Գրքեր

Ողորմություն սերմանողը հավիտենական կյանք է հնձում

Սաղմոսերգուն երանի է տալիս նրան, ով հոգ է տանում աղքատին՝ նշելով, որ Տերը նեղության օրը կփրկի նրան (Սաղմոս 40:1): Իսկ Միքիա մարգարեն իր մարգարեության գրքում հետևյալ հարցումն է տալիս՝ Տերը քեզանից ի՞նչ է պահանջում և ի պատասխան նշում է՝ ողորմություն սիրել (Միքիա 6:8):

Տիրոջ խոսքը լսելու, Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու և Նրա կամոք ապրելու մեծ ցանկությունն է, որ հավատավոր մարդկանց համախմբում է Աստծո տանը՝ որպես մի ամբողջություն և համայնք: Իսկ յուրաքանչյուր համայնքային կյանք աճում է և զորանում ի փառս Աստծո կատարված բարի գործերով: Նման օրինակներով հարուստ է Սբ. Գիրքը՝ Սբ. Պողոս առաքյալն իր քարոզչության ընթացքում Կորնթոսում իր կողմից հիմնած եկեղեցուն հորդորում էր, որ ամեն կիրակի յուրաքանչյուրը մի կողմ դնի փոքր մի խնայողություն իր կարողության չափով՝ որպես օգնություն Երուսաղեմի հավատացյալների (Ա Կորնթացիներ 16:1-3): Եվ Քրիստոսի եկեղեցին դարեդար քայլում է դեպի Քրիստոս՝ որպես հիմք ունենալով աստվածսիրությունն ու եղբայրսիրությունը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ շարունակում է իր ծառայասիրության ուղին:

Մայիսի 19-ին համայնքը խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի և սպասավոր Րաֆֆի սրկ. Գույումջյանի գլխավորությամբ այցելեց կարիքի մեջ գտնվող անապահով բազմազավակ Գրիգորյան ընտանիքին:

Չորս զավակների մայրը՝ Գայանե Գրիգորյանը, նշեց, որ իրենց ընտանիքն ապրում է վարձակալությամբ և միայն մեկ տարի է, ինչ սկեսուրի մահից հետո տեղափոխվել են ամուսնու հայրական տուն, քանի որ սկեսրայրը 1-ին կարգի հաշմանդամ է և խնամքի կարիք ունի: Նրա խոսքով՝ իրենք նյութական դժվարության մեջ շատ հաճախ են հայտնվում, քանի որ ամուսինը, շինարար լինելով, մշտական աշխատանք չունի, իսկ ընտանեկան նպաստը չի բավարարում ընտանիքի կարիքները հոգալու համար: Այցի ժամանակ ընտանիքը գտնվում էր Գայանե Գրիգորյանի հայրական տանը՝ Նորաշեն թաղամասի 16 հասցեում գտնվող:

Տեր Վահանը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի կողմից պատրաստած սննդի փաթեթները՝ մաղթելով նրանց, որ Տիրոջ օրհնությամբ և պահպանությամբ հաղթահարեն բոլոր դժվարությունները և շարունակեն իրենց կյանքի խաղաղ ընթացքը:

«Ողորմություն սերմանեցիր՝ հավիտենական կյանք հնձիր նրանից. մարդասիրություն սերմանեցիր՝ Աստծո գթությունը հնձիր. անողորմություն սերմանեցիր՝ փուշ ու տատասկ քաղիր» (Սբ. Սարգիս Շնորհալի):

 

 

Կարինե Սուգիկյան

19.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․