրապ նետվելու հիշատակն է այսօր: Երևակայել կարելի է, թե որքան անգամ են Ս. Գրիգորին հեթանոս արքան ու արքունիքը հարցրել, թե. «Քո Աստվածն ո՞ւր է» ու չստանալով իրենց ուզած պատասխանը` չարչարել: Նրանք իրենց չաստվածներին տեսնում էին ու նաև պատրաստում և դրանց զոհաբերություններ մատուցում, իսկ ովքեր հրաժարվում էին, ենթարկում էին մահապատժի, ինչպես որ եղավ մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի պարագային:

Սաղմոսի այս տողերի մեջ նկարագրվում է այն նախատինքներն ու լուտանքները, որին ենթարկվեց և այս բոլոր չարչարանքների մեջ ամենանվաստացուցիչն ու դառն արցունք բերողը հեթանոս հայերի այս հարցումն էր. «Քո Աստվածն ո՞ւր է», որ մեր աստծուն զոհ չես մատուցում: Նրանք ուզում էին, որ իրենց ցույց տա իր պաշտած Աստծուն: Ու կարծես որպես մարգարեություն, Լուսավորչի պարագային, իրականություն էին դառնում սաղմոսի այս տողերը. «Երբ ոսկորներս փշրվեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ` ամեն օր ասելով. «Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԱ:11): Ահա այսպես Ս. Գրիգորը բազում անգամներ լսեց այս հարցն իրեն տանջողներից ու Տրդատ արքայից, որովհետև հեթանոս ու շնացող ազգը նշան էր հայցում, բայց նրանց այլ նշան չտրվեց, քան միայն Ս. Լուսավորչի խոնարհ ու լուռ, բայց միևնուն ժամանակ համառ ու անտեղիտալի հավատքից, որի համար Սուրբը պատրաստ էր անգամ նահատակվելու:

Ս. Գրիգորն, անշուշտ, տառապում էր, բայց տառապում էր ավելի ոչ թե մարմնական տանջանքների ու կտտանքների ենթարկվելուց, այլ նրանից, որ մի ամբողջ ազգ հեթանոսության խավարի մեջ էր, տանջվում էր այն բանից, թե ինչպե՞ս կարելի է, որ մարդն ստեղծի իր աստծուն և ոչ թե Աստված մարդուն: Ու երբեմն էլ լուռ էր մնում այդ հարցի դիմաց, իր անձի միջով, սակայն, տալով դրա լավագույն պատասխանը, քանի որ Լուսավորչի մտքում միշտ հնչում էր Աստվածորդու հետևյալ պատգամը. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մտթ. ԺԶ:24): Եվ որքան ներդաշնակ է, որ մեր եկեղեցու հայրերն իրենց ամենարվեստ իմաստությամբ ավետարանական հենց այս հատվածն են ընտրել այսօրվա ընթերցվածքի համար:

Հիրավի, մի շատ դժվար և չարչարանքներ ենթադրող ճանապարհ, որ քչերին է հաջողվում այն անցնել, բայց, որքան դժվար, նույնքան էլ հնարավոր:

Եվ քչերից մեկն էլ Ս. Գրիգոր Լուսավորիչն էր, ով վերցնելով իր խաչը հետևեց Քրիստոսին ու տարիներ շարունակ Վիրապի գբում մնալով ի վերջո հեթանոս արքունիքին պատասխան տվեց, թե ուր է իր Աստվածը և այդ պատասխանով էլ մեր ազգը դարձավ քրիստոնյա` նույն արքայից ու արքունիքից սկսած:

Լուսավորչի խաչի ճանապարը, անշուշտ, չափազանց դժվար և մարդկայնորեն անկարելի էր:

Սակայն 14 տարի շարունակ Ս. Լուսավորչի աստվածահաս աղոթքներով մահվան այս գուբը հայերիս համար դարձավ սրբավայր ու ուխտատեղի:

Երբ մտքով անցկացնում ենք Սրբի անտանելի նեղությունները, դողն ու սարսափն է պատում մեզ, ինչո՞ւ լինելով բնությամբ մահկանացու և ապականացու, այդչափ չարչարանքներ էր կրում մարմնի մեջ: Պատասխանը հստակ է. նա դրանով ցույց էր տալիս, թե ո՞ւր է իր պաշտած Աստվածը, իսկ իր պաշտած Աստվածն, անշուշտ, իր հետ էր. «Եւ լուարուք զայս ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի, զի Աստուած ընդ մեզ է» (Հմմտ. Եսայի Ը:9):

Քրիստոնեական ողջ պատմության մեջ Գ. Լուսավորիչի խաչի ճանապարհը բոլորից դժվարն է եղել, առաջին հայացքից մարդու համար անտանելի այն աստիճան, որ հավակնում է առասպել լինելու, սակայն հավատքի տեսանկյունից դիտած այն աստվածճանաչողության լավագույն եղանակն է:

Ահա այստեղ է, որ ուզում եմ հիշել Հովսեփի այն հայտնի խոսքերը, որ ասաց իր եղբայրներին. «Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված իմ նկատմամբ բարի վարվեց...» (Ծննդ. Ծ:20): Եվ իրոք Աստված ոչ միայն Ս. Գր. Լուսավորչի հանդեպ բարի եղավ` պահելով նրան բազում չարչարանքներից ու վիրապի մահաբեր գբում, այլ բարի եղավ նաև հեթանոս ազգին` նրանց Լուսավորչի միջոցով դարձնելով առաջին քրիստոնյա ժողովուրդն ամբողջ աշխարհում:

Եվ այսպես Աստված մեզ հետ եղավ բոլոր ժամանակներում, թե տառապանքի և թե հաղթանակի, թե խաղաղության և թե խռովության վիճակների մեջ:

Աստված մեզ հետ եղավ մեր հավատքի պերճախոս վկայությունը եղող մեր փառակերտ տաճարների միջից` հենց նույն Գ. Լուսավորչի տեսիլքով ներթափանցված ու լուսեղինացած:

Աստված մեզ հետ եղավ մեր Հայ Գրի միջից, Օշականի Սրբի` Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի տեսիլքով ձև ու տիպ ստացած:

Աստված մեզ հետ եղավ Ավարայրի դաշտում Ս. Վարդանի կողքին կանգնած Ս. Ղևոնդի հրաշունչ աղոթքներով:

Աստված մեզ հետ եղավ Ս. Գրիգոր Նարեկացու աստվածտեսություն պարգևող խորհրդասքող աղոթք-մատյանով:

Աստված մեզ հետ եղավ մեր խաչքարերի միջից, մահվան դառնության դիմաց անմահության շունչն ապրեցնելով մեր մեջ:

Աստված մեզ հետ եղավ Իր Միածին Որդու մարմնի, վերակենդանացումով և մեր Սուրբ Եկեղեցու հարաճուն պտղաբերությամբ:

Աստված մեզ հետ է նաև այսօր` Լուսավորչակոխ այս սուրբ ու պատմական Տաճարում` Նրա իսկ միջնորդությամբ ու բարեխոսությամբ, սա մեզ համար կենդանի հավատք է, մեր բոլորի գոյության հետ շաղախված համոզում է և կյանք միանգամայն: Աստծո մեզ հետ լինելու գիտակցությունը առավել ևս ուժեղ ու ներգործոն է դառնում մեր մեջ, երբ մենք, որպես քրիստոնյաներ, հատուկ ճիգով ջանում ենք մեր գերագույն կարելին անել, որպեսզի մենք լինենք Աստծո հետ: Լինենք լիասիրտ կերպով և ոչ թե պարագայական եղանակով, լինենք վավերական ապրումով և ոչ հիշատակային անդրադարձումով, լինենք ճշմարիտ, ջերմ, անկեղծ, ամբողջական ինքնամիացումով Նրա հետ և ոչ ձևական պատկանելիության տարտամ զգացումով:

Անշուշտ, սիրելիներ, մենք, որպես քրիստոնյա պետք է փորձենք մասնակից լինել Աստվածորդու չարչարանքներին, որպեսզի հաղորդակից լինենք նաև Տիրոջ պատրաստած պսակներին: Բայց այսօր մարտիրոսության ժամանակը չէ, և ոչ էլ նահատակության շրջանը: Այսօր քրիստոնյա լինելու համար մեզ չեն սպանում, և ոչ էլ բանտարկում ու Խոր Վիրապ նետում: Այսօր մեզնից հանձնառության և նվիրվածության նահատակություն է պահանջվում և ոչ թե արյան:

Այսօր պետք է մեր անձերը կրթենք նահատակության այլ եղանակով` նմանողությամբ Ս. Գրիգոր Լուսավորչի` և գնանք Տիրոջ ետևից: Նման մեր հավատքի հոր օրինակին, ով արհամարհեց ողջ կյանքը, ուստի արհամարհենք և մենք, գոնե հատկապես նրա ուրախության համար: Նա կրակին մատնեց իր անձը, մարենք և մենք մեր անձերից ցանկության ու մեղքի հուրը: Նա արյուն թափեց, իսկ մենք, մեր մեղքերի համար, արցունք թափենք Տիրոջ առաջ ու Նրանից թողություն խնդրենք: Նա բազմաթիվ նեղություններից հետո համբերեց՝ ապրելով մահաշունչ գազանների հետ խոր վիրապում, համբերենք և մենք աշխարհալեցուն կյանքի փորձանքներից խելահասությամբ:

Եվ արդ, միայն նեղությանը չնայենք, այլ՝ պսակին, ոչ միայն ապականությանը, այլ աստվածաշնորհ հատուցմանը, ոչ միայն տանջանքին, այլ արքայության խոստմանը: Եվ այս ամենի ընդմեջեն մեր ցանկացած քայլով, որպես քրիստոնյա, կարողանանք պատասխանել մեր շրջապատի անհավատներին, թե ուր է մեր պաշտած Աստվածը:

Այո սիրելիներ, հակառակ դարերի հոլովման ու ժամանակի հեռավորության՝ նույն թարմությամբ և ուժականությամբ այսօր յուրաքանչյուր հայորդու ականջին իբրև անցյալի կենսաթով մի արձագանք, հնչում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելաշնորհ պատգամն ու հորդորը, որ մեզ առաջնորդում է հոգևոր կեցության հավիտենական բարձունքները:

Ս. Գրիգոր Լուսավորիչն այսօր մեզանում է, որովհետև նրա կատարած առաքելությունը հայ ժողովրդի կյանքում անուրանալի մեծ է եղել: Սիրելիներ, պատմությունն ազգերի կյանքի հայելին է, իսկ հայելու մեջ արտացոլվում է ճիշտ պատկերը և սրա հավաստի և լուռ վկան հայոց պատմությունն է` Լուսավորչով զարդարված, Մաշտոցով համեմված և Նարեկացիով օծված ու յուղված:

Թող Ս. Գրիգոր Լուսավորչի մշտահունչ բարեխոսությունը հավետ հնչի երկնքում մեզ համար, որպեսզի երբեք չշեղվենք մեր աստվածուսույց ճանապարհից և մենք էլ որպես Լուսավորչի զավակներ և Քրիստոսի հետևորդներ կրենք կյանքում մեզ բաժին հասած խաչը և հենց դրանով էլ կարողանանք պատասխանել անհավատ ու հեթանոս մարդկանց, թե ուր է մեր Աստվածը, այն Սուրբ Աստվածը, Ով Պարթևական մեղապարտ ազգից մեզ Լուսավորիչ շնորհեց:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. Ամէն:     

 

 

Տ. Նարեկ վրդ. Ավագյան

(Քարոզը խոսվել է Սուրբ Խոր Վիրապ Վանքում, 20 Մարտի, 2010 թ.)

            

01.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․