26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞ր թագավորի օրոք են իսրայելացիները ազատվում Բաբելոնի գերությունից:

Կյուրոս թագավորի օրոք: Քանի որ (ինչպես Դանիելի տասնչորսերորդ գլխում է հիշատակվել) Բաբելոնի իշխանությունը Կյուրոսին անցնելու առաջին իսկ տարում Իսրայելի ժողովուրդը ազատվում է գերությունից: Սակայն ոչ թե Կյուրոսն իր կամքով է այսպիսի բարիք գործում հրեաների հանդեպ, այլ աստվածային կամքով և ողորմությամբ է լինում այս շնորհը, քանի որ դեռևս հիշյալի՝ աշխարհ գալուց երկու հարյուր տարի առաջ Եսայի մարգարեն է գրել, որ Կյուրոս թագավորի ձեռքով պիտի հրեաներն ազատվեն գերությունից (Ես. 45:1, 13):

Այս է պատճառը, որ Կյուրոսն իր իշխանությանը ենթակա բոլոր հրեաների համար հրովարտակ է արձակում, որ վերադառնան Իսրայել և Աստծու տաճարը վերակառուցեն, իսկ նրանք, ովքեր չեն կամենա գնալ, տաճարը կառուցելուն անհրաժեշտ ոսկի, արծաթ և անհրաժեշտ պարագաները հոգան:

Թեև ոմանք, իրենց գերության վայրում կալվածքներ, տուն և ապրելու այլ միջոցներ ձեռք բերած լինելով, Երուսաղեմ չեն գնում, սակայն, այնուամենայնիվ, նպաստում են տաճարը կառուցելուն: Նաև Կյուրոսը տաճարի ոսկյա, արծաթյա սպասքները (որոնք Նաբուգոդոնոսորը գերեվարել էր Երուսաղեմից և մեհյանում դրել (տե՛ս ՀԹ հարցը), հանձնում է հրեաներին, որ Երուսաղեմ տանեն:

Երբ իսրայելացիները Աստծու ողորմությամբ այսպիսի արտոնություն են ստանում, ծառաներից, աղախիններից և մանուկներից բացի, քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուներկու հոգի հավաքվում են, և մեծ ուրախությամբ Երուսաղեմի գավառ գալով` ամեն մարդ իր տարածքի և կալվածքի տերն է դառնում: Ապա ցանկանում են վերադարձողների ցեղերը ճշտել, և քահանաներից ոմանք չեն կարողանում ապացուցել իրենց ցեղային պատկանելությունը, ուստի մինչև ապացուցելը զրկվում են քահանայությունից:

Ապա բոլորը հավաքվում են Երուսաղեմում, որտեղ  հովսեդիկացի Հեսուն, սաղաթիելցի Զորաբաբելը և նրանց եղբայրները, տաճարում կառուցելով սեղանը, Մովսեսի օրենքի համաձայն, ամենայն պատկառանքով և երկյուղածությամբ, ավանդական զոհեր են մատուցում: Մանավանդ Սիդոնի կողմերից կառուցելու համար անհրաժեշտ նյութեր բերել տալով` աշխատողներ և վերակացուներ են ընտրում, և երբ տաճարի հիմն են դնում, փողեր հնչեցնելով` սաղմոսերգություններով և գոհաբանական մաղթանքներով մեծ հանդես են կատարում (Բ Եզր. 3:11):

Թեև նրանք, ովքեր նախկինում տաճարը չէին տեսել, մեծապես ի սրտե ցնծում են, սակայն տաճարն ավերվելուց առաջ այն տեսնողները դառնապես արտասվում են, քանի որ հույս չեն ունենում, որ կկարողանան նախկին շքեղությամբ վերաշինել, և երկու կողմի ձայները միախառնվելով` հեռուներն էր հասնում:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․