Աստծու սիրտը ցավում է մարդկանց վշտերի համար

Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր փորձություն նաև Աստծու պարգևն է: Դա ևս մեկ հավելյալ «միավոր» է մյուս կյանք անցնելու համար: Ապագա կյանքում վարձատրվելու այդ հույսն ինձ ուրախություն, մխիթարություն և ուժ է տալիս, ու ես կարող եմ դիմանալ այն վշտերի ցավին, որ տանջում են շատ շատերին:

Մեր Աստվածը Բահաղը չէ՛, այլ սիրո Աստված է: Նա Հայր է, ով տեսնում է տարբեր գայթակղություններից և փորձություններից տանջվող Իր զավակների տառապանքը: Եվ Նա կվարձատրի, միայն թե համբերենք մեզ հասած փորձության այդ փոքր տառապանքին, կամ, ավելի լավ է ասել, մեզ եկած օրհնությանը:

- Հա՛յր, որոշ մարդիկ հարցնում են. «Բայց մի՞թե դաժան չէ այն, ինչ Աստված թույլ տվեց: Մի՞թե Աստծու սիրտը չի ցավում»:

- Հիվանդություններից, դևերից, բարբարոսներից և այլնից տառապող մարդկանց համար զգացած Աստծու ցավն իր մեջ ուրախություն էլ է պարունակում երկնային այն վարձքի համար, որ Նա պատրաստել է նրանց համար: Այսինքն՝ Աստված նկատի ունի այն վարձքը, որ գայթակղությունների ենթարկված մարդը Երկնքում կստանա: Նա գիտի, թե այդպիսի մարդուն ինչ է սպասվում հաջորդ կյանքում և դա Աստծուն «ուժ է տալիս համբերելու» այդ ցավին: Չէ՞ որ Աստված Հերովդեսին թույլ տվեց այդքան հանցագործություններ գործել (Մատթ. 2:16): Հերովդեսը տասնչորս հազար մանուկկոտորեց ու բազմաթիվ ծնողների, որոնք զինվորներին թույլ չէին տալիս սպանել իրենց զավակներին: Չէ՞ որ այդ ծնողներին ևս սպանեցին: Բարբարոս զինվորականները, կամենալով հաճոյանալ իրենց վերադասներին, մանկիկներին մասնատեցին: Եվ որքան շատ էին տանջվում այդ մանուկները, այնքան ավելի մեծ ցավ էր զգում Աստված: Սակայն ուրախանում էր նաև այն մեծագույն փառքի համար, որ պետք է Երկնքում արժանանային: Նա ուրախանում էր այդ փոքրիկ հրեշտակների համար, որոնք պետք է հրեշտակակերպ մարտիրոսական աստիճանը կազմեին: Մարտիրոսներից՝ հրեշտակներ:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

07.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․