Գրքեր

Սահման չունեցող մեղքը

Ոմանց համար դիմացինին նախանձելը թեթև և անկարևոր մեղք է: Թեթև և անկարևոր համարելով՝ անտեսում ու չեն խուսափում այդ մեղքից, որ գաղտնի ավերածություններ է տարածում, ինչը նկատում են միայն խելամիտներն ու պաշտպանվում: Մինչդեռ Տերը պատվիրում է զգոն ու իմաստուն լինել՝ խուսափելու համար հակառակորդի մահաբեր նետերից, քանի որ թշնամին միշտ արթուն է և անդադար դարանակալում է ու մարդու անփութության պատճառով կարող է նրա սիրտը ներխուժել՝ բազում ավերներ պատճառելով: Պետրոս առաքյալը ևս արթնության կոչ է անում և ասում. «Արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, առյուծի նման մռնչալով շրջում  և փնտրում է մեկին, որ կուլ տա: Հաստատուն հավատով կանգնեցե՛ք նրա դեմ՝ իմանալով, որ աշխարհում ձեր բոլոր եղբայրներն էլ նույն չարչարանքներով են անցնում» (Ա Պետր. 5:8-9): Ս. Կիպրիանոս Կարթագենացին չարին նկարագրելիս ասում է, որ նա զննում է մարդուն բերդը պաշարած թշնամու նման՝ տեսնելու՝ կա՞ ոչ այնքան ամուր հատված, որ հնարավոր լինի ներս թափանցել: Երբեմն չարը, չկարողանալով թաքուն գայթակղել, սպառնում է բացահայտ՝ վախեցնելով հալածանքի սարսափներով: Ուստի քրիստոնյան, համառություն դրսևորելով, պետք է զինվի չարի ինչպես գաղտնի մեքենայությունների, այնպես էլ ակնհայտ սպառնալիքների դեմ՝ պատրաստ լինելով հետ մղել դրանք: Խորամուխ լինելով՝ քրիստոնյան զգուշանում է նախանձի խճճված ու գաղտնի ցանցից:

Նախանձի մեղքից առաջինը տուժել է չարը, որ կործանվեց այս մեղքից և կործանիչ դարձավ: Մինչ նախանձի կործանիչ ցանցն ընկնելը, չարը զարդարված էր հրեշտակային մեծությամբ, հաճելի ու սիրելի էր Աստծուն, բայց նա, տեսնելով Աստծու պատկերով ստեղծած մարդուն, նախանձով հրահրված տապալվեց՝ նախքան ուրիշին տապալելը, գերվեց՝ նախքան ուրիշին գերելը, կործանվեց՝ նախքան ուրիշին կործանելը: Ինչպիսի չարիք է նախանձը, որի պատճառով հրեշտակն անկում ապրեց, որը տապալեց այնպիսի բարձր արարածի՝ ինչպիսին հրեշտակն էր: Այդ ժամանակից ի վեր նախանձը մոլեգնում է երկրի վրա և ով հնազանդվում է նրան, ընդօրինակում է չարին: «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, և ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն» (Իմաստ. Սող. 2:24):  

Աշխարհում առաջին եղբայրների՝ Կայենի և Աբելի միջև առաջին թշնամությունն սկիզբ առավ նախանձից. անարդար Կայենը նախանձեց արդար Աբելին, և նախանձն այն աստիճան աճեց, որ վերածվեց եղբայրասպանության: Նախանձի պատճառով Եսավը դարձավ իր հարազատ եղբոր՝ Հակոբի թշնամին, որ հորից իր փոխարեն օրհնություն էր ստացել: Նախանձը Եսավին դրդեց թշնամության և հալածանքի: Նախանձի պատճառով Հովսեփը վաճառվեց իր եղբայրների կողմից: Հրեաների առաջին արքայի՝ Սավուղի սրտում նախանձն ատելություն առաջացրեց Դավթի հանդեպ: Հաճախ հալածելով Դավթին՝ Սավուղը ցանկանում էր նրա մահը: Ս. Կիպրիանոս Կարթագենացին նախանձի վերաբերյալ իր ճառում բացի աստվածաշնչյան առանձին օրինակներ մատնանշելուց, նշում է հրեա ազգի օրինակը, որ կորստի մատնվեց, քանի որ ցանկացավ նախանձել Քրիստոսին, քան հավատալ: Փրկչի մեծ գործերը հայհոյելով՝ նրանք խաբվեցին կույր նախանձից և չկարողացան բացել իրենց սրտի աչքերը՝ տեսնելու համար աստվածային գործերը: Ուստի անհրաժեշտ է զգոնությամբ և քաջությամբ պաշտպանել Աստծուն նվիրված սիրտը կործանարար այդ չարիքից: Սուրբը նշում է, որ ճիշտ չէ այն կարծիքը, որ նախանձը մեկ տեսակի է և սահմանափակված է նեղ սահմաններում, հակառակը՝ այն տարածվում է շատ հեռու, բազմազան է ու բեղմնավոր, այն բոլոր չարիքների արմատը և ավերածությունների աղբյուրն է: Նախանձից է ծագում ատելությունը, փառասիրությունը, այն բորբոքում է ագահությունը: Նախանձը որդ է հոգու համար, թույն՝ մտքի և ժանգ՝ սրտի համար. նախանձել ուրիշի երջանկությանը կամ քաջությանը, այսինքն՝ դիմացինի և քո մեջ ատել արժանիքները, տանջվել ազնիվ մարդկանց բարօրությունից, ուրիշի փառքը քեզ համար պատիժ դարձնել: Նախանձողի համար ուրախալի ու հաճելի չեն Աստծու տված բարիքները, նա անընդհատ հառաչում է և սգում: Ամեն չարիք ունի իր սահմանը, և ամեն մեղք ավարտվում է մեղք գործելով, մինչդեռ նախանձը սահման չունի, այն շարունակական չարիք և անվերջ մեղք է: Եվ որքան հանգամանքները նպաստում են, այնքան նախանձողը վառվում է նախանձի բոցով:

Բաց վերքը շատ ավելի հեշտությամբ է բուժվում, քան չերևացողը, իսկ նախանձի պատճառած վերքերը թաքնված են խղճի գաղտնարանում և չեն ընդունում բուժման օգուտները: Նախանձողն ինքն է իր փրկության թշնամին: Ում հետապնդում է նախանձողը, կարող է նրանից խուսափել, բայց նախանձողն ինքն իրենից չի կարող փախչել, քանի որ թշնամին իր սրտում է, որ կապել է իրեն շղթաներով և դարձրել իր գերին: Ս. Կիպրիանոս Կարթագենացին հորդորում է եղբոր հանդեպ նախանձով լցվածին չընկնել մահվան ցանցը և օրինակ է բերում աստվածաշնչյան այն հատվածը, երբ աշակերտները Տիրոջից հարցրին, թե ով է իրենցից մեծը, Նա էլ, կանխելով վտանգը, ասաց. «Ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը» (Ղուկ. 9:48): Իր պատասխանով Քրիստոս ոչնչացրեց ամեն նախանձ, արմատախիլ արեց ու կտրեց նախանձի ամեն պատճառ ու առիթ: Պողոս առաքյալն էլ հորդորում է ազատվել խավարից և լուսավորվել աստվածային լույսով. «Հեռանանք խավարի գործերից և մեզ վրա վերցնենք լույսի զենքերը՝ ապրելու համար այնպես, ինչպես վայել է լույսի մեջ քայլողներին, փոխանակ ապրելու անառակությամբ և հարբեղոցությամբ, խառնակությամբ և պղծությամբ կամ նախանձով և հակառակությամբ» (Հռոմ. 13:12-13): Երբ մարդն ազատվում է խավարից, դառնում է լույսի մարդ՝ հետևելով Քրիստոսի պատգամներին, քանի որ Քրիստոս է աշխարհի լույսը: Ուստի պետք է զգուշանալ՝ չսուզվելու համար նախանձի խավարի մեջ, չշրջապատվելու նախանձի ամպերով, կույր ատելությամբ չմարելու խաղաղության և սիրո ամեն լույս, չվերադառնալու չարին՝ նմանվելով Կայենին:  

Հովհաննես առաքյալն ուղղակիորեն մեղադրում է սպանության մեջ նրան, ով նախանձում և ատելում է եղբորը. «Ով ատում է եղբորը, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ» (Ա Հովհ. 3:15): Իսկ Քրիստոսին հետևում է նա, ով պահում է Նրա պատվիրանները, գնում է Նրա հետքերով և ընդօրինակում Նրան: Կրել Քրիստոսի անունը և չգնալ Նրա մատնանշած ուղով՝ նշանակում է դավաճանել Քրիստոսի անունը: Քրիստոս առավել հաճախ ուսուցանում էր Իր առաքյալներին սիրել միմյանց այն սիրով, որով Ինքն էր սիրում իրենց: Ինչպե՞ս կարող է մարդը պահպանել աստվածային խաղաղությունն ու սերը, եթե նախանձի պատճառով ո՛չ խաղաղասեր է և ո՛չ ընկերասեր: Պողոս առաքյալը հետևյալ առաքինություններով է նկարագրում նրան, ով հավատարիմ է սիրուն. «Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը» (Ա Կորնթ. 13:4-7): Երբ անձը ջանում է դառնալ Աստծու որդի, Սուրբ Հոգու տաճար, ընդունելով Սուրբ Հոգու շնորհները, ապա սկսում է ապրել աստվածահաճո կյանքով՝ իր հայացքն ուղղելով դեպի երկինք. «Քանի որ հարություն առաք Քրիստոսի հետ, այսուհետև ձեր ուշադրությունը դարձրե՛ք դեպի երկինք, որովհետև այնտեղ է Քրիստոսը՝ նստած Հայր Աստծու աջ կողմում: Երկնավո՛ր բաների մասին խորհեցեք և ոչ թե երկրավոր բաների, որովհետև դուք այս աշխարհի համար մեռաք, որպեսզի Քրիստոսի հետ միասին ապրեք այն կյանքով, որ Աստված վերապահել է ձեզ: Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ փառքով կհայտնվեք Նրա հետ» (Կողոս. 3:1-4):  

Անհնար է երկնայինի պատկերը կրել՝ առանց Քրիստոսին նմանվելու: Տերը խոստանում է փառաբանել Իրեն փառաբանողներին. «Ես փառավորելու եմ Ինձ փառաբանողներին, իսկ ովքեր Ինձ արհամարհում են, անարգելու եմ» (Ա Թագ. 2:30): Եթե մարդկանց համար հաճելի և ուրախալի է ունենալ զավակներ, որ նման են իրենց, ապա Հայր Աստծու համար չկա ավելի մեծ ուրախություն, երբ մեկը, հոգեպես ծնվելով, իր արարքներով արտահայտում է աստվածային ծնունդը: Փառք ու պատիվ է լինել այնպիսին, ում չեն վերաբերում Աստծու հետևյալ խոսքերը.  «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք Ինձ անարգեցին» (Եսայի 1:2): Ով չի հպարտանում երջանկության մեջ, ձեռք է բերում խոնարհություն, ով, ողորմած   լինելով, պատրաստ է օգնել իր մերձավորներին, վարձատրվում է երկնային գանձով, ով, հեռու լինելով նախանձից, սիրում է իր եղբայրներին, վարձատրվում է սիրով և խաղաղությամբ: Նախանձի ճիրաններում գտնվողը պետք է մի կողմ թողնի չարությունը, որով տարված է և շտապի փրկարար ուղիներով դեպի հավիտենական կյանք: Ս. Կիպրիանոս Կաթգենացին նաև հորդորում է սրտից հանել փուշն ու տատասկը, որպեսզի աստվածային և հոգևոր ցանքը բերքհավաքի ժամանակ առատ պտուղ տա. «Մտածիր դրախտի մասին, ուր Կայենը, որ նախանձի պատճառով սպանեց իր եղբորը, չի մտնի: Մտածիր Երկնային Արքայության մասին, ուր Տերն ընդունում է միայն նրանց, ովքեր համախոհ են Իրեն: Մտածիր այն մասին, որ Աստծու որդիներ կարող են կոչվել միայն խաղաղարարները, ովքեր, աստվածահաճո կյանք ապրելով, նմանվում են Հայր Աստծուն: Մտածիր այն մասին, որ կանգնած  ես Աստծու աչքի առաջ, որ դիտում և դատում է մարդու կյանքի ուղին: Եթե Նրան, Ով դիտում է մեզ, ուրախացնենք մեր արարքներով, արժանի կլինենք Նրա շնորհին ու ողորմությանը և հաճո կլինենք Նրան նաև այս կյանքում»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

13.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․