20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Սաղմոս ՁԵ

Սաղմոս Դավթի. աղոթք:

Իր, Եզեկիայի, Զորաբաբելի և [մարդկային] բնության անունից այս աղոթքն է մատուցում:

1. Խոնարհեցո, Տէր, զունկն քո և լո՛ւր ինձ, զի աղքատ և տնանկ եմ ես:

Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես:

Ինչպես մարդասեր բժիշկ՝ խոնարհեցնում է ականջն իր հիվանդի շուրթերին, և լսում նրա ցածր ձայնը: Եվ ով աղոթում է, նախ ինքն է խոնարհվում, և ապա նոր Տերն է խոնարհվում: Աղքատ ու տնանկ եմ ես. թեև Դավիթը, Եզեկիան և Զորաբաբելը թագավորներ էին, սակայն ոչ թե թագին, այլ իրենց բնությանն էին նայում:

2. Պահեա՛ զանձն իմ սուրբ, Տէր. փրկեա՛ զծառայս քո, Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Հոգին իմ սո՛ւրբ պահիր, Տեր. փրկի՛ր, Աստված իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա:

Սավուղից, Սենեքերիմից և Գոգից: Եվ [մեր] բնությունն էլ սուրբ ստեղծվեց, դո՛ւ, որ ստեղծեցիր, սրբությամբ պահի՛ր: Փրկի՛ր, Աստված իմ, քո ծառային, որ քեզ վրա հույսս դրի, այլ ոչ թե անձի սրբության:

3. Ողորմեա՛ ինձ, Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ: Ուրա՛խ արա զանձն  ծառայի քո, զի առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ:

Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ քեզ կանչեցի: Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տե՛ր, քանզի հոգիս դեպի քեզ բարձրացրի:

Ով ցանկանում է, որ լսելի լինեն իր աղոթքները, միշտ աղաղակում է, ինչպես որ Տերն է ասում. «Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են» (Ղուկ. 18:7): Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, որ քո պատկերն է, բխեցրու սրանից ճշմարիտ ուրախությունը, որպեսզի ուղղվեն հոգուս աչքերը:

4. Զի դու, Տէր, քաղցր և ուղիղ ես. բազումողորմ առ ամենեքեան, որ կարդան առ քեզ:

Որովհետև դու, Տե՛ր, բարի ու շիտակ ես, բազումողորմ ես նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ:

Բարի ու շիտակ դատավոր ես, բազումողորմ ես հրեաների և հեթանոսների հանդեպ:

5. Ո՛ւնկն դիր, Տէր, աղօթից իմոց, և նայեա՛ ի ձայն խնդրուածաց իմոց:

Ակա՛նջ դիր, Տե՛ր, իմ աղոթքներին և ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին:

Յուրաքանչյուրն աղոթում է Աստծուն, և Աստված բոլորին տեսնում է, սակայն բոլորի խնդրանքները չէ, որ կատարում է, այդ պատճառով էլ ասում է. ո՛ւշ դարձրու, եթե քեզ հաճելի բաներ խնդրեմ, քանզի հնարավոր է, որ չգիտակցելով քար կամ օձ խնդրենք:

6. Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, և լուար ինձ:

Իմ նեղության օրը ես կանչեցի քեզ, և դու լսեցիր ինձ:

Փորձառություն ունեմ, ասում է, որ լսել ես ինձ:

7. Ոչ ո՛ք է նման քեզ յաստուածս, Տէր. և ոչ ո՛ք է որպէս զգործս քո:

Աստվածների մեջ քեզ նմանը չկա, Տե՛ր, և ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին:

Սենեքերիմին նկատի ունի, մի՞թե կարողացան ազգերի աստվածները որևէ մեկին կյանք տալ: Ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին, որ տեսնում ենք արարածներին և Երուսաղեմը, քանզի աստվածները, որ երկինք ու երկիր չեն ստեղծել, կորչելու են: Դորձյալ՝ քեզ նման չկա ո՛չ առաքյալների, ո՛չ մարգարեների, ո՛չ մարտիրոսների և ոչ էլ արդարների մեջ, քանզի ո՞վ է, որ քո գործերը գործեց, այսինքն՝ մեզ ազատագրեց, քանզի շնորհով են միայն աստվածներ կոչվում:

8. Զամենայն ազգս զոր արարեր՝ եկեսցեն և երկիր պագցեն առաջի քո, և փառաւոր արասցեն զանուն քո յաւիտեան:

Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առաջ, հավիտյան փառք պիտի տան քո անվանը:

Բոլոր ազգերը, երբ հավատքի գան, և կամ հանդերձյալ կյանքում, նաև հավիտյան փառք տալը հավատացյալներին է վերաբերվում:

9. Մեծ ես դու, Տե՛ր, և առնես սքանչելիս և դու միայն ես Աստուած:

Մեծ ես դու, Տե՛ր,  և հրաշագործություններ ես անում, և միայն դո՛ւ ես Աստված:

Որով հայտնի է, որ դու ես միայն հրաշագործ Աստված՝ Յիսուս:

10. Առաջնորդեա՛ ինձ ի ճանապարհի քում, և գնացից ի ճշմարտութեան քում, և ուրախ եղիցի սիրտ իմ՝ յերկնչել յանուանէ քումմէ:

Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտությամբ, և սիրտս ուրախանա՝ երկնչելով քո անունից:

Այն ճանապարհով, որ քոնը կոչեցիր, որ ընթանամ քո ճշմարտությամբ՝ Հոր մոտ և Սուրբ Հոգու: Եվ սիրտս ուրախանա՝ երկնչելով քո անունից, քանզի ովքեր դևերից են երկնչում, տրտմում են:

11. Խոստովան եղէց առ քեզ, Տէր Աստուած իմ բոլորով սրտիւ իմով. փառաւոր արարից զանուն քո յաւիտեան:

Ամբողջ սրտովս գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր Աստված իմ, հավիտյան փառք պիտի տամ քո անվանը:

Ինչպես որ լսել էր, թե. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ ուժով» (Երկրորդ Օրենք 6:5):

12. Մեծ եղև ի վերայ իմ ողորմութիւն քո, փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց:

Մեծ եղավ քո ողորմությունն իմ հանդեպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից:

Նկատի ունի հեթանոսների եկեղեցին, քանզի հրեաներին ծառաներիդ միջոցով փրկեցիր, իսկ ինձ՝ անձամբ՝ իջնելով դժոխքի խորքերը, քանզի այն, որ ավերեց Տերը, երկրի խորքերում էր, որտեղ էլ գեհենն ու սառնամանիքն էր: Իսկ դժոխքը, որտեղ իր թագավորությունն է հաստատել սատանան, հոգիների համար բանտ էր՝ Աստծու թույլտվությամբ, թեև անմարմին հոգիների տեղ չի կոչվում, այլ անմարմին դևերն էին փակել նրանց: Դարձյալ՝ ներքին դժոխքը, որտեղ միայն Աստված կարող է օգնել:

13. Աստուած, անօրէնք յարեան ի վերայ իմ. և ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ. և ո՛չ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց:

Աստված, անօրեններն հարձակվեցին ինձ վրա, հզորների ամբոխներն հետապնդեցին ինձ, և քեզ իրենց առջև Աստված չհամարեցին:

Հոգիներն են այսպես ասում, հայտնի է, որ դևերն ի մի հավաքվեցին՝ ցանկանալով արգելել. սկզբում չճանաչեցին նրան իրենց առջև Աստված, քանզի բանական հոգով ծածկել էր աստվածությունը, մինչև որ քանդվեցին դժոխքի դռները, փականները, և չարաչար այրվեցին աստվածությունից:

14. Այլ դու, Տէ՛ր Աստուած իմ, գթած ես և ողորմած, երկայնամիտ՝ բազումողորմ և ճշմարիտ.

Նայե՛ա առ իս և ողորմեա՛ ինձ:

Բայց դո՛ւ, Տե՛ր Աստված իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, բազումողորմ ու ճշմարիտ: Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ:

Գթած՝ որդիներիդ հանդեպ, ողորմած՝ զղջացողների, համբերատար՝ դարձի չեկողների հանդեպ, բազումողորմ՝ բազմամեղների հանդեպ, ճշմարիտ, որ պսակների արժանի ես համարում և որ նայելդ [անգամ] լի է ողորմությամբ:

15. Տո՛ւր զօրութիւն ծառայի քո, կեցո՛ զորդի աղախնոյ քո. և արա՛ առ իս նշան բարութեան:

Զորություն տո՛ւր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն: Եվ ինձ բարության նշան ցույց տուր:

Զորություն՝ տկարացածներին, պահպանի՛ր աղախնուդ որդուն, այսինքն՝ Եվայի կամ Դավթի, Եզեկիայի և Զորաբաբելի, ասում են, թե օտար չենք, այլ ծնողներից ենք ժառանգել աստվածպաշտությունը: Բարության նշան ցույց տուր ասորիների կոտորածը, արեգակի շրջվելը, Գոգի մահը, ինչը չար նշան է, ինչպես Երուսաղեմի ավերման նշանները, ինչպես նաև Ռոբովամի ձեռքի գոսանալը: Դարձյալ՝ խաչն է որպես նշան հավատացյալների ճակատին և երեսին՝ պատճառ ամեն տեսակ բարության:

16. Տեսցեն ատելիք իմ և ամաչեսցեն, զի դու, Տէր, օգնեցեր ինձ, և մխիթարեցեր զիս:

Թող ատելիներն իմ տեսնեն ու ամոթահար լինեն, որ դու, Տե՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ:

Սավուղն ու Ռափսակը, Գոգն ու դևերը, որ դու, Տե՛ր, օգնեցիր ինձ՝ հանելով դժոխքից, և մխիթարեցիր ինձ՝ մխիթարիչ Սուրբ Հոգովդ:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

11.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․