Գրքեր

Աստված ինչու է թույլ տալիս չարիքը

Շա՜տ վաղուց Եգիպտական անապատում մի ճգնավոր էր ապրում։ Երբեմն գնում էր Ալեքսանդրիա՝ իր հյուսած կողովները վաճառելու։ Վաճառքից ստացված համարյա ողջ գումարը ճգնավորը բաժանում էր աղքատներին, իսկ իր համար գնում էր միայն խիստ անհրաժեշտը։

Մի անգամ քաղաք գնալիս սկսեց մտորել․ «Եթե Աստված բարի է, արդար ու ամենակարող, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդկանց կյանքում չարիք պատահի»։ Նրա միտքը խռովվում էր այն բանից, որ այդքան շատ դժբախտություն ու վիշտ էր տեսել վերջին անգամ քաղաք այցելելիս։

Ճանապարհին նրան մեկ ուրիշ վանական հանդիպեց, որը նույնպես գնում էր Ալեքսանդրիա։ Զրույցի ընթացքում նա իր ուղեկցին պատմեց իրեն տանջող մտորումների մասին։ Տեսնելով, թե ճգնավորը որքան հուզված է, վանականը մխիթարեց նրան ու ասաց, որ Տերը կբացահայտի ճշմարտությունը, երբ իրենք հասնեն քաղաք, սակայն ճգնավորը պիտի անդադար աղոթի և ոչինչ չհարցնի, ինչ էլ, որ պատահի ճանապարհին։

Ճգնավորը խոստացավ կատարել վանականի խնդրածը, և նրանք շարունակեցին ճանապարհը։ Երեկոյան իջևանեցին մի տանը։ Տանտերերը սիրով ընդունեցին նրանց ու ճոխ հյուրասիրություն կազմակերպեցին։ Սեղանին մի գեղեցիկ արծաթե անոթ կար։ Եվ ահա քնելուց առաջ վանականը թաքուն վերցրեց այդ անոթն ու դրեց իր կապոցի մեջ։ Ճգնավորը կամենում էր կշտամբել նրան, սակայն հիշեց իր խոստումն ու ոչինչ չասաց։

Առավոտյան նրանք հասան մի գետի մոտ։ Վանականը կապոցից հանեց անոթը, խաչակնքեց ու իջեցրեց ջուրը։

Ճաշին ճամփորդները հասան մի ուրիշ գյուղ։ Նրանց հրավիրեցին տներից մեկը՝ ճաշելու։ Երբ արդեն հեռանում էին, բակի շունը սկսեց հաչալ։ Վանականը սպանեց նրան։ Տանից դուրս թռած երեխան սկսեց բղավել։ Ճգնավորի ուղեկիցը բռնեց նրա աջ ձեռքից, քաշեց ու կոտրեց այն։ Ապա հանգիստ շարունակեց իր ճանապարհը։ Զայրացած ճգնավորն արդեն ուզում էր ասել նրան այն ամենը, ինչ մտածում էր, սակայն հիշեց իր խոստումն ու կրկին լռեց։

Երբ մթնեց, վանականն ու ճգնավորը որոշեցին գիշերել մի կիսավեր տանը, որտեղ, ինչպես պարզվեց, երեխաներ էին ապրում։ Նրանց ծնողները մահացել էին, և ոչ մեկը հոգ չէր տանում նրանց։ Ճամփորդները գիշերեցին այդտեղ, իսկ առավոտյան, նախքան հեռանալը, վանականը մի այրվող փայտ վերցրեց վառարանից ու այրեց այդ տունը։ Ճգնավորը կրկին զայրացավ, սակայն կրկին ստիպված լռեց։

Նրանք հասան երրորդ գյուղը։ Այնտեղ մի խարխուլ եկեղեցի կար, որտեղ, սակայն, կարելի էր աղոթել։ Վանականը գետնից մի քար վերցնելով՝ նետեց ու կոտրեց եկեղեցու պատուհանը։ Ապա իր ապշած ընկերոջը տարավ մի պանդոկ և ներս մտնելով՝ երեք անգամ երկրպագություն արեց։ Ճգնավորն արդեն վարժվել էր իր ուղեկցի տարօրինակ արարքներին և միայն աղոթում էր։

Վերջին գիշերը ճամփորդներին հրավիրեցին գիշերելու անտառի եզրին գտնվող տանը։ Այստեղ մի երիտասարդ ընտանիք էր ապրում, որը երեխաներ չուներ։ Տանտերերն առավոտյան գնացին դաշտում աշխատելու, իսկ ճամփորդները շարունակեցին իրենց ճամփան։ Բայց հանկարծ վանականը հետ դարձավ ու այս տունն էլ այրեց։

Վերջապես հասան Ալեքսանդրիա։ Ճգնավորն անհամբեր էր՝ հասկանալու այն ամենն, ինչ կատարվեց ճանապարհին։ Եվ նա հարցրեց իր ուղեկցին․

- Ասա՛ ինձ վերջապես, ո՞վ ես դու։

- Ես հրեշտակ եմ,- պատասխանեց վերջինս։

- Ի՞նչ հրեշտակ,- զայրացավ ճգնավորը։- Դու իսկական դև ես։ Միայն դևը կարող էր գործել այն բոլոր գարշելի բաները։ Այդ բոլոր բարի մարդկանց հյուրասիրությանը դու պատասխանում էիր սև երախտամոռությամբ։ Դու գող էիր, հրդեհիչ, մարդասպան, սրբապիղծ մարդ։ Եվ դեռ վանականի զգեստ էլ կրում ես։

- Սխալվում ես,- հանգիստ պատասխանեց ուղեկիցը։- Ես իսկապես հրեշտակ եմ, և ուղարկվել եմ քեզ մոտ, քանի որ Տերը տեսավ քո մտատանջություններն ու ցանկացավ պատասխանել դրանց։ Գիտեմ՝ ուզում ես իմանալ, թե ինչու արեցի այդ ամենը։ Սկսեմ ամենասկզբից։

Ինչո՞ւ թռցրի անոթը։ Պատասխանեմ։ Տանտիրոջ պապը այն գողացել էր մի վանքից, և այդ սրբապղծության պատճառով այդ ցեղի երեք սերունդ պատժված էր հիվանդություններով և այլ ախտերով։ Ի նշան նրանց հյուրասիրության ես որոշեցի ազատել նրանց այդ պատժից։ Խաչակնքեցի անոթն ու գետն իջեցրի։ Վանականները կգնան այնտեղ՝ իրենց սպիտակեղենը լվանալու, կգտնեն այն ու կվերադարձնեն իրենց մենաստան։

Ես գիտեի, որ այն շունն արդեն կատաղած էր։ Նա կծելու էր իր տերերին, այդ պատճառով էլ սպանեցի նրան։ Իսկ նրանց որդու ձեռքը կոտրեցի, քանի որ տեսա, որ մեծանալով՝ ավազակ էր դառնալու։ Իսկ հիվանդ ձեռքով շատ ավազակություն չես անի։

Ինչո՞ւ այրեցի երեխաների տունը։ Այդ երեխաները շուտով կմեռնեին առանց խնամքի, իսկ այժմ հրդեհից հետո կգտնեն իրենց ծնողների թաքցրած արծաթն ու կկարողանան մեկնել Ալեքսանդրիա՝ իրենց եպիսկոպոս հորեղբոր մոտ, որը կհոգա նրանց մասին։ Տղաները մեծանալով՝ կդառնան քահանա, իսկ աղջիկները կամուսնանան։

Գիտեմ, որ տարակուսում ես, թե ինչու քար նետեցի եկեղեցու պատուհանին և երկրպագեցի պանդոկում։ Ես տեսա, որ դևերը պարում են եկեղեցու լուսամուտի մոտ և այդ քարով քշեցի նրանց։ Այն եկեղեցին շուտով կվերանորոգեն։ Հենց պանդոկում մի հարուստ վաճառական խոստացավ քահանային, որ կհոգա վերանորոգման բոլոր ծախսերը։ Այդ էր պատճառը, որ խոնարհվեցի նրա առջև։

Եվ վերջապես, վերջին տան վերաբերյալ։ Ես այրեցի այն, որպեսզի ազատեմ երիտասարդ ընտանիքին անզավակության անեծքից։ Մի քանի տարի առաջ ամուսինը անազնիվ գործարք էր կնքել և ստացած գումարով կառուցել էր իր տունը։ Այդ պատճառով էլ նրանք երեխա չունեն։ Ես տեսա, որ նա զղջում է իր արարքի համար և չգիտի, թե ինչպես ազատվել այդ տնից։ Այժմ նա մի ավելի համեստ տուն կկառուցի ազնիվ վաստակած փողով։ Եվ Տերը կօրհնի նրանց՝ զավակներ ունենալու։

Այժմ հասկացա՞ր։ Ամեն ինչում արտահայտվում է Աստծու ողորմությունը մարդկանց հանդեպ, սակայն նրանք այդ չեն տեսնում և չեն կարողանում հասկանալ։ Տեր Աստված երբեք չարիք չի գործում։ Սակայն մարդիկ Նրա գործերը որպես դժբախտություններ ու վշտեր են ընկալում, իսկ Աստված այդպես է վարվում միայն հանուն բարու և նրանց ուղղվելու։ Ուստի մի՛ նայիր արտաքին կողմին, այլ ջանա՛ ամեն ինչում տեսնել Աստծու արդարությունը։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

23.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․