Այսօրվա կյանքն, իր անդադար մրցավազքով, դժոխային տանջանք է

Մարդիկ անընդհատ ինչ-որ տեղ են շտապում ու սլանում: Այս ժամին մի տեղ պետք է լինեն, մյուսին՝ մեկ այլ տեղ, հաջորդին… Նրանք ստիպված գրառումներ են կատարում, որպեսզի չմոռանան, թե ինչ գործեր պետք է անեն: Դեռ լավ է, որ այդպիսի վազքի մեջ չեն մոռացել, թե իրենց անունն ինչ է: Նրանք նույնիսկ իրենք իրենց չեն ճանաչում: Եվ ինչպե՞ս ճանաչեն, մի՞թե պղտոր ջրի մեջ կարող ես քեզ տեսնել այնպես, ինչպես հայելու մեջ: Թող Աստված ինձ ների, բայց աշխարհն իսկական հոգեբուժարան է դարձել: Ուրիշ կյանքի մասին մարդիկ չեն մտածում, միայն ավելի ու ավելի շատ նյութական բարիքներ են որոնում իրենց համար: Եվ այդ պատճառով էլ հանգիստ չեն գտնում և անընդհատ ինչ-որ տեղ են սլանում:

Բարեբախտաբար ուրիշ կյանք էլ կա: Մարդիկ իրենց երկրային կյանքն այնպիսին են դարձրել, որ եթե հավիտյանս այստեղ ապրեին, ապա ավելի մեծ դժոխային չարչարանք գոյություն չէր ունենա: Եթե նրանք, ինչպես Նոյի դարաշրջանում (Ծննդ. 5), ութ հարյուր, ինը հարյուր տարի ապրեին այդ տագնապն իրենց հոգում, ապա նրանց կյանքը մի երկար դժոխային չարչարանք կլիներ: Այն ժամանակներում մարդիկ պարզ էին ապրում, և նրանց կյանքն այդքան երկար էր, որպեսզի Ավանդությունը պահպանվեր: Իսկ այժմ տեղի է ունենում այն, ինչ Սաղմոսներում է գրված. «Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի, կամ առավելագույնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցավով ու հեծությամբ» (Սղմ. 89:10)։ Իսկ յոթանասուն տարին այնպիսի ժամկետ է, որ հասցնես երեխաներիդ ոտքի կանգնեցնել, սակայն դա էլ հազիվ ես հասցնում:

Մի անգամ Ամերիկայից մի բժիշկ եկավ իմ խուց ու պատմեց այնտեղի կյանքի մասին: Մարդիկ այնտեղ արդեն մեքենաների են վերածվել, ողջ օրն աշխատում են: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր ավտոմեքենան ունենա: Տանն էլ պետք է չորս հեռուստացույց լինի, որպեսզի բոլորն իրենց հարմարավետ զգան: Դե աշխատիր, տանջվիր, շատ գումար վաստակիր, որ հետո ասես, թե երջանիկ ես ու բարեկեցիկ կյանքով ես ապրում: Բայց այդ ամենը երջանկության հետ ի՞նչ կապ ունի: Հոգու տագնապով լի այդ կյանքը, իր անդադար մրցավազքով, երջանկություն չէ, այլ՝ դժոխային տառապանք: Հոգևոր տագնապով լի այդ կյանքն ինչի՞դ է պետք: Ես նման կյանք չէի ուզի, եթե նույնիսկ ողջ աշխարհը պարտավոր լիներ այդպես ապրել: Եթե Աստված մարդկանց ասեր. «Ես ձեզ չեմ պատժի այն կյանքի համար, որ վարում եք, բայց կթողնեմ հավիտյանս այդ կյանքով ապրել», ապա դա ինձ համար մեծագույն տառապանք կլիներ:

Այդ պատճառով էլ շատերը, չդիմանալով նման կյանքին, հեռանում են քաղաքներից, գնում առանց ուղղության ու նպատակի, միայն թե հեռանան: Խմբեր են կազմում, բնության գրկում են ապրում՝ որոշներն իրենց ֆիզիկական աճով զբաղվելով, ուրիշներն՝ էլի ինչ-որ բանով: Ինձ պատմել են, որ նրանցից մեկը վազքով է զբաղվում, մյուսները գնում են լեռներ ու 6000մ բարձրություն ունեցող գագաթներ բարձրանում: Նրանք նախ՝ պահում են շունչը, հետո՝ մի որոշ ժամանակ նորմալ են շնչում, ապա՝ նորից խոր շունչ են քաշում… Ի՜նչ փուչ բաներով են զբաղվում: Դա վկայում է այն մասին, որ անհանգստությունը ծանրացել է նրանց սրտում, և սիրտը ելք է որոնում:

Այդպիսի մի մարդու ասացի. «Դուք փոս եք փորում՝ ավելի ու ավելի խորացնելով այն, հետո հիանում եք դրանով ու դրա խորությամբ, իսկ հետո… ընկնում եք դրա մեջ ու ցած սլանում: Իսկ մենք [ուղղակի փոս չենք փորում] հանք ենք մշակում և օգտակար հանածոներ գտնում: Մեր ճգնությունն իմաստավորված է, որովհետև հանուն վեհ բանի է արվում»:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

25.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․