Գրքեր

Սիրելիները

Աստվածավախ կյանքով ապրող մի աշխարհական կար, և մի օր նա գնաց հայր Պիմենի մոտ: Պատահմամբ այնտեղ էին նաև եղբայրները և կամենում էին խոսք լսել ծերից: Հայր Պիմենն աշխարհական հավատացյալին ասաց. «Խոսի՛ր եղբայրների հետ»: Իսկ նա աղաչեց և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր, հա՛յր, ես չեկա ուսուցանելու, այլ ուսանելու»: Սակայն ծերը բռնադատեց նրան, և նա ստիպված ասաց. «Ես աշխարհիկ մարդ եմ` բանջարավաճառ. քանդում եմ մի կապը և դարձնում երկու, գնում եմ էժան, վաճառում թանկ և շահույթ եմ ստանում, և քանի որ Սուրբ Գրքից չեմ կարող ասել, առակ կասեմ: Մի մարդ իր սիրելիին ասաց. «Ե՛կ ինձ հետ, որովհետև փափագում եմ տեսնել թագավորին»: Իսկ նա ասաց. «Կգամ մինչև ճանապարհի կեսը»: Եվ դարձյալ ասաց մյուս սիրելիին. «Արի՛ ինձ  տար թագավորի մոտ»: Սա ասաց նրան. «Կգամ քեզ հետ մինչև  թագավորի պալատը,    սակայն ներս չեմ ուզում մտցնել քեզ»: Դարձյալ դիմեց երրորդին. «Ե՛կ ինձ հետ թագավորի մոտ»: Եվ նա ասաց. «Ես կգամ և քեզ կմտցնեմ պալատ կամ կբարեխոսեմ քեզ համար և կմտցնեմ թագավորի մոտ»: Եղբայրները, կամենալով հասկանալ առակի իմաստը, հարցրին նրան, և նա ասաց. «Առաջին սիրելին կրոնավորությունն է, որը տանում է մինչև ճանապարհի կեսը, երկրորդ սիրելին սրբությունն է, որը մինչև երկինքն է հասցնում, իսկ երրորդը՝ ողորմածությունն է, որը համարձակորեն մտցնում է Աստծո մոտ»: Եվ եղբայրները շահելով`գնացին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․