Գրքեր

Պոռնկությունից զգուշանալու մասին

Արևելքում ազգությամբ ասորի, Եփրեմ անունով մի եղբայր կար, որը աստվածապաշտ և ամեն տեսակ չար գործերից հեռու մարդ էր: Նա ցանկացավ տեսնել Եդեսիա քաղաքը և աղոթք անելով՝ ասաց. «Տե՛ր և Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս, արժանացրո՛ւ ինձ տեսնելու Եդեսիա քաղաքը, և իմ` այնտեղ գնալուց հետո արժանացրո՛ւ ինձ քաղաքում այնպիսի մարդու պատահելու, որ սիրահոժար ինձ հետ քննության առնի Գրքերը»: Երբ հասավ քաղաքի դռներին, նրան հանդիպեց մի կին, որը պոռնիկ էր: Աստծո ծառան, տեսնելով նրան, կանգնեց տրտում և ինքն իրեն ասաց. «Տե՛ր, անտեսեցիր ծառայիդ աղաչանքը. ինչպե՞ս կարող է դա Գրքով խոսել ինձ հետ»: Իսկ պոռնիկը կանգնած նրան էր նայում: Սուրբ Եփրեմը նրան ասաց. «Ասա՛, կի՛ն, ինչո՞ւ ես ապշած նայում ինձ»: Եվ պոռնիկն ասաց. «Ես պետք է քեզ նայեմ, որովհետև քեզնից դուրս եկա, բայց քեզ վայել չէ նայել ինձ, այլ՝ հողին, որտեղից առնվեցիր»: Այս լսելով՝ սուրբ Եփրեմը զարմանքով փառավորեց Աստծուն, որ կինը այդպիսի իմաստուն պատասխան բարբառեց՝ հասկանալով, որ Աստված անտես չառավ իր աղաչանքը: Քաղաք մտնելով` իջևանեց իշխանական վաճառատան մոտ, և այնտեղ՝ ոչ շատ օրեր անց, տեսավ մեկ այլ պոռնիկի, որը, սատանայից դրդված, մոտեցավ նրա պատուհանին, որպեսզի գայթակղեցնի նրան: Երբ տեսավ, որ սուրբը տաք կերակուր էր պատրաստում, ասաց. «Օրհնի՛ր, հա՛յր»: Եփրեմն ասաց. «Ամենասուրբն Աստված օրհնի քեզ, դո՛ւստր»: Պոռնիկն ասաց.. «Քո կերակուրից ի՞նչ է պակաս»: Եվ սուրբն ասաց. «Երեք քար և մի քիչ ցեխաշաղախ, որպեսզի գոցեմ և ծեփեմ այդ պատուհանը, որին դու կռթնել ես»: Կինն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ այդպես բարկությամբ պատասխանում. ես կամենում եմ ննջել քեզ հետ, իսկ դու ինձ հետ այդպես ես խոսում»: Սուրբն ասաց. «Եթե այդպես ես կամենում, ուր ես ասեմ` ե՛կ, և կննջենք միասին»: Պոռնիկն ասաց. «Ասա՛ ինձ տեղը, և կգամ` ուր կամենաս»: Հայր Եփրեմն ասաց. «Եթե ցանկանում ես ննջել ինձ հետ, ուրիշ տեղ չկա, բացի քաղաքի հրապարակից»: Կինն ասաց. «Չե՞նք ամաչում մարդկանցից, որ այդ գործը քաղաքի մեջտեղում անենք»: Հայր Եփրեմն ասաց. «Եթե մարդկանցից ամաչում ենք, ապա որքա՜ն ևս Աստծուց պետք է ամաչել և զարհուրել, որ գիտե մարդկանց գաղտնիքները, քանզի նա Ինքն է, որ դատում է ողջերին և մեռածներին և յուրաքանչյուրին հատուցում է ըստ իր գործերի»: Այս լսելով պոռնիկը և սթափվելով այդ խոսքերի վրա` եկավ և ընկավ սուրբի ոտքերը, լաց եղավ և ասաց. «Ծառա՛ Աստծո, առաջնորդի՛ր ինձ դեպի փրկության ճանապարհը, որպեսզի իմ բազում և չար գործերից փրկվեմ»: Իսկ հայր Եփրեմը մեծապես հուսադրեց նրան Սուրբ Գրքով և հաստատելով նրան ապաշխարության մեջ՝ վանք մտցրեց և ապրեցրեց նրա հոգին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․