Գրքեր

Սաղմոս ՁԶ

Կորխի որդիների օրհնության սաղմոս:

Սաղմոսը հեթանոսների կոչման, եկեղեցու անդրանկության և հավատացյալների առաքինության խորհուրդն ունի:

1. Հիմունք նորա ի լեառն սուրբ նորա. սիրէ Տէր զդրունս Սիովնի առաւել քան զամենայն յարկսն Յակովբայ:

Նրա հիմքերն իր սուրբ լեռան վրա են. Տերը սիրում է Սիոնի դարպասներն ավելի, քան Հակոբի բոլոր վրանները:

Հիմքերը Քրիստոսն է, որ գլուխն է եկեղեցու: Սուրբ լեռան՝ Աբրահամի և Իսահակի վրա, որոնք մոտեցան այնտեղ, ուր կախված էր խոյը: Դարձյալ՝ հիմքերը առաքյալներն են, լեռը՝ աստվածպաշտության հավատը: Նաև՝ եկեղեցին գծագրվեց դրախտում, տապանում և Սինայում և կառուցվեց առաքյալների և մարգարեների հիմքերի վրա, որոնց դրեց Աստված եկեղեցում. նախ՝ առաքյալներին, ապա՝ մարգարեներին: Սիրում է Տերը վերին Սիոնի դարպասները, ինչպես Պողոսն է ասում. «Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին» (Եբր. 12:21), և նրա դարպասները՝ ամբողջ աշխարհի եկեղեցիներն են, որ սիրում է Աստված: Նաև հիմքեր և դարպասներ են նրանք, որոնց ասաց. «ձեզ ծառաներ չեմ կոչում, այլ՝ բարեկամներ» (Հովհ. 15:15), նաև՝ «Սիրեց յուրայիններին… և իսպառ սիրեց նրանց» (Հովհ. 13:1), նաև՝ «եթե իմ մեջ մնաք, և ես էլ՝ ձեր» (Հովհ. 15:7), սրանք միավորվեցին Աստծու լեռան հետ՝ նույն իր՝ Տիրոջ հետ: Տերը սիրում է Սիոնի դարպասները առավել, քան խորանը, տաճարը, ժողովարանը, սրանք են տասներկու դռները՝ ամբողջովին մարգարիտներից, որ տեսավ Հովհաննեսը (տե՛ս Հայտ. Հովհ. 21:21):

2. Փառաւորեալն խօսեցաւ վասն քո, ահաւադիկ քաղաքդ Աստուծոյ:

Ահավասիկ փառավորյալը խոսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու:

Փառավորյալ Աստված խոսեց քո մասին մարգարեների մեջ և Պետրոսին ասաց. «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին» (Մատթ. 16:18): Կամ փառավորյալ խոսքեր ասվեցին մարգարեների, առաքյալների, Գաբրիելի, ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի կողմից: Ասորերենում չի ասվում. ահավասիկ քաղաքդ Աստծու, այլ՝ գյուղ Աստծու, որը գեղեցկություն է և փառքը Աստծու, այսինքն՝ եկեղեցին, իսկ քաղաքը, որ չի կարող թաքնվել, ամենակարող է, և լի ամեն տեսակ արհեստներով և գեղեցկությամբ: Ահավասիկ է ասում կարծես հստակ երևում է աչքերի առջև: Քաղաքդ Աստծու, որի վրա իր անունն է, և պատշաճ է նրա մեծությանը:

3. Յիշեցի զՌահաբ և զԲաբելովն, ոյք ճանաչեն զիս. ահա այլազգիք և Ծուր և ժողովուրդք հնդկաց՝ սոքա եղեն անդ:

Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա և այլազգիներն ու Տյուրոսը, և Հնդկաստանի ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ:

Ռահաբը, որի շնորհիվ հիշվում են քանանացիները, Բաբելոնով՝ բոլոր քաղդեացիները և պարսիկները, որոնք ճանաչում են ինձ. չափազանց չար են, որոնց չի մերժում: Ահա և այլազգիները՝ փղշտացիները, Տյուրոսը, փյունիկացիները, ասորիները և հայերը, հնդիկ ժողովուրդը, որ ամբողջ Լիբիան է, սրանք և բոլոր ազգերն ու լեզուները, որոնք հավատքի եկան և դեռևս գալու են, որ մարգարեական աչքով տեսնում է վերին Սիոնում գեղեցկացած, և մի կողմ թողած ամեն տեսակ հնություն, սևություն և աղտեղություն, հայտնի եղան այնտեղ, ասում է, այսինքն՝ վեր ելան:

4. Սիովնի ասի մայր, և մարդ ծնաւ ի նմա. և ինքն հիմունս արկ ի նմա Բարձրեալն:

Սիոնը պիտի մայր կոչվի, որտեղ մարդը ծնվեց, և նրա հիմքերը Բարձրյալն անձամբ գցեց:

Յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար Սիոնը մայր է կոչվում, որը մեր բնությունն է, ինչպես նաև այն ազգերի, որ թվարկեց: Բայց երկյուղում է Դավիթը Ռահաբին ու Բաբելոնին Աստծու մայր կոչել և Աստվածածին, քանզի նախ Տերը ծնվեց, և չհամարձակվեց ասել Աստված ծնվեց, այլ՝ մարդ, որ երկու ծնունդ ունի, քանզի հորից չի ասում, այլ՝ կույսից, որը մեր բնությունից էր: Եվ ինքն իսկ հիմքերը գցեց, ում յոթանասուն թարգմանիչները Բարձրյալ են ասում, իսկ Եսային. «Աստված, հզոր, իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի» (Ես. 9:6): Բարձրյալը նույնն է, ով խոնարհաբար ծնվեց, հիմքը դրեց անախտ ծննդյան, որի եղբայրները ծնվեցին կույս ավազանից, քանզի վերին Սիոնը մեր բնությունից [քրիստոնյաներից] է հիմնվում:

5. Տէր պատմեսցէ գրովք ժողովրդեան, իշխանացս այսոցիկ, որ եղէն անդ:

Տերը գրքում պիտի պատմի այն ժողովուրդների և իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ:

Սիմաքոսը [այսպես է թարգմանում]՝ Տերը գրքում պիտի թվարկի իր ժողովրդի իշխաններին, քանզի թագավոր և դատավոր է, իրենիներին պիտի թվարկի և անվանաբար կանչի, և իշխաններին՝ առաքյալներին պիտի գրի կյանքի գրքում, ըստ այնմ, թե. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10:20): Նաև գիրն ու Տերը Սուրբ Հոգին է, որ հավատացյալների սրտերում գրվեց: Գրքում պիտի պատմի այն ժողովուրդների մասին. առաքյալները գրքերում Հոգու իշխաններն են, ինչպես որ հաստատեց ամբողջ աշխարհում:

6. Որպես զի ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, որոց բնակութիւն իւրեանց ի քէն է:

Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակությունը քեզնից է:

Որոնց բնակությունը քեզնից տրվեց այստեղ և այնտեղ, որոնց ասացիր, թե ուրախ եղեք (Ղուկ. 10:20), և թե՝ իմ հետ կլինեք (Հովհ. 14:3): Նաև ութսունվեց թիվը խորհրդավոր է. ութ տասնյակը եկեղեցու կատարումն է, որն ութերորդ դարն է նշանակում, իսկ վեցը այն դարը, որի ժամանակ եկավ Տերը և հիմքը գցեց եկեղեցու, իսկ դռները զգայարաններն են և հոգու մասերը, որ սիրեց և վերցրեց:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

18.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․