Գրքեր

«Ողորմած լինենք, որպեսզի ինքներս էլ ողորմություն գտնենք»

Քրիստոնեությամբ նոր կյանքի սկիզբը դրվեց: Քրիստոսի շնորհիվ մարդը, իր հին ինքնությունից հրաժարվելով, վերանորոգվեց հոգով՝ կարևորելով Տիրոջը հետևելու ընթացքն ոչ թե խոսքերով, այլ գործերով:

Քրիստոսի պատկերը և արտացոլումը կրող ճշմարիտ քրիստոնյայի կապն ու միությունն իր Փրկչի հետ այնպիսին է, ինչպիսին յուրաքանչյուր մարմնի անդամի կապը գլխի կամ էլ ճյուղինը որթատունկի հետ:

«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ինչպես որ Իմ Հայրն Ինձ սիրեց, նույնպես էլ Ես ձեզ սիրեցի: Մնացե՛ք իմ սիրո մեջ: Եթե Իմ պատվիրանները գործադրեք, մնացած կլինեք Իմ սիրո մեջ: Մեծագույն սերն այն է, որով մարդ ինքն իրեն է զոհում իր բարեկամների համար»,- ասել է Քրիստոս (Հովհաննես 15:5; 9-10; 13):

Քրիստոսահիմն եկեղեցու առաքելությունն է, որ որքան հնարավոր է Որթատունկի հետ բոլոր ճյուղերի կապն ամուր լինի, իսկ ամրությունը հաստատվում է միմյանց սիրելու պատվիրանով:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իր տնայցներն անապահով ընտանիքներին: Հերթական տնայցով՝ մարտի 16-ին համայնքն աջակցեց Սարի Թաղի 6-րդ փողոցի 74-րդ տանը բնակվող բազմանդամ անապահով ընտանիքին: 12 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երկու սենյականոց բնակարանում, որ խոնավանում է տան կտուրի անսարքության պատճառով: 54-ամյա Խաչատրյան Սվետլանան ասաց, որ ընտանիքի վեց անդամները հաշմանդամության կարգ ունեն, ոչ ոք չի աշխատում, միայն հաշմանդամության գումարները չի բավարարում ապրելու, կոմունալ ծախսերը վճարելու և դեղորյաք գնելու համար: Տիկին Սվետլանայի հարսը տառապում է փտախտ հիվանդությամբ, նոր է վիրահատվել, բայց հետվիրահատական ընթացքի բուժման և դեղորյաքի համար ընտանիքը անհրաժեշտ գումարը չունի:

Ընտանիքի և նրա խնդիրների հետ ծանոթությունից ու զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, ապա նրանց հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ, հիգիենայի և անկողնային պարագաներ, դրամական օգնություն: Սիրուց մղված համայնքի հերթական աջակցությունն ուրախություն էր պատճառել բազմանդամ ընտանիքին:

Սբ. Հովհան Ոսկեբերանի խրատներում կարդում ենք, որ ողորմությունն առաջանում է սիրուց և ոչինչ այնպես չի բարկացնում Աստծուն, ինչպես՝ անողորմ լինելը, ապա շարունակության մեջ նշում է. «Եվ այսպես, ողորմած լինենք, որպեսզի ինքներս էլ ողորմություն գտնենք: Ոչ այնքան նրանց համար, այլ՝ ինքներս մեզ համար, որովհետև մենք այդպիսով յուղ ենք հավաքում մեր լապտերներին այն ահավոր օրվա համար: Երբ կլինի հուժկու կրակ ու բոց, այնժամ այս յուղը կհանգցնի այդ կրակը և կդառնա մեզ համար լույսի պատճառ: Նման ձևով մենք կփրկվենք գեհենի կրակներից: Հակառակ դեպքում, ինչպիսի՞ գթասրտություն պիտի ցույց տա մեր հանդեպ Աստված, ինչպե՞ս պիտի ողորմի մեզ»:

 

Կարինե Սուգիկյան

16.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․