Գրքեր

Աստվածպաշտություն և նյութապաշտություն

Հնագույն ժամանակներից աշխարհի, մարդկության ստեղծումն ու գոյությունը կապված է եղել գերբնականի վերաբերյալ ընկալման հետ, ընդունելի էր համարվում աստվածային ներազդեցությունը մարդկության կյանքում: Սակայն հատկապես ուշ միջնադարի ժամանակաշրջանից սկսեցին գերիշխող դառնալ մատերիալիստական գաղափարները: Ինչպիսի՞ հակասություն առաջ բերեց այդ իրադրությունը:

Քրիստոնեությունը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն մարդու հոգևոր աշխարհի զորացման, ճշմարիտ աստվածպաշտության հաստատման, այլև գիտական, գրական, մշակութային առաջընթացի մեջ: Թեև այլ կրոնի հետևորդներ ևս համամարդկային գիտությանն ու մշակույթի զարգացմանը կարևոր նպաստ են բերել, սակայն քրիստոնեության տարածումից հետո քրիստոնեական աշխարհն զգալի ներդրում ունեցավ մարդկության առաջընթացի գործում: Դրանով հանդերձ քրիստոնյա մարդկությունը զերծ չեղավ սայթաքումներից, չարի գայթակղություններից, որոնք պատճառ էին դառնում անգամ Կայենի և Աբելի ողբերգական պատմության ցավալի կրկնությունների:

Արդի ժամանակներում մարդկությունը բարձրացավ գիտության, նյութական առաջընթացի ու զարգացման իր բարձրակետին, սակայն հաճախ սայթաքեց հոգևոր ոլորտից: Փորձ արվեց մարդկանց հետ Աստծո մշտապես լինելու իրողությունը հեռացնել մարդկության գիտակցությունից պատմության նյութապաշտական ընկալմամբ` Աստծուն դուրս դնելով մարդկության կյանքում նախախնամական միջամտությունից ու հոգածությունից: Արարչագործությունը պատկերվեց որպես պատահականության արդյունք, որտեղ գլխավոր տեղում է ոչ թե սերը, որով Աստված ստեղծեց աշխարհն ու տիեզերքը, այլ նյութական երևույթներն ու եղելությունները: Նաև Եկեղեցին սկսեցին ներկայացնել որպես նյութական հաստատություն` եկեղեցիացյալ ժողովուրդ լինելու, Քրիստոսի խորհրդական մարմինը լինելու սուրբգրական հիմնավորման (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19) անտեսումով:

Այսպիսով, աստվածային հայտնությունը փոխարինվեց մարդկային հայտնությամբ` առաջ եկած գիտության մատերիալիստական տարբեր ենթադրություններով ու տեսություններով: Գիտությունն իր օգտաշատ ձեռքբերումներով նաև վնասակար շահարկումների, մարդու աստվածաշնորհ կյանքին սպառնացող վտանգների, սոսկ նյութականության պնդումների առկայությամբ երբեմն դարձավ բաբելոնյան աշտարակ, որով վերընթացը պատճառեց մարդու և Աստծո, մարդու և իր նմանի միջև սիրո, համերաշխության, խաղաղության խաթարումը:

 

Ներկա գաղափարախոսությունների, դարվինիզմի և նյութապաշտ այլ տեսությունների ազդեցությամբ հաճախ փոխվել կամ աղավաղվել է մարդու աշխարհընկալումը և անգամ ինքնընկալումը: Այդ փոփոխություններում կամ հանընդհանուր նյութականացմանը միտված իրավիճակներում որո՞նք են առկա վտանգները:

Ներկա աշխարհի քաղաքական, տնտեսական ընկալումներն ու գործունեությունները մեծապես ազդվել են մարդկության ծնունդն ու գոյատևումը կենդանական աշխարհի իրողությունների նմանությամբ գոյության կռվի ու պայքարի համատեքստում պատկերող, դարվինիզմի վրա հիմնված տարբեր տեսություններից, որոնցում բացառված է Աստծո և Նրա հայտնության, քրիստոնեության հիմնարար դերն ու նշանակությունը: Եվ Բարձրյալի հանդեպ հավատքը հաճախ դիտարկվում է ոչ թե կյանքում Տիրոջ մշտական ներկայությամբ, «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` միչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28.20) Քրիստոսի խոսքերի վավերականությամբ, այլ իբրև պարզապես զուտ անձնական զգացում և ներապրում: Այսպիսի իրավիճակում մարդու գոյության կարևոր նպատակը շրջափակվում է միայն այս կյանքի կարիքների ու կրքերի բավարարման շեշտադրությամբ: Հավիտենությունը նկատվում է անիրական կամ հեռավոր, իսկ մարդու ընթացքը` զերծ երկնայինի ու աստվածայինի ներթափանցումից: Մինչդեռ դեպի հավիտենություն ընթանալն սկսվում է այս կյանքից, ինչպես ասում է Քրիստոս. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե` ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17.20-21): Այս կյանքը սոսկ ժամանակավորի ու անցողիկի սահմաններում պարփակված պատկերացնելը և մարդկության պատմության մեջ Աստծո միջամտությունը բացառելն ստվերում է մարդու ընկալումը որպես Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծյալ, կյանքի ընկալումը` որպես գերագույն արժեք, սիրո դրսևորման ընկալումը` որպես աստվածանմանություն, մարդու ընթացքի ընկալումը` ոչ թե ուղղված դեպի գերեզման և քայքայում ու ոչնչացում, այլ դեպի հավիտենություն ու Երկնքի արքայություն:

 

Հասկանալի է, որ սոսկ նյութականության վրա շեշտադրումը կարող է բացառել կրոնի ուսուցանած սկզբունքներն ու հավատալիքները, հանգեցնել աթեիզմի, հոգևոր կյանքի հանդեպ անտարբերության: Սակայն դա ինչո՞վ է վնասում մարդկանց միջև փոխհարաբերություններին:

Այսօր հոգևորից զերծ, զուտ նյութական ու նյութապաշտական հասկացություններ են տեղ գտնում` շահի, անձնապաստանության, սոսկ մարմնավորի նկատառումով, որի սահմաններում մարդը նաև դիտվում է որպես մեքենա քաղաքական, տնտեսական հսկա համակարգի պահպանման ու գործունեության համար: Մինչդեռ Աստծո մարդեղացման խորհրդով բոլորովին այլ ուղղվածություն է հաղորդվում մարդու և աշխարհի ընկալմանը: Տիրոջ` մեզ հետ լինելու իրողությամբ Աստծո գործունեությունը հառնում է իր մարդակենտրոնությամբ, որով և մարդու կյանքը պետք է լինի աստվածակենտրոն ոչ միայն առ Աստված հավատարմության ու նվիրումի արտահայտությամբ, այլև Բարձրյալի կողմից պատվիրված` մարդու հանդեպ սիրո, հոգածության, հոգատարության, համերաշխության նախանձախնդրությամբ:

Քրիստոսի մարդեղացումով ու փրկագործությամբ երկնային շնորհների բաշխումը մարդկանց հիանալի օրինակ է հավաքական կյանքում, ըստ առաքելական հորդորի, ունեցած բարիքներին միմյանց հաղորդակից դարձնելու (Եբր. 13.16): Այն հորդոր է նաև աստվածանմանությամբ ողորմության մեծագույն առաքինության իրագործման` հակառակ նյութի, կապիտալի գերարժևորման և դրա դիմաց մարդու ու նրա կյանքի ստորադասման, նյութական նպատակի համար մարդու կողմից մարդու շահագործման, հակառակ ագահության ու անհագության արատների և կուտակման մարմաջի: Տիրոջ մարդեղացման և շնորհաբաշխության նմանությամբ ողորմության առաքինության իրագործումը, հիրավի, առաջնային լուծումներից է աշխարհի ցավալի մարտահրավերներից աղքատության հաղթահարման, կյանքի բարօրությանն ու բարեկեցությանն առնչվող խնդիրների լուծման:

 

Մեր օրերում աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների, նաև առանձին մարդկանց շփումները հիմնված են հաճախ նյութական կամ տնտեսական համագործակցության, շուկայական հարաբերությունների, շոշափելի շահի ձեռքբերման նպատակի վրա: Այս փոխհարաբերություններում հավատքի գործոնը կարծես դադարում է կամ մղվում երրորդական տեղ: Ի՞նչ տարբերություններ են առաջ գալիս նյութապաշտության կամ աստվածպաշտության միջև ընտրություն կատարելիս մեկ կամ մյուս կողմը հակվելու դեպքում:

Այսօրվա` մի կողմից գերշահույթի հասնելու, մյուս կողմից սպառողականության հոգեբանությունը, որ, ցավոք, առկա է աշխարհում և մեր հասարակության մեջ, մարդկային նյութապաշտության պատճառներից է: Աստվածպաշտության և նյութապաշտության հակադրությունը մարդու և միաժամանակ ազգի բարօրության, խաղաղության, ինչպես և արդարության ու ճշմարտության օգտին կլուծվի, երբ շահամոլության փոխարեն գործադրվի աստվածապատվեր ողորմությունը (Օսեե 6.6, Մատթ. 5.7, 9.13, 12.7), աշխատողների շահագործման փոխարեն` Քրիստոսապատվեր սերը (Հովհ. 13.34-35), երբ եսասիրության փոխարեն կիրառվի բարի սամարացու նման մերձավորին օգնելը (Ղուկ. 10.29-37), ինքնանպատակ գործունեության փոխարեն` առաքելական հորդորով եղբայրասիրությունը (Հռ. 12.10, Ա Պետ. 1.22), քանզի այսօր հաճախ նյութական շահի կամ համակարգի կենսագործունեության ապահովման նպատակով մարդն ստորադասվում է կապիտալի կամ համակարգի ու հաստատության համեմատ:

Աստվածպաշտությունը նաև մարդկանց միջև հարաբերություններն է վեհացնում, մինչդեռ նյութապաշտությունը մարդկային հարաբերությունները միջոց է դարձնում շահի համար: Աշխարհի միայն տնտեսական կամ նյութական շեշտադրությամբ վերելքը հաճախ պատճառում է հոգևոր-բարոյական անկում, սոսկ նյութական առաջընթացը կամ նյութականի գերարժևորումը հանգեցնում է ընտանիքների քայքայման, հակամարտությունների սկզբնավորման, մարդկանց օտարացման, որը կարող է արտահայտվել ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաև ժողովուրդների և պետությունների մակարդակով` քաղաքական կամ ազգային էգոիզմի դրսևորումներով: Աստվածպաշտությունը, սակայն, մարդու բոլոր գործողությունների հիմքը դնում է ոչ միայն սեփական, այլև համընդհանուր բարօրության հաստատման, աստվածադիր մեծագույն արժեքների կարևորման, կյանքի աստվածաշնորհության ընկալման, հավիտենության գիտակցման վրա:

 

Ուշ միջնադարյան շրջանից Եվրոպայում փորձ էր արվում նվազեցնել քրիստոնեության դերն ու հեղինակությունը` շեշտադրում կատարելով գիտության ու մշակույթի` կրոնից անկախանալու, կրոնական գիտակցությունը քաղաքացիական գիտակցությամբ փոխարինելու վրա: Ինչի՞ հանգեցրեցին այդ ջանքերն այն ժամանակ, և որո՞նք են դրանց հետևանքներն այսօր:

Քրիստոնեական երկրներում և հասարակություններում քրիստոնեությունը նախկինում աներկբա ճշմարտություն էր համարվում` Աստծո կողմից տիեզերքի, մարդու ստեղծման ուսուցումներով: Աշխարհի, մարդու, տիեզերքի գոյավորման այլ տեսություններ տարածում չունեին: Սակայն սկսեցին առաջ գալ Եկեղեցու դիրքորոշմանը հակադրվող վարկածներ, ուսումնասիրություններ: Համակարգվեցին և գիտական հաստատում ստացան տիեզերքի, կենդանական ու բուսական աշխարհի, մարդու առաջացմանը վերաբերող տեսություններ: Քրիստոնեական երկրներում կրոնական վարդապետությանը զուգահեռ հնարավորություն ստեղծվեց ընտրություն կատարելու կրոնի հայտնության և աշխարհիկ ուսուցումների միջև: Քրիստոնեությունը համընդհանուր ճշմարտությունից դարձավ անձնական ընտրության առարկա` հիմնված միայն անձնական զգացման և ներքին փորձառության վրա:

Փոխվեց վերաբերմունքը նաև Եկեղեցու հանդեպ: Աստծո կողմից հիմնված, միակ ճշմարտության կրող հաստատության փոխարեն այն սկսեց դիտարկվել որպես կրոնական ուղղվածությամբ կազմակերպություն, որը սպասարկում է իր համայնքի կամ հավատացյալների շահերը: Հավատքն իջեցվեց զգացումի աստիճանի կամ դարձավ անհատական զգացականության դրսևորում` միտված ներքին հարմարավետության հաստատմանը:

Բացի գոյաբանության վերաբերյալ սուրբգրական բացատրությունից նաև այլ տեսությունների, փիլիսոփայությունների առաջացումը պատճառ դարձավ քրիստոնեության մեջ հեթանոսական տարրերի ներմուծման կամ առանձին անձանց ու խմբերի` քրիստոնեությունից հեթանոսության նահանջի: Գլուխ բարձրացրեց աթեիզմը: Վերադարձան հեթանոսական մեղսալի բարքերը: Նոր ժամանակների մարդը կանգնեց կրոնի և աթեիզմի, բարոյականության և քրիստոնեական տեսակետով անբարոյականության միջև ընտրության ճանապարհին` սխալ կողմը շեղվելու հեշտ քայլերով: Քրիստոնեության կողմից մերժելի և դատապարտելի բարքերն ու իրողությունները հատկապես արևմտյան հասարակությունների կողմից արդեն նկատվեցին սովորական և ընդունելի, անգամ խրախուսելի: Աստվածպաշտությունից, քրիստոնեական աստվածընկալումից անցումը մարմնականի, նյութականի առավել կարևորման, ճգնաժամ բերեց նաև մարդկանց ինքնագիտակցության մեջ ճիշտ կողմնորոշվելու հարցում: Սխալ ընտրության հնարավորություն բացվեց, բնությանն ու բնական օրենքներին դեմ գնալով, փոխելու ինքնությունն ըստ մեղսալի ինքնընկալման` լինելու կին կամ տղամարդ և կամ անսեռ մարդկային էակ: Այսպես, ճշմարիտ աստվածապաշտությունից հեռացումը և հոգևորի անտեսումը բերեց նաև մարմնավոր իրողությունների, մեղսալի կրքերի գերակայության, ընտանիքի ավանդական կառույցի քայքայման:

 

Ոչ կրոնական կամ աթեիստ մարդիկ գուցե դրական են գնահատում կրոնից, կրոնական գիտակցությունից թափուր լինելը, մարդու ապրելու և ստեղծագործելու ունակությունը գերբնական հեղինակության առկայության ընկալմամբ չպարուրելը և ազատություն թողնելը մարդկային անկախ գաղափարների ստեղծման ու տարածման համար: Այս տեսակետի համաձայն` արդյո՞ք քրիստոնեությունն իր դավանած արժեքներով չի ուղղորդում դրան հետևող մարդկանց ստեղծագործական ընթացքը, ապրելու կերպը և ձևը` լիակատար ինքնադրսևորման սահմանափակում դնելով:

Քրիստոնեության պատվիրաններն աստվածադիր են և տրված են մարդու, մարդկային կյանքի բարօրության, ապահովության համար: Այդ ուղղորդումները սահմանափակումներ չեն, այլ չարի ու աղետի առջև դրվող սահմաններ, որոնցից այն կողմ անցնելն անգամ մեծագույն ողբերգությունների ու եղեռնագործությունների պատճառ է դառնում մարդու, աշխարհի, ողջ մարդկության համար: Մենք դրա օրինակներն ունենք նույնիսկ նոր շրջանի պատմության մեջ: Քրիստոնեության վեհագույն ուսուցումներից անկախ` մարդու ստեղծած գաղափարախոսությունները չարիքներ են դարձել և ավերածություններ պատճառել: Խնդիրն առաջին հերթին այն չէ, որ դրանք լավ կամ վատն են եղել, մերժել են կրոնական հասկացությունն ու վարդապետությունը, այլ այն, որ դրանք իրենց հերթին դարձել են մարդաստեղծ կրոններ` անձի պաշտամունքով, դավանանքով և արդեն մարդկային գաղափարներին կյանքը զոհաբերելու գործողություններով:

Նացիզմի, ֆաշիզմի, ստալինիզմի դավանանքը և նմանատիպ այլ գաղափարախոսություններ միլիոնավոր մարդկանց ոչնչացման պատճառ դարձան, աշխարհում բազմապատկեցին թշվառությունները, արյունահեղությունները, ողբերգությունները: Այդ գաղափարախոսությունների տարածումից և դրանց համաձայն լայնածավալ գործողություններից հետո դեռ երկար ժամանակ մարդկությունը չէր կարողանում հաղթահարել դրանց բերած ավերներն ու մեծագույն աղետները:

Յուրաքանչյուր անաստված այս կամ այն չափով նյութապաշտ է, իսկ անաստվածության, նյութապաշտության հետևանքները խաթարում են մարդկային ներդաշնակ ու ստեղծարար, բարոյական ու խաղաղ կեցությունը: Այդ աղետից է ողջ մարդկությանը զգուշացնում Սուրբ Գիրքը` ասելով. «Անզգամն ասաց իր սրտում, թե` չկա Աստված, ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ» (Սաղմ. 13.1):

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

11.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․