Գրքեր

«Մուտք Երուսաղեմի» ուրախ տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն:

Վաղ առավոտից մինչև երեկո Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելում մեծ թվով հավատավոր հայորդիներ՝ ծաղկազարդյան տոնի խորհրդին և ուրախությանն իրենց մասնակցությունը բերելով: Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու խորհրդակատար Տեր Մովսես  քահանա Սահակյանը:  Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Հավարտ Ս. Պատարագի Տեր Մովեսը մանուկների օրհնության կարգ կատարեց և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը:

Օրհնության կարգից հետո ծաղկազարդյան տոնախմբությունը շարունակվեց եկեղեցու բակում, որ տոնական շունչ էր ստացել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ջանքերով: Բակային տոնական ձևավորումը հանդիսավոր տրամադրություն էր փոխանցում բոլորին: Տոնական օրվա ընթացքում տիկնանց միությանն օգնում ու աջակցում էին «Զորավոր» երիտասարդաց միությունն ու  կիրակնօրյա դպրոցը:             

Ծաղկազարդյան ուրախ տոնի սկիզբն ազդարարեցին «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց տոնական ելույթով. նրանք փառաբանական սաղմոսներ արտասանեցին, սաներից Մարիան կատարեց «Խիո խիո» երգը, իսկ մյուսները ձայնակցեցին նրան: Ուրախ տոնախմբությանը կիրակնօրյա դպրոցի հրավերով մասնակից եղան Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների ու Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցների սաները: Հրավիրյալներից երաժշտական դպրոցի սաները հանդես եկան հայկական ավանդական նվագարաններից սանթուրով և ներկաներին ազգային երգը հրամցրին ազգային նվագարանով:

Այնուհետև երեխաներին սպասում էին ստեղծագործական ուղղվածության մի շարք խաղեր. երեխաների մի մասին գրավել էր կավճանկարը, մյուս մասին՝ տոնին համահունչ թեմաներով նկարների գունազարդումը, մի մասն իր տոնական տրամադրությունը պատկերում էր մոլբերտների վրա տեղադրված թղթերին, մյուս մասը գունավորում էր կավե փոքրիկ արձանիկները, պատրաստում էին ճոճվող և ձվից դուրս եկող ճուտիկներ, ձևավորում էին տոնական քաղցրաբլիթներն ու ճաշակում, ակվամոզաիկա էին խաղում, ամենափոքրիկներին գրավել էին ավազով խաղերը: Երեխաները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական ավանդական թոնրին: Իսկ տաղավարներից մեկում երեխաները լուսանկարվում էին՝ որպես ճուտիկ և նապաստակ: Ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին. տոնական տորթը ճաշակելուց հետո հետաքրքրաշարժ խաղերով ու համարներով, երգ ու պարով մանուկների տոնական օրը հարստացրին «Բումբումիկ»-ի Վինկի ծաղրածուն ու աճպարարը: Այնուհետև տոնախմբությանը մասնակից երեխաները նվեր ստացան հոգևոր մանկական գրականություն և նվերներով ձվիկներ: Ծաղկազարդյան ուրախ տոնն առիթ հանդիսացավ կիրակնօրյա դպրոցների սաների ու մյուս երեխաների համար՝ միմյանց հետ ծանոթանալու և ընկերանալու: Հրավիրյալ կիրակնօրյա դպրոցի սաները շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և իրենք էլ իրենց հերթին նվերներ փոխանցեցին «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաներին: Ծաղկազարդի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի փոքրիկ անդամներին համախմբել էր խաղերի, երգի ու պարի շուրջը, իսկ մյուս անդամներին՝ տոնական սեղանների շուրջը:

«Մուտք Երուսաղեմի» տոնը Քրիստոսի հետևորդներին հիշեցնում է ամեն օր փառաբանել Տիրոջը, ինչպես փառաբանեցին Երուսաղեմում Քրիստոսին դիմավորող երեխաները, առավել ևս ծծկեր երեխաները՝ նորածինները (Մատթ. 21:15-17): Եկեղեցու հայրերն այս մասին ասել են. «Տարօրինակ և անբնական էր տեսնել ծծկեր մանուկների տեսարանը, որոնք իրենց առաջին խոսքն ուղղեցին Տիրոջը՝ ասելով «Օվսաննա», այսինքն՝ «փրկի՛ր»: Ո՞վ լուսավորեց և սովորեցրեց նրանց, ո՞վ խելացի դարձրեց և խրատեց, երբ դեռ խոսքի ժամանակը չէր եկել: Ո՞վ անսպասելիորեն խոսք տվեց խոսքի մեջ ոչ հմուտներին, եթե ոչ Քրիստոս: Նորածինները հանկարծ ընդունակ դարձան խոսելու Աստծու մասին, Նրան նվիրաբերելու մարգարեական խոսքը՝ անմարմինների երգը՝ բացականչելով. «Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով. օրհնյա՜լ լինի քո թագավորությունը» (Մարկ. 11:9-10)»:

 

 

Կարինե Սուգիկյան

 

25.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․