Գրքեր

«Զորավոր արանց» միության երկօրյա ուխտագնացությունը դեպի Տաթև

Հոկտեմբերի 14-ին  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր: Մի քանի ժամ տևող հոգևոր ճամփորդությունն ուխտավորներն իմաստավորեցին աղոթքով և հոգեշահ զրույցներով: «Զորավոր արանց» միությունն  ուղևորվեց մի սրբավայր,  որ եղել է Հայաստանի ոչ միայն հզոր հոգևոր կենտրոններից մեկը, այլ միաժամանակ հանդիսացել է մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Այստեղ է գործել նաև միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը: 9-10-րդ դարերում կառուցված վանական համալիրն իր կազմում ներառում է սբ. Պողոս-Պետրոս և սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, սբ. Աստվածածին մատուռ-եկեղեցին, սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը, գավազան-սյուն հուշարձանը, մատենադարանը, սեղանատունը: Տաթևի վանական համալիրն իր հարուստ պատմությամբ և եռամեծ վարդապետի շիրիմով հայ քրիստոնյայի համար դարձել է հավատի կենդանի խորհրդանիշ:

Հասնելով սրբավայր՝ ուխտավորները փառաբանեցին Տիրոջը, Ում ողորմածությամբ իրենք արժանի եղան աղոթքի կանգնելու հնամենի վանքի սուրբ կամարներից ներս և իրենց խոնարհումը բերելու սբ. Գրիգոր Տաթևացու շիրիմին՝ խնդրելով սրբի բարեխոսությունը Հայոց ազգի, Հայ եկեղեցու և Հայոց բանակի համար: Երեկոյան ժամերգության ավարտին Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը հոգևոր զրույց ունեցավ «Զորավոր արանց» միության հետ: Իսկ  հաջորդ օրն առավոտյան ուխտավորները մասնակից եղան Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգություններին, ապա՝ Սուրբ Պատարագին: Այնուհետև սիրո ճաշին մասնակից լինելուց հետո ուխտավորները վերադարձան Երևան:

Տաթևի վանական համալիրում անցկացրած օրերը «Զորավոր արանց» միության համար աղոթքի, խոկման և ներհայեցողության օրեր էին, որ  նաև հնարավորություն տվեց իրենց՝ հաղորդակից լինելու Հայոց հոգևոր ժառանգության զորությանը:

Ուխտի ճանապարհներն ուխտավորներին անպարտելի զենք են շնորհում՝ Պողոս պատրիարքի խոսքի համաձայն.«Աղոթքն անպարտելի զենք է դևերի դեմ պատերազմում, և քանզի դևերը գիտեն, թե աղոթքով պարտվում են մարդկանցից, այդ իսկ պատճառով առավելապես ջանում են խափանել կամ անպտուղ դարձնել մարդկանց աղոթքը: Ուստի, ով աղոթելիս ինչ-ինչ ձանձրույթ և նեղություն է զգում, թող գիտենա՝ այն դևերի որոգայթն է, և ոչ մի դեպքում չթուլանա աղոթելուց, այլ առավել ջանք անելով՝ զորանա՝ օգնություն հայցելով Տիրոջից: Եվ Աստված, որ մերձ է նրանց, ովքեր փշրված սրտով են աղոթում Իրեն, անմիջապես օգնության կհասնի, իսկ դևերն իսկույն կհալածվեն ու կչքվեն»:

 

Կարինե Սուգիկյան

15.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․