31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր

Միայն իր անձի համար ապրողը, բնավ չի ապրում

Սուրբ հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնի օրը մի խումբ ուխտավորներ «Տերունական» և ճանապարհից առաջ աղոթքներն ասելուց հետո մեկնեցին միջնադարում չորս գլխավոր աթոռներից մեկը հանդիսացող ուխտավայրը: Նրանք՝ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն էին, որ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ մեկնեցին Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի:

Եկեղեցում ուխտավորները մասնակցեցին գիշերային և առավոտյան ժամերգությանը: Նրանց ընդհանրական սրտաբուխ աղոթքը Գևորգ Եղիազարյանի ապաքինման համար էր, ով 2011թ-ին հայոց բանակում ծառայելիս ծանր վիրավորվել էր: Տեր Գրիգորն անչափ կարևորում է նման ընդհանրական աղոթքը հիվանդի համար, որն Աստծո հանդեպ սիրո դրսևորման մի արտահայտություն է՝ նշելով ավետարանական այն խոսքը, թե՝ «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհաննես 4.20):

Ժամերգությունից հետո Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քհն. Բաղալյանը ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու պատմությունը:

Իր հարուստ անցյալի պատմությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված այս վանքը հանդիսացել է միջնադարյան հայ գրչության և ուսումնագիտական կենտրոնը՝ «Մագիստրոսի ճեմարան» անվանումով, 1065 թ-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Բջնիի Սբ. Աստվածածին վանքի առաջնորդ Տեր Վահրամը, ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու, ընտրվել է կաթողիկոս և կոչվել Գրիգոր Բ Վկայասեր, վանքում գրչագրվել են նաև բազմաթիվ ձեռագրեր: Թշնամու ձեռքը բազմիցս է ավերել հզոր միջնադարյան վանքը, բայց բազմաթիվ նվիրյալների ջանքերի շնորհիվ այն նորոգվել է և վերակենդանացել:

Սուրբ Զորավոր եկեղեցու համայնքը, ուխտի ճանապարհը շարունակելով, եղան Բջնիի Սուրբ Գևորգ եկեղեցում (13-17-րդ դդ.), Պահլավունի իշխանների կողմից կառուցված երեք կողմից վերձիգ ժայռերով պաշտպանված Բջնիի ամրոցում (10-11-րդ դդ.): Ինչպես նաև այցելեցին Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից կառուցված 7-րդ դարի Սբ. Սարգիս գմբեթավոր խաչաձև եկեղեցի, որ իր արտակարգ փոքր չափերի հետևանքով Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է համարվում:

Համայնքից Սուսաննան մեկ տարի է, ինչ հաճախում է եկեղեցի և ամեն անգամ ուխտի գնալը իր համար մեծ ուրախություն է: Նա մեծ ոգևորությամբ հերթով թվարկում էր, թե որ եկեղեցիներում է եղել, իր մեծ ցանկություն է մյուս տարի ուխտի գնալ Սուրբ երկիր՝ Երուսաղեմ: «Հաճախելով եկեղեցի, մասնակցելով ուխտագնացություններին՝ շատ ու շատ հարցերին սկսել եմ այլ կերպ վերաբերվել: Այդ անցումն ինձ համար դժվար էր, բայց Աստծո օգնությամբ հաղթահարում եմ բոլոր դժվարությունները: Ամեն անգամ, Սուրբ Պատարագին, ուխտագնացություններին մասնակցելով, հոգուս դատարկությունն է լցվում»,- ասաց Սուսաննան:

Սաթենիկ Սիմոնյանը, ով Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհին է, նաև եկեղեցու ծխական խորհրդի անդամը, կարևորում է քրիստոնյայի կյանքում ուխտագնացությունը: Նշելով, որ եթե անգամ ուխտավայրում երկրորդ կամ երրորդ անգամ ես լինում, ապա հաղորդակցվելով սրբությանն ու օրհնությանը, այն ամեն անգամ տարբեր է դառնում: «Քանի որ ուխտագնացությունը հոգևոր մի ուխտ է և ոչ միայն ուխտավայրը տեսնելը»,- հավելեց տիկին Սաթենիկը:

Իմաստուն միտքը կյանքի կոչած, թե՝ «Ով իր անձի համար է ապրում միայն, նշանակում է, թե բնավ չի ապրում» և հոգևոր ուխտով՝ հիվանդի համար առ Աստված բարձրացված ընդհանրական աղոթքով, յուրաքանաչյուր սրբավայր ուխտավորին հիշեցնում էր մեր Տիրոջ հետևյալ խոսքերը. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև ով խնդրում է՝ ստանում է, ով փնտրում է՝ գտնում է, ով բախում է՝ դուռը բացվում է նրա առաջ» (Ղուկաս 11.9-10):

Կարինե Սուգիկյան

11.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․