Գրքեր

Եթե մենք՝ վանականներս, տոներին չվերաբերվենք ինչպես հարկն է, ապա աշխարհիկ մարդիկ ի՞նչ անեն

Ի՜նչ ոգի կար առաջ մենաստաններում: Հիշում եմ, թե մարդիկ ինչպես էին խաղող բերում Սուրբ լեռ՝ նոր տոմարով Սուրբ Խաչի տոնից հետո: Սակայն բարկասները երբեմն Աթոսի ափն էին հասնում հենց այն օրը, երբ մենք հին տոմարով էինք տոնում Սուրբ Խաչը: Եթե այդպես էր պատահում, ապա վանականները երբեք չէին գնում տոնի օրը խաղող դատարկելու: Նրանք այն ետ էին ուղարկում կամ էլ խաղողով բեռնված բարկասը թողնում էին նավամատույցում: Եթե ձեթ կամ փայտ էին բերում որևէ տոնական օր, ապա նույնն էր կատարվում: Իսկ մենաստաններն ախր աղքատ էին: Բայց աթոսացիներն այսպես էին մտածում. «Աշխարհիկ մարդն ի՞նչ կասի՝ տեսնելով, որ վանականներն աշխատում են տոնին»: Վանականների համար հազար անգամ ավելի նախընտրելի էր, որպեսզի չբեռնաթափված բարկասը գիշերը ջարդուփշուր լինի փոթորկից, որպեսզի խաղողն ու փայտը կորչեն, քան բեռնաթափեն դրանք տոնի օրը՝ զրկվելով տոնից, դեռ մարդկանց հոգիների համար էլ գայթակղություն լինելով:

Իսկ այժմ… Տոներից մեկի նախորդ օրը վանքերից մեկում էի: Վանականները խաղող էին դատարկում: Հետո բոլոր եղբայրներին հավաքեցին այն ճզմելու: Երեկոյան հսկում պիտի լիներ, բայց այն հաջորդ օրը տեղափոխեցին: Իսկ դա ախր մեծ տոն էր: «Կարիքի համար,- ասում են,- նույնիսկ օրենքը կարող է ետ քաշվել…» Մեկ այլ մենաստանում հրդեհից հետո այրված շենքերը կիրակի օրերին էին վերականգնում: Դե ինչ, կրկին կայրվեն: Իսկ դա ախր աշխարհիկ մարդիկ են տեսնում և ասում են. «Այդ բոլոր տոները մեծ կարևորություն չունեն»: Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի տոնական օրերին չաշխատել: Դա հատկապես մեզ՝ վանականներիս է վերաբերում, որովհետև տոներին աշխատելով, ոչ միայն ինքներս ենք մեղք գործում, այլ նաև գայթակղություն ենք դառնում աշխարհիկ մարդկանց համար: Այդ կերպ կրկնակի ենք մեղանչում: Աշխարհիկ մարդիկ առիթ են փնտրում իրենց մեղքերն արդարացնելու համար: Իրենք կարող են զօր ու գիշեր աշխատել՝ առանց տոները պահելու: Բայց ահա, նրանք տեսնում են, որ որևէ վանական կամ միանձնուհի, ինչ-որ մեծ կարիքից ելնելով, աշխատում է տոնական օրը: Դրանից հետո սատանան նրանց այսպես է ասում. «Ահա, նույնիսկ տերտերներն են աշխատում: Իսկ դու ինչո՞ւ ես ձեռքերդ ծալած նստել»: Աշխարհիկ մարդիկ, տեսնելով, թե որևէ միանձնուհի կիրակի օրը ծածկոց է թափ տալիս, կասեն. «Քանի որ միանձնուհիներն են աշխատում, ապա մենք ինչո՞ւ չենք կարող աշխատանքի գնալ»: Այդ պատճառով պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի գայթակղություն չլինես մարդկանց համար:

- Հա՛յր, իսկ եթե որևէ տոնական օր, օրինակ՝ Սուրբ Աստվածածնի Տաճարին ընծայման տոնի օրը, որևէ վարպետ գա մենաստա՞ն՝ աշխատելու:

- Աստվածածնի ընծայման տոնն ու մենաստանում վարպետ աշխատի՞: Վայել չէ: Թող չաշխատի:

- Հա՛յր, այդ դեպքը տեղի էր ունեցել, որովհետև աշխատանքի համար պատասխանատու քույրը գլխի չէր ընկել նրան ասել, որ չգա:

- Այդ դեպքում ապաշխարություն պետք է նշանակել այդ քրոջ համար, պատիժ:

- Հա՛յր, իսկ եթե տոնական օրը հսկումից հետո աչքերդ փակվում են հոգնածությունից, կարելի՞ է ձեռագործով զբաղվել և Հիսուսի աղոթքն ասել:

- Մի՞թե չի կարելի ծնրադրություն անել: Քունը ցրելու համար ավելի լավ է ծնրադրություններ անել, այլ ոչ թե՝ ձեռագործ:

- Իսկ կիրակի օրը՞: Եթե վանական կանոնն ընթերցված է, ապա, միևնույն է, չի՞ կարելի օրինակ՝ համրիչներ հյուսել:

- Ինչո՞ւ դրանք հյուսել: Ինչո՞ւ այդ օրը հոգևոր առումով չես հագենում: Ցավոք, նույնիսկ մենաստաններում է ինչ-որ աշխարհիկ ոգի հայտնվում: Իմանում եմ, որ կիրակի և մեծ տոների օրերին որոշ մենաստաններում կեսօրից անմիջապես հետո վանականները ցրվում են իրենց հանձնարարությունները կատարելու: Կարելի է կարծել, թե սովամահ լինող երեխաներ ունեն և տունն էլ աճուրդով վաճառում են: Չլինի՞ թե այդքան մեծ կարիք է… Հյուրընկալը, խոհարարը ուրիշ հարց է: Արխոնդարիկում*, խոհանոցում ինչ-որ մեկը պետք է և՛ կիրակի օրը, և՛ տոներին հանձնարարություն կատարի: Չի կարելի այդ տարածքներն առանց մարդկանց թողնել:

Երբեմն, երբ ձուկ են բերում իմ խուց, բերողին ասում եմ. «Վերցրու դա և հեռացիր»: Ի՞նչ դուրս կգա, եթե սկսեն ինձ ձուկ բերել, մեկը՝ կենդանի, մյուսը՝ անկենդան: Եվ եթե այստեղ՝ մենաստան ձուկ բերեն տոնին և դուք պետք է դրանով զբաղվեք, եփեք, ապա էլ ի՞նչ ուրախություն կունենաք տոնից: Սուրբ Աննայի անապատի հայր Մինասին հիշո՞ւմ եք: Մի անգամ կիրակնօրյա առավոտյան ձկնորսը ձուկ բերեց նրա խցի սրբի տոնին և ասաց. «Թարմ ձուկ է, հա՛յր»: «Սպասի՛ր,- զարմացավ ծերը,- չէ որ այսօր կիրակի է: Այդ ե՞րբ ես բռնել, որ թարմ է»: «Այսօր առավոտյան»,- պատասխանեց ձկնորսը: «Դե՛ն նետիր,- խորհուրդ տվեց նրան հայր Մինասը:- Դա վտարված ձուկ է: Եթե ուզում ես համոզվել, ապա մի ձուկ նետիր կատվին: Կտեսնես, որ չի ուտի»: Եվ իսկապես, երբ ձկնորսը մի ձուկ նետեց կատվին, նա զզվանքով շրջվեց դրանից: Ահա, թե ինչպիսի նրբազգացություն ունեին մեր հայրերը:

Իսկ այժմ բանվորների ու վարպետների կտեսնես մենաստաններում տոն օրերին… Մի անգամ Աստվածածնի ննջման տոնին մի մենաստանի մոտ աշխատավորների խումբը բենզինային սղոցներով ծառ էր կտրում: Սկզբում երկնքում ոչ մի ամպիկ չկար, բայց հանկարծ ամպեր կուտակվեցին, ապրոպ սկսվեց և փայտահատների կողքին կայծակներ փայլատակեցին: Կայծակից անտառում հրդեհ բռնկվեց, և աշխատավորներն այնտեղից այնպիսի սարսափով փախան, որ նույնիսկ ոչ ոքի չհայտնեցին այդ մասին: Հրդեհն այնպես ուժգնացավ, որ հրշեջները վախենում էին այն մարել: Եվ ի՞նչ եք կարծում. հաջորդ կիրակի կրկին սղոցների դզզոց լսվեց անտառում: Այս անգամ արդեն փայտահատների երկու խումբ էր եկել փայտ կտրելու: Բայց եթե մենք կիրակի ու տոն օրերին ծառ ենք կտրում, ապա հրդեհներն Աստծո զայրույթն են: Եվ վատն այն է, որ մենք դա չենք հասկանում: Մենք արդեն հատել ենք Աստծո համբերության սահմանները:

Եթե ինչ-որ բանի կարիք է առաջանում, ապա վանականները տերողորմյայով աղոթում են՝ հարյուր հանգույց, իսկ Աստված լուսավորում է ինչ-որ մեկին և նա վանականներին հարյուր հազար դրահմ է ուղարկում: Վանականի գործն աղոթքն է: Ո՞վ առ Աստված վստահություն կունենա, եթե այն նույնիսկ մենք՝ վանականներս չունենանք: Աշխարհիկ մարդի՞կ: Եթե վանականն իր կյանքն Աստծուն է հանձնում, ապա Աստված պարտավոր է նրան լսել: Համակեցական մենաստանում, որտեղ ես ապրում էի իմ վանական ուղու սկզբում, վանահայրը մի խցակյաց եղբայր ուներ: Նրա պարտականությունների մեջ էր մտնում եղբայրների ժողովների համար սրահի պատրաստումը: Երբ նա հիվանդ կամ զբաղված էր լինում, նրա հանձնարարությունը ինձ էին տալիս: Նա այնքան էլ ժիր մարդ չէր, բացի այդ Սուրբ Պատարագի ժամանակ միշտ մնում էր մինչև վերջ, սակայն կարողանում էր ողջ աշխատանքը գլուխ բերել: Ես նրանից ժիր էի: Սուրբ Պատարագից շուտ էի դուրս գալիս, որպեսզի հասցնեմ սրահը պատրաստել մինչ եղբայրների գալը, սակայն ամեն ինչ թարս ու շիտակ էի անում: Մեկ սրճամանն էր շրջվում ու սուրճը թափվում, մեկ թեյի բաժակներն էին ընկնում, մեկ ջրի բաժակն էր ձեռքիցս ցած ընկնում… Ամեն ինչ տակնուվրա էր լինում: Իսկ խցակյակ եղբայրը, մինչ Պատարագի ավարտը եկեղեցում մնալով, խաչակնքվում էր ու հավատում, որ Աստված իրեն կօգնի: Իսկ եթե նրան նախատում էին [որ նախօրոք չի գնում իր հանձնարարությունը կատարելու], նա խոնարհաբար էր ընդունում դա: Այդ վանականը խոնարհություն ուներ, և օգուտը, որ ստանում էր, կրկնակի էր:

Ինչևէ, չկառչելով երկրորդականից, որը կարելի է առանց վնաս կրելու բաց թողնել, մարդիկ կրկնակի օգուտ են ստանում և կրկնակի փառաբանում տոնվող սրբերին: Հնարավորինս ուշադիր լինենք, որպեսզի այն ամենն, ինչ անում ենք՝ ի վնաս հոգևորի չլինի: Հոգևորը պետք է առաջին հերթին կատարվի, որպեսզի մեր բոլոր ջանքերն օրհնվեն, որպեսզի մենք Աստծո օրհնությունն ունենանք: Առաջնահերթ ուշադրությունը ոչ թե նյութական, այլ հոգևոր կյանքին դարձնենք: Եթե վանականի համար գործերն ու հոգսերն առաջնային են, իսկ աղոթքը միայն երկրորդ տեղում է, ապա նրա համար աշխատանքն ավելի արժեքավոր է, քան հոգևոր կյանքը: Իսկ դրա մեջ հպարտություն կա, և ոչ՝ երկյուղածություն: Գործը, որ արվում է, սակայն հոգևոր առումով քայքայում է նրան, ով անում է, չի օրհնվում: Աստված ամեն ինչ կդասավորի, եթե մենք առաջին հերթին ուշադրություն դարձնենք հոգևորին: Եթե մենք՝ վանականներս, տոներին չվերաբերվենք ինչպես հարկն է, ապա աշխարհիկ մարդկանց ի՞նչ է մնում անել: Եթե մենք մեր հոգևոր պատասխանատվությունները չենք կատարում, եթե սրբերից օգնություն չենք հայցում, ապա ո՞վ պիտի խնդրի դա նրանցից: Այդպես մենք խոսքով ենք ասում, որ հավատում ենք Աստծուն, իսկ գործով Նրա հանդեպ վստահություն չունենք: Եթե մենք՝ սքեմավոր վանականներս, չենք հարգում սրբազան կանոնները, ապա ի՞նչ իմաստ կա մեր կյանքում:

 

* Հունական մենաստաններում հյուրերին ընդունելու վայր:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

04.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․