23 Դեկտեմբեր, Բշ
- Սիրե՜նք Քրիստոսին,- թախանձանքով խնդրում էր հայր Պորֆիրիոսը։- Նա է մեր միակ հույսն ու հոգսը։ Սիրենք Քրիստոսին միայն հանուն Իրեն՝ մոռանալով սեփական անձը։ Երբեք՝ ոչ հանուն քեզ։ Թող Նա մեզ տանի այնտեղ, ուր կամենում է։ Թող տա մեզ այն, ինչ Ինքն է ուզում։ Չսիրենք Նրան հանուն Նրա պարգևների։
Եսասիրություն է ասելը, թե Քրիստոս ինձ կտեղավորի ամենասքանչելի օթևանում, որ ունի։ Քրիստոս պատրաստել է այն՝ ինչպես ասվում է Ավետարանում․ «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան ․․․․որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ․ 14։2, 3): Հարկ է այսպես ասել․ «Տեր իմ Հիսուս Քրիստոս, թող լինի այնպես, ինչպես կկամենա Քո սերը, միայն թե ապրեմ Քո սիրո մեջ»։
Ես՝ նզովյալս, ինչ կարող եմ ասել ձեզ․․․ ես խիստ տկար եմ։ Ես չեմ հասել Քրիստոսի հանդեպ մեծագույն սիրուն, որպեսզի հոգիս Նրա հանդեպ կարոտից տոչորվի։ Զգում եմ, որ հույժ հեռու եմ դրանից։ Այդպիսի զգացողություն ունեմ։ Ես չեմ հասել նրան, ինչ ցանկանում եմ, այդ սիրո փորձառությունը չունեմ։
Սակայն չեմ վհատվում։ Ինձ հանձնում եմ Աստծու սիրուն ու ասում Քրիստոսին․ «Գիտեմ, որ անարժան եմ։ Ուղարկիր ինձ այնտեղ, ուր Քո սերը կկամենա։ Դա եմ ցանկանում։ Ողջ կյանքս ծառայել եմ Քեզ»։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը