Գրքեր

Սրտաբուխ աղոթքները մեծ ուժ ունեն

Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, ի թիվս մի շարք շնորհների պարգևել է նաև հաղորդակցության շնորհը։ Մարդը կոչված է նախ՝ իր Արարչի, հետո արդեն՝ իր նմանների հետ հաղորդակցվելու: Երանելի Օգոստինոսն ասել է. «Դու, Աստվա՛ծ, ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ Քո մեջ հանգիստ չգտնի»։

Ամեն անգամ Արարչի հետ հաղորդակցությունը մեծ ուրախություն է պատճառում քրիստոնյային, քանի որ նա հաղորդակից է լինում կյանքի Աղբյուրին, որ սնուցում է հոգին և կյանք պարգևում: Թե՛ Աստծու և թե՛ մարդկանց կողմից քիչ գնահատելի են այն ծառայությունները, որ արվում են սառնությամբ և սովորությունից դրդված։ Աստծու համար կարևոր է մարդու սիրտը, որ գլխավորն է մարդու մեջ, նրա կյանքն է, ավելին՝ հենց մարդն է: «Տո՛ւր Ինձ, որդյա՛կ, քո սիրտը, և թող աչքերդ սպասեն Ինձ՝ Իմ ճանապարհին» (Առակ. 23:26): Հոգևոր կյանքում ուխտի ճանապարհներն օգնում են Քրիստոսի հետևորդներին ջերմեռանդ ու անկեղծ սրտով հաղորդակից լինել Արարչին՝ վայելելով անհատական և ընդհանրական աղոթքների քաղցր պտուղները:

Հուլիսի 8-ին  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն ուխտի մեկնեց Շիրակի թեմի սրբավայրեր՝ հերթական անգամ վայելելով Արարչի հետ հաղորդակցվելու ուրախությունը: Ուխտավորները նախ այցելեցին Անիպեմզա ավանի տարածքում գտնվող Երերույքի (4-7-րդ դ.) տաճար, որտեղ, օրվա հիշատակելի սրբերի՝ տասներկու առաքյալների և սբ. Պողոսի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու, Հայաստան ու Արցախ աշխարհի և Հայոց բանակի համար: Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի՝ այցելելով Յոթ վերք և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներ: Ուխտավորները 19-րդ դարում կառուցված Յոթ Վերք եկեղեցում, որ հայտնի է նաև Ս. Աստվածածին անունով, Աստվածամոր բարեխոսությանը դիմեցին նրա «Յեօթն խոցից» սրբապատկերի առջև: Ապա կրկին համախմբվեցին միասնական աղոթքով Ս. Ամենափրկիչ եկեղեցում (1873 թ.), որ կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ: Աղոթքով և հոգեշահ զրույցներով հագեցած ուխտի ուղին հոգեպես զորացրեց և նորոգեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին:

Սրտաբուխ աղոթքի ուժի և զորության մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Հարկ է աղոթել ոչ միայն շուրթերով, ոչ միայն՝ լեզվով, քանզի խոսքերը հեղվում են նաև այն ժամանակ, երբ մտքերը թափառում են, այլ պետք է աղոթել սրտի խորքից, հոգու հիմնաքարերից մեծ ջանասիրությամբ և նախանձախնդրությամբ: Այսպիսի աղոթքները մեծ ուժ ունեն: Ամուր ծառը, որն ունի խոր արմատներ, դրանցով ամուր բռնվում է ընդերքից, և դիմակայում քամու ուժգնությանը, իսկ այն ծառը, որ մակերեսի վրա է ամրացված, օրորվում է քամու մի փոքր շարժումից, դուրս քաշվում արմատներով, և ընկնում գետնին: Ճիշտ այդպես էլ այն աղոթքները, որոնք դուրս են գալիս հոգու խորքից և ունեն խորունկ արմատներ, ամուր են մնում և տկարանալով այս ու այն կողմ չեն շարժվում, եթե նույնիսկ մոտենում են նրանց անհամար մտքեր և դևերի բազում գնդեր: Իսկ աղոթքը, որ դուրս է ելնում միայն շուրթերից ու լեզվից, այլ ոչ՝ հոգու խորքից, չի հասնի Աստծուն՝ աղոթողի անհոգության պատճառով, որովհետև փոքրիկ թխկոցն իսկ խռովքի է մատնում նրան և ամեն մի աղմուկ շեղում է աղոթքից»:

 

Կարինե Սուգիկյան

 

09.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․