24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Փարավոնին քանի՞ տեսակի պատիժ կամ հարված տրվեց:

Տասը տեսակի: Առաջին հարվածն այն էր, որ ջուրը արյուն դարձավ: Նկատի՛ր, որ ինչպես փարավոնը Իսրայելի մանուկներին ջրում խեղդել էր տալիս, դրա փոխարեն եգիպտացիների խմելու ջուրը արյան փոխվեց: Քանի որ Մովսեսն առավոտյան, Աստծո հրամանով, Նեղոս գետի եզերքն է գնում, որտեղ նաև փարավոնն է գալիս, և տեսնելով, որ Աստծո հրամանը հայտնելով՝ անզգամ թագավորը չի համոզվում, Ահարոնը Մովսեսի գավազանը գետի ջրին հարվածեց, որից ոչ միայն գետերի և լճերի, այլ նաև տներում եղած հորերի, կարասների և սափորների ջրերը հրաշքով արյան փոխվեցին, և գետի ձկները մահանալով՝ սկսեցին գարշահոտություն արձակել: Այս պատիժը յոթ օր տևեց և քանի որ անկարող եղան խմելու ջուր գտնել, ստիպված նոր հորեր փորեցին, սակայն փարավոնը այս հրաշքը ոչ թե Աստծո կողմից, այլ կախարդության արդյունք համարելով՝ իր կախարդներին հրաման է տալիս նույնպես ջուրը արյուն դարձնել և սատանայական հնարքով հաջողվում է:

Երկրորդ հարվածը գորտերը եղան: Քանի որ Աստծո հրամանով Մովսեսը փարավոնի մոտ գնալով՝ ասում է, թե Աստված այսպես է հրամայում. «Թող Իմ ժողովրդին և եթե չթողնես՝ երկիրդ գորտերով պիտի հարվածեմ»: Եվ երբ փարավոնը չհնազադվեց, Ահարոնը Մովսեսի գավազանը գետնին հարվածեց և ջրից իսկույն անհամար գորտեր են գոյանում և այն աստիճան շատանում, որ Եգիպտոսի ցամաքը պատելուց բացի, տները, սենյակները, մահճակալները, սեղանները և նրանց վրա էլ լցվելով՝ նեղող ոստյուններով հարձակվում էին: Այնպես որ բոլոր եգիպտացիները խիստ անհանգստանում են և սարսափելի պատժվում: Սակայն փարավոնին էլ է հաջողվում կախարդների ձեռքով ջրից գորտ հանել տալ:

Դու փարավոնի թշվառ վիճակին նայի՛ր. քանի որ հիշյալը համառության մեջ այն աստիճանի է առաջ գնում, որ արդեն գորտերից ոտք դնելու և կանգնելու տեղ չլինելով հանդերձ, Մովսեսին հակառակ՝ գորտերը շատացնելու փորձ է անում: Այո՛, կախարդները գորտերը շատացնում են, սակայն չեն կարող դրանք ոչնչացնել, և փարավոնը որքան էլ հպարտ և անաստված էր, սակայն գորտերից այնքան է նեղվում, որ ստիպված կանչում է Մովսեսին ու Ահարոնին և նրանց ասում, որ աղոթեն առ Աստված, որ գորտերը չքվեն, որպեսզի Իսրայելին թողնի:

Մտապահի՛ր, նա, որ առաջ ասում էր՝ Աստծուն չեմ ճանաչում, պատիժը կրելուն պես խնդրում է, որ աղոթեն առ Աստված, սակայն ոչ թե ուղիղ մտքով, այլ ակամա: Մովսեսը, իմանալով նրա անհավատությունը, պայման է դնում, որ իր ուզած օրը թող գորտերը անհետանան, որպեսզի Աստծո զորությունը իմանա:

Փարավոնը հաջորդ օրն է որոշում, Մովսեսն էլ խոստանում է հաջորդ օրը հարվածը վերացնել: Արդարև նույն օրը Աստծուն աղաչելով՝ որպես պատիժ առաջ եկած բոլոր գորտերը սատկում են: Սակայն ինչքան էլ դրանք հավաքելով քաղաքից դուրս թափեցին, այդ ու հանդերձ այդքան անհամար գորտերի դիակների հոտը Եգիպտոսի ժողովրդին խիստ նեղում էր: Հիրավի, Ահարոնի գավազանը գետի ջրերին հարվածելուն պես՝ իսկույն գորտեր գոյացան, բայց Մովսեսը դրանց չքանալու համար աղոթելու ժամանակ դրանք իսկույն չեն անհետանում, այլ սատկելով մեջտեղ են մնում: Քանի որ, եթե հանկարծ աներևութանային, կարելի էր կախարդությանը վերագրել, սակայն սատկած դիակների մնալով հասկանում են, որ պատիժ է:

Հիմա մտածի՛ր փարավոնի խարդախ բնավորության մասին. թեպետ գորտերի ներկայությունից խիստ նեղվեց, սակայն դրանց անհետացման համար փոխանակ ինքը աղոթեր՝ Մովսեսին և Ահարոնին է հանձնարարում աղոթել և աղաչել Աստծուն: Բացի այդ, անմիջապես չի խնդրում, որ աղոթեն, այլ ասում է. «վաղը աղոթեք»: Քանի որ հպարտությունից չի զիջում՝ «մեղա» գոչելով Աստծուն աղոթքով դիմել, նաև անհավատ լինելով՝ «հնարավոր է ինքնըստինքյան ոչնչանան» ասելով, խնդրում է, որ վաղը աղոթեն:

Երրորդ հարվածը մժեղները եղան: Քանի որ գորտերի անցնելուն պես փարավոնը իր խոսքին հաստատ չմնալով՝ Իսրայելի ժողովրդին չի թողնում: Այն ժամանակ Ահարոնը Մովսեսի գավազանը իսկույն գետնին է հարվածում և անհամար մժղուկներ են գոյանում և այնպիսի բազմությամբ են հարձակվում մարդկանց և անասունների վրա, որ բոլորն էլ վնասվում են: Թեպետ կախարդները նույնպես փորձում են մուն (մժեղ) գոյացնել, սակայն անկարող լինելով, հարկադրված են լինում խոստովանել, որ Աստծո մատը կա այդ գործի մեջ:

Քանի որ նրանք նույնպես իմացան, որ Մովսեսի հրաշքները սատանայական գործեր չեն, այլ այդպիսի հրաշք գործելու համար մարդն աստվածային զորության կարիք ունի: Արդարև, առաջ կախարդների արածները սատանայական հնարքներ էին, սակայն Աստված հատուկ չարգելեց այն, որպեսզի փարավոնի պատիժը սաստկանա, ապա հետո արգելեց, որպեսզի իմանա, որ նրանց գործերը ճշմարիտ հրաշքներ չեն և անկարող են ամեն անգամ իրենց ցանկացածը գործի դնել: Քանի որ, երբ Աստված ցանկանա՝ արգելում է սատանային, որպեսզի անկարող լինի մարդկանց խաբել:

Չորրորդ հարվածը շնաճանճն էր, որ խիստ կատաղի տեսակից լինելով՝ խայթած տեղը վերքեր էին առաջանում: Քանի որ Մովսեսը, փարավոնի մոտ գնալով, պահանջում է, որ Իսրայելի ժողովրդին թողնի, «եթե ոչ, վաղը քո և ժողովրդիդ վրա շնաճանճեր պիտի ուղարկեմ, որոնք իսրայելացիների բնակության վայրերում բնավ չպիտի երևան, որպեսզի իմանաս, որ Աստծո զորությամբ է այն»: Բայց համառ փարավոնը դարձյալ չի համոզվում: Արդ, Մովսեսի ասածի պես հաջորդ օրը անհամար շնաճանճեր երևացին և փարավոնին ու բոլոր եգիպտացիներին խայթեցին, որոնք վիրավորված՝ խիստ հիվանդացան: Իսկ իսրայելացիների գտնված վայրում երբեք շնաճանճեր չհայտնվեցին, ինչպես որ մյուս հարվածներն էլ նրանց բնավ չպատահեցին: Այս հարվածից փարավոնը հրամայում է, որ Եգիպտոսում իրենց զոհը մատուցեն, սակայն երբ Մովսեսը հայտարարում է, որ առանց անապատ գնալու անհնար է, փարավոնը ակամա խոստանում է հրաման տալ, երբ աղոթեն և շնաճանճերի պատիժը վերանա: Մովսեսը իմանալով հանդերձ, որ խաբում է, պատասխանում է, որ կաղոթի և վաղը շնաճանճը կհեռանա, «սակայն դարձյալ չխաբես»: Իրոք, Մովսեսի աղոթքով շնաճանճը վերացավ, սակայն թագավորը հրաման չտվեց:

Հինգերորդ հարվածը անասունների մահը եղավ: Մովսեսը Աստծո հրամանի համաձայն ասում է փարավոնին. «Ժողովրդին արձակիր, եթե ոչ, դաշտում գտնվող բոլոր անասունները, որոնք եգիպտացիներինն են, պիտի մահանան, իսկ իսրայելացիների անասունները բնավ որևէ վնաս չպիտի կրեն»: Սակայն հիշյալը դարձյալ չհամոզվեց:

Ուստի, հաջորդ օրը եգիպտացիներին պատկանող ինչքան կով, ոչխար, ուղտ, ձի, էշ և այլ անասուններ կային՝ բոլորն էլ սատկեցին: Ճշմարիտ է, որ նախորդ հարվածներից խիստ շատ նեղություններ կրեցին, սակայն ունեցվածք չկորցրեցին, բայց այս անգամ նյութական մեծ կորուստ ունեցան: Փարավոնը տեսնելով, որ միայն եգիպտացիների անասունները սատկեցին, սակայն իսրայելացիների անասուններին բնավ որևէ վնաս չհասավ, իր համառության մեջ առավել ևս կատաղած՝ իսրայելացիներին չի թողնում:

Վեցերորդ հարվածը մարդկանց և անասունների վրա գոյացած վերքերը եղան, որը խոց կամ ուռուցք է կոչվում: Մովսեսն ու Ահարոնը իրենց ձեռքով հնոցի վառարանից մոխիր վերցրեցին և փարավոնի ներկայությամբ դեպի վեր՝ երկինք ցանեցին և իսկույն բոլոր եգիպտացիների և նրանց անասունների վրա ուռած վերքեր գոյանալով՝ ցավից բոլորն էլ խիստ տագնապեցին: Նույնիսկ կախարդների մարմիններին ևս վերքեր գոյացած լինելով՝ այլևս Մովսեսի մոտ չեն կարողանում մնալ:

Յոթերորդ հարվածը հրե կարկուտը, սաստիկ որոտները և զարհուրելի փայլատակումները եղան: Բայց Մովսեսը մեկ օր առաջ տեղյակ պահեց, որ կարկուտ պետք է տեղա, որպեսզի իրենք և անասունները թաքնվեն: Արդարև, ովքեր Մովսեսի խոսքին հավատալով զգուշացան, որևէ վնաս չկրեցին, իսկ ովքեր չհավատալով դաշտերում մնացին, բոլորն էլ ոչնչացան: Քանի որ Մովսեսը ձեռքը դեպի երկինք բարձրացրեց և իսկույն սարսափելի որոտ սկսելով՝ այն աստիճանի խոշոր կարկուտ տեղաց, որի նմանը մինչև այն ժամանակը չէր եղել:

Զարմանալին այն է, որ կարկուտի մեջ կրակ լինելով՝ ջուրը անզոր էր այն մարել, ընդհակառակը՝ էլ ավելի զորություն տալով կրակին՝ ընկած տեղը այրելով փոշիացնում էր (Ելք 16:17): Փարավոնը սույն հարվածից ոչ միայն զղջում է արտահայտում, այլև Աստծո արդարությունը և իր չարությունը խոստովանելով՝ Մովսեսին և Ահարոնին խնդրում է, որ աղոթեն հարվածը վերանալու համար, որպեսզի ինքն էլ Իսրայելին արձակի:

Մովսեսն էլ պատասխանում է. «Հիմա քաղաքից դուրս գալով ձեռքերս վեր կբարձրացնեմ, որպեսզի պատիժը վերանա, և դու էլ իմանաս, որ ամբողջ աշխարհը Աստծուն է պատկանում: Սակայն գիտեմ, որ դու տակավին Աստծուց չվախեցար»: Արդարև, Մովսեսը քաղաքից դուրս գալով ձեռքերը երկինք բարձրացրեց և անմիջապես դադարեցին կարկուտը, անձրևն ու որոտի ձայները: Սակայն փարավոնը, հանգիստ գտնելուն պես, իր սովորական համառությամբ չկամեցավ կատարել խոստումը:

Ութերորդ հարվածը մորեխը եղավ: Քանի որ Մովսեսն ու Ահարոնը, Աստծո հրամանի համաձայն, փարավոնի մոտ գնալով՝ հայտարարում են. «Այսպես է ասում Իսրայելի Աստվածը, թե մինչև ե՞րբ պիտի Ինձնից չամաչես, արձակի՛ր ժողովրդիս, որ Ինձ երկրպագություն մատուցեն և եթե չարձակես, քո բոլոր երկրներում այն աստիճան շատ մորեխ պիտի գա, որի նմանը ո՛չ դու և ո՛չ էլ նախնիներդ են տեսել», և չսպասելով պատասխանին՝ հեռանում են:

Այն ժամանակ փարավոնի հպատակները սկսում են գանգատվել, թե. «Մինչև ե՞րբ պիտի կրենք այս հարվածները, արձակի՛ր, որ գնան, որովհետև Եգիպտոսը ավերակ դարձավ»: Հիրավի փարավոնը հակված չէ թողնել Իսրայելին, բայց տեղի տալով իր հպատակների գանգատներին՝ կանչում է Մովսեսին ու Ահարոնին և հրամայում, որ գնան, սակայն միևնույն ժամանակ հարցնում է, թե ովքե՞ր պիտի գնան, և երբ Մովսեսը պատախանում է, թե. «Մենք բոլորս, մեծ ու փոքր, մեր ամբողջ ունեցվածքով հանդերձ», «Այդպես չի լինի,- գոռում է փարավոնը,- միայն տղամարդիկ թող գնան», և բարկությամբ վռնդում է նրանց իր մոտից:

Ուստի Մովսեսն Աստծո հրամանով ձեռքը դեպի երկինք բարձրացրեց և իսկույն այդ օրը՝ ցերեկը և գիշերը, հարավից հողմը փչելով՝ առավոտյան դեմ անհամար քանակությամբ  մորեխ է լցվում Եգիպտոսի երկիրը, այնպես որ երկինքն ու երկիրը ծածկվում են, և փարավոնի պալատի ու բոլոր եգիպտացիների տների վրա հարձակվելով, որքան ծառեր, տնկիներ կամ բույսեր կային, բոլորն էլ փչացնում են՝ թե՛ ներսում և թե՛ դրսի դաշտերում եղածները: Այս հարվածից փարավոնը շտապով կանչում է Մովսեսին և Ահարոնին, իբր թե ուղղված և արածի համար անկեղծորեն զղջացած, և ասում է. «Հանցանք գործեցի, այս անգամ էլ ներեցեք իմ հանցանքները և մեկ անգամ էլ աղոթեք Աստծուն, որ մորեխները անհետացնի»: Եվ Մովսեսը աղոթելով՝ անմիջապես մի ուժգին քամի սկսեց փչել և մորեխները Կարմիր ծովը թափել, սակայն փարավոնը նորից չկատարեց իր խոստումը:

Նկատիր, որ Աստված Իր զորությունը փարավոնին ցույց տալու համար՝ առյուծ, ինձ, կամ մեկ այլ գիշատիչ կամ սարսափազդու գազան չհատկացրեց նրան պատժելու նպատակով, այլ գորտ, մժեղ, շնաճանճ և մորեխ է հատկացնում, որպեսզի իր չափը ճանաչի, որովհետև եթե Աստված կամենա՝ անգամ ճանճը առյուծի պես վտանգավոր կարող է լինել և մարդուն զգացնել տալ իր տկարությունը:

Հիրավի, արարածները Արարչի հետքը լինելով, Աստծո մեծ կարողության ստվերն ու նշանները նրանց մեջ են երևում և ամեն արարածի մեջ իրեն յուրահատուկ կարողություն գտնելով՝ թեև իրարից զանազանվում են, սակայն մորեխի վերաբերյալ ընդհանուր կարծիքն այն է, որ նրա գլուխը՝ ձիու գլխի, աչքերը՝ խոզի աչքերի, կուրծքը՝ առյուծի կրծքի, փորը՝ կարիճի փորի, ոտքը՝ էգ ուղտի ոտքի, պոչը՝ օձի պոչի, թևերը թռչունների թևերի են նման:

Իններորդ հարվածը խիստ թանձր խավարը եղավ: Մովսեսն Աստծո հրամանի համաձայն ձեռքը երկինք բարձրացնելուն պես, իսկույն մի սևաթույր ծխով երկիրը այն աստիճանի թանձր խավար է պատում, որ եգիպտացիները իրենց գտնվելու վայրից շարժվելու անկարող լինելով՝ նույնիսկ կրակ կամ ճրագ վառել չեն կարողանում, քանզի օդը խիստ խոնավ և մշուշոտ լինելու պատճառով այն աստիճանի է հասնում, որ խավարը շոշափելի է դառնում:

Բացի այդ, երկյուղից իրենց մտքի և երևակայության առջև այլևայլ զարհուրելի ճիվաղներ հայտնվելով՝ բոլորի սրտերն ու մարմինները սկսում են դողալ, և իրենց որտեղ գտնվելը չեն հասկանում, և որևէ մեկը անզոր է լինում օգնություն և մխիթարություն գտնել, քանի որ միևնույն սենյակի մեջ գտնվողներն էլ, յուրաքանչյուրը իր ընկերոջը տեսնելու անկարողությունից շվարում են: Այս ամենին որպես լրացում՝ այդ թանձր և շոշափելի խավարում իրենց երկյուղը բազմապատկելու համար հանկարծ երբեմն-երբեմն լուսավոր փայլատակումներ են ծագում. որպես հրի մեջ մնացած և տեսակ-տեսակ սարսափազդու տեսարանների առջև կանգնած, միևնույն ժամանակ ահավոր և զարհուրելի ձայներ էին լսում (Իմաստ. 17:4):

Խելամո՛ւտ եղիր, ընթերցո՛ղ. երբ եգիպտացիները Աստծո երկյուղն ու դատաստանը իրենց սրտերից վանելով, տեսակ-տեսակ հարստահարություններով կեղեքում էին Իսրայելի ժողովրդին, երբեք չէին ցանկանում նրանց հառաչանքներին ու ողբերին ականջ դնել և գթություն ու կարեկցություն ցուցաբերել, այս անգամ նրանց փոխարեն իրենք մահու չափ վախերի և նեղությունների ենթարկված՝ նրանց ողբերի և հառաչանքների ձայնը բնավ որևէ մեկը լսող չկար:

Եվ ինչպես որ վերոհիշյալ բոլոր հարվածներից իսրայելացիները զերծ և ազատ էին, նույնպես և այս անգամ նրանց բնակության վայրերում երբեք խավար կամ մթություն չեղավ (Ելք 10:23): Իսկ եգիպտացիներն ու փարավոնը՝ երեք օր անոթի և ծարավ, այդ խավարի մեջ մնացին: Երեք օր հետո Աստծո հրամանով խավարը փարատվելուն պես՝ փարավոնը Մովսեսին և Ահարոնին կանչելով հրաման է տալիս, որ գնան Աստծուն զոհ մատուցեն, սակայն իրենց արջառներն ու անասունները Եգիպտոսում մնան:

Մովսեսը համարձակորեն պատասխանում է, որ «ոչ միայն մեր բոլոր անասունները մեզ հետ պիտի տանենք, այլ դու նույնպես պարտավոր ես մեր Աստծուն զոհ մատուցելու համար մեզ կենդանիներ տալ»: Այս խոսքից բարկանալով՝ փարավոնը ասում է. «Այլևս աչքիս չերևաս, այլապես կմեռնես»: Այն ժամանակ Մովսեսն Աստծո ազդեցությամբ պատասխան է տալիս, թե. «Ասածիդ պես այլևս չեմ գա մոտդ, միայն թե այս կեսգիշեր քո անդրանիկ որդին և բոլոր եգիպտացիների անդրանիկները, ինչպես նաև նրանց անասունների առաջնածինները պիտի մահանան, և ամբողջ Եգիպտոսում այնպիսի լաց ու կոծ պիտի լինի, որի օրինակը երբեք չի տեսնվել: Իսկ Իսրայելի ժողովրդի մեջ, թե՛ մարդկանց և թե՛ անասուններին ոչ մի վնաս չպատահելով՝ բնավ որևէ ձայն չպիտի լսվի, որպեսզի հասկանաս Աստծո զորությունը և հպատակներդ պիտի գան և ինձ երկրպագելով՝ ասեն. «Գնա՛ Եգիպտոսից ժողովրդիդ հետ»: Այս խոսքերից հետո Մովսեսը բարկությամբ դուրս եկավ:

Ուրեմն տասներորդ հարվածը եղավ փարավոնի և եգիպտացիների անդրանիկ որդիների, նաև նրանց անասունների առաջին ծնվածների մահը: Սակայն Մովսեսը Աստծո հրամանով նախապես պատվիրում է իսրայելացիներին, որ ամսվա տասներորդ օրվանից սկսած, յուրաքանչյուր անձ իր տան անդամների թվի համեմատ մի տարեկան անարատ գառ վերցնի, չորս օր կերակրի և ամսի տասնչորսի երեկոյան մորթելով՝ արյան մեջ եղեսպակի մի փունջ թաթախի, որով տների շեմերի վրա ցանելով նշան դնի և առանց ոսկորը կոտրելու՝ միսը խորովելով ուտեն, մեջքին գոտի կապած, կոշիկները ոտքերին և գավազանը ձեռքներին շտապով պիտի ուտեն, դառնահամ հազարի հետ միասին: Եվ եթե ավելանա՝ առանց առավոտվա համար պահելու, ոսկորների հետ միասին կրակի այրեն, և այն գիշեր ոչ ոք տնից դուրս չպիտի գա: Նաև յոթ օր առանց խմորիչի բաղարջ հաց պիտի ուտի և այդ յոթ օրվա մեջ ոչ մեկի տանը բնավ թթխմոր չպիտի լինի:

Հիմա դու համառ փարավոնի և ողջ եգիպտացիների խեղճ և թշվառ վիճակին նայիր. քանի որ Իսրայելի ժողովուրդը, վերը նշվածի համաձայն Աստծո հրամանը գործադրելով, ուրախ և զվարթ վիճակում էին, իսկ կեսգիշերին փարավոնի պալատում և եգիպտացիների տներում այնպիսի լաց ու կոծի ձայն է բարձրանում, որի նմանը բնավ չէր լսվել:

Որովհետև աստվածային կամքով բոլոր եգիպտացիների անդրանիկ որդիները և առաջնածին բոլոր կենդանիները մահացան: Իրոք, ինչպես հայտնել էր Մովսեսը՝ եգիպտացիների տների այդ ողորմելի տեսարանը բացված ժամանակ, նույն գիշերը իսրայելացիների տներում ոչ մի հիվանդ կամ տկար անձ չի գտնվում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․