Ապաշխարությունը դեպի աղոթք տանող ամենաստույգ ճանապարհն է

- Հա՛յր, Իգնատի Բրյանչանինով սրբազանն ասում է, որ պետք է դանդաղ աղոթել և դանդաղ կատարել խոնարհումները:

- Սրբերից յուրաքանչյուրն աղոթքի մասին խոսում է այնպես, ինչպես ինքն է ճգնել: Դրա համար էլ մտքի աղոթքի վերաբերյալ կարծիքները հաճախ չեն համընկնում: Սուրբ հայրերը մշտական կապի մեջ էին Աստծու հետ և դրա շնորհիվ կարող էին ճիշտ աղոթել՝ հետևելով աղոթքի այն կերպին, որը նրանց ամենամեծ օգուտն էր բերել: Սակայն եթե ես ջանում եմ հետևել հայրերի գրածներին, ինչպես, օրինակ, գլուխը կրծքին խոնարհել, շունչը պահել և այլն, միայն այն բանի համար, որ բերկրանք, ուրախություն զգամ կամ հպարտության պատճառով, որպեսզի սուրբ հայր դառնամ, ապա չեմ կարող առաջընթաց ունենալ:

- Իսկ օգտակա՞ր են արդյոք մտքի աղոթքի մասին պատմող զանազան գրքերը:

- Օգտակար են նրա համար, ով խոնարհություն ունի: Սակայն օգտակար չեն հպարտների, նրանց համար, ովքեր նպատակ են դնում որոշակի ժամանակահատվածում հոգևոր աստիճանի հասնել, սուրբ հայր դառնալ: Մի օր մի քանի հոգի եկան իմ խուց և ասացին. «Եկել ենք, որպեսզի մեզ աղոթել սովորեցնես, որովհետև դու նրանցից մեկն ես, ով տիրապետում է մտքի աղոթքին»: «Ինձ ձեր ցուցակից ջնջեք,- ասացի նրանց:- Ես Աստծու ողորմությունը խնդրելուց բացի այլ բան չեմ անում»:

- Իսկ պրակտիկ որոշակի հնարքները, որոնց մասին հայրերը խոսում են, օգտակար չե՞ն:

- Այդ ամենը օժանդակ միջոցներ են մտքի կենտրոնացման համար և օգնում են, եթե միայն մարդու համար առաջնահերթ են խոնարհությունը, ապաշխարությունը, խորտակված սիրտը: Իսկ եթե ես նստարան վերցնեմ, գլուխս կրծքիս հակեմ և ասեմ, որ աղոթք կասեմ այնքան անգամ, որքան Ուխտավորն* է ասում, և նախքան այդ ջանք չթափեմ ապաշխարելու համար, ապա կխրվեմ-կմնամ արտաքին կողմի մեջ և աղոթքս էլ արտաքուստ կլինի: Սակայն եթե նախ և առաջ ջանք թափեմ խոնարհության ու ապաշխարության համար, ապա հայրերի ասածներից ինչ-որ բան վերցնեմ՝ որպես օժանդակ միջոց, ապա օգուտ կստանամ: Ով այսպես է ձեռնամուխ լինում աղոթքին, նա պատրանքի մեջ չի ընկնի, իսկ այլ եղանակը կարող է պատրանքի հասցնել:

- Հա՛յր, մարդ կարո՞ղ է աղոթք ձեռք բերել առանց սուրբ հայրերին կարդալու և որոշակի մեթոդների հետևելու:

- Իհարկե կարող է, եթե պարզությամբ ու խոնարհությամբ է աղոթում: Որովհետև ոմանք մեթոդներն են փորփրում և մնում են դրանց վրա՝ առաջ չընթանալով: Այսինքն մեթոդը նպատակ է դառնում նրանց համար այն պարագայում, երբ այն ուղղակի օժանդակ միջոց է:

- Հա՛յր, իսկ ո՞րն է աղոթքի մեջ ընկղմվելը:

- Քաղցր ընկղմո՞ւմը: Մարդ չպետք է աղոթքը սկսի այդ նպատակով:

- Այո, չպետք է, բայց ի՞նչը, ո՞ր սխրանքը պետք է դրան նախորդի:

- Գլխավորը, որ շահ չլինի, որպեսզի ազնվություն, անձնազոհություն լինի: Ամենավստահելի ուղին ազնվությամբ արված աղոթքն է: Այսինքն՝ Աստծու մեծամեծ բարիքների ու Նրա առջև սեփական ապերախտության մասին խորհելն է: Այնժամ հոգին ինքը խոնարհաբար ճնշվում է պատվախնդրությամբ և ցավով խնդրում Աստծու ողորմությունը: Այդպիսով մշտապես աճում է Աստծու ողորմածության հանդեպ կարիքը, աղոթքը սրտից է բխում, աստիճանաբար հոգուն նախ աստվածային մխիթարության քաղցրությունն է բերում, իսկ ապա նաև աստվածային ուրախությունն ու բերկրանքը:

 

* Հայրը նկատի ունի «Откровенные рассказы странника духовному своему отцу» գիրքը:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․