Գրքեր

Քրիստոնեությունը հոգով ուժեղ մարդկանց կրոն է

Առօրյա կյանքում մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ խոսքի միջոցով: Խոսքի միջոցով տեղեկացնում են միմյանց իրենց կարիքների մասին, երախտագիտություն հայտնում, գովաբանում կամ նախատում, ուսուցանում ու խրատում։ Իսկ նա, ով հավատում ու սիրում է Աստծուն, չի կարող ապրել առանց Նրա հետ հաղորդակցության: Երբ մարդու հոգին անընդհատ զբաղված է աշխարհիկ հոգսերով ու խնդիրներով և անփություն պատճառով ընկնում է մեղքերի մեջ, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, զրկվում է աստվածային օրհնությունից, շնորհներից և երկնային օդից՝ աղոթքից՝ աստիճանաբար ենթարկելով իրեն հոգևոր մահվան: Եվ հակառակը, աղոթքով հոգին լուսավորվում է, զորանում և կատարելության ձգտում։

Քրիստոնեությունը հոգով ուժեղ մարդկանց կրոն է, քանի որ քրիստոնյան Աստծու հետ հաղորդակցությամբ ամրացնում է հոգին՝ դիմակայելու բոլոր տեսակի դժբախտություններին, վշտերին և փորձություններին: Քրիստոնյա լինել՝ նշանակում է կրել առանձնահատուկ պատասխանատվություն, այսինքն՝ հոգու փրկության մասին հոգալուց զատ աղոթքով ու գործունեությամբ նպաստել Մայր եկեղեցու և Մայր հայրենիքի զորացմանը ու շենացմանը:

 Օգոստոսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց ուխտագնացության Խոսրովի անտառ պետական արգելոցում գտնվող Ս. Պողոս և Ս. Պետրոս եկեղեցին (13-րդ դ.)։ Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր: Դեպի եկեղեցի տանող դժվարանցելի ուղին ուխտավորներն անցան աղոթքով, ապա Հայաստան և Արցախ աշխարհի համար միասնական աղոթք հնչեցրին ուխտավայրում, որ խոնարհվել է 17-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից: Սիրո ճաշով եզրափակվեց «Զորավոր արանց» միության ուխտագնացության ուղին:

Ամեն անգամ ուխտի ճանապարհ անցնող ուխտավորի հոգում ամրանում է Աստծու մեծության հանդեպ ակնածանքի, Նրա բոլոր առատաձեռնությունների հանդեպ երախտագիտության և երկուղի զգացումները: Ուխտի ճանապարհ անցնողը վստահ է, որ «աղոթքը կարող է անել ամեն բան, քանի որ այն շարժում է ամբողջ տիեզերքը կառավարող Ձեռքը» (սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի):

 

Կարինե Սուգիկյան

 

06.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․