22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Սաղմոս ԺԷ

Այսուհետև՝ Տիրոջ ծառա Դավթի՝ քաջամարտիկի մասին, ով օրհնության այս խոսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից և ասաց այս սաղմոսը:

Դավիթը իր Տիրոջ օրինակով քաջաբար մարտնչեց իր երևելի թշնամիների դեմ և հաղթող դուրս եկավ: Քանզի Աստված շնորհեց նրան այդ հաղթանակը՝ ըստ մարմնի օրինակը լինելու իր Որդու, ոչ միայն խոսքով, այլև գործով, որովհետև չվախեցավ Գողիաթից, իսկ վերջին փղշտացուց, գրված է, թե երկնչեց, ինչպես որ մեր Տերը փորձությունից չերկնչեց, իսկ չարչարանքների ժամանակ գրված է, թե տագնապի մեջ էր: Սաղմոսը խորհրդանշում է Էմմանուելին. Նրա մահը, հարությունը, հեթանոսներին կանչելը, ինչպես նաև երկրորդ գալստյան խորհուրդն ունի:

1. Սիրեցից զքեզ՝ Տէր զօրութիւն իմ. Տէր հաստատիչ իմ, ապաւէն իմ՝ և փրկիչ իմ:

Սիրում եմ քեզ, Տեր, զորություն իմ. ո՛վ Տեր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ և փրկի՛չ իմ:

Աստծո՝ մեզ ցուցաբերած բոլոր բարիքների հանդեպ չկա նրան առավել արժանի զոհաբերություն, քան սերն է, այն, որ Մովսեսը հաստատեց և Տերն էլ կրկնեց: Սիրուն ավելացնում է նաև զորությունը: Ո՛չ հեծյալները կարող են ինձ պաշտպանել և ո՛չ էլ՝ զենքը, այլ դու ես միայն, Տեր, որ պաշտպանում ես ինձ մեղսալի մղումներից: Ապավեն, այսինքն՝ ամրոց ես, որին վախենում են պաշարել և օգնեցիր՝ ձեռք մեկնելով և կանգնեցրիր՝ Նաթանի միջոցով ու փրկեցիր պատերազմողներից:

2. Աստուած աւգնական իմ, և ես յուսամ ի նա. ապաւէն իմ, եղջիւր փրկութեան իմոյ՝ ընդունելի իմ է:

Աստված օգնականս է, ես հույսս դրել եմ նրա վրա. իմ ապավենն է, փրկությանս եղջյուրը, ինձ ընդունողը:

Հույսս միայն եղջյուրի վրա է, ինչպես որ եղջյուրը ցլի համար զենք է և զարդ, այդպես էլ քո բարձրագույն զորությունն է ինձ համար:

3. Օրհնելով կարդացից առ Տէր, և ի թշնամեաց իմոց ապրեցայց:

Օրհնելով կկանչեմ Տիրոջը և իմ թշնամիներից կազատվեմ:

Ոչ միայն կռվելով թշնամիների հետ, այլև քեզ օրհնելով ազատվեցի թշնամիներիցս:

4. Շուրջ եղեն զինև երկունք մահու. և ուղխք անօրէնութեան խռովեցուցին զիս:

Մահվան տառապանքը շրջապատեց ինձ, և անօրենության հեղեղն ինձ վրդովեց:

Ինչպես որ երկունքի ցավերը մահվան են մոտեցնում, այդպես էլ, երբ չորս կողմից իրար էին խառնվել անօրեն հեթանոսները, անօրինացած Սավուղը և Աբիսողոմը, վրդովեցրել էին և ջրերի հեղեղի պես բարձրանալով՝ պղտորում էին խորհուրդներս:

5. Վիշտք դժոխոց պաշարեցին զիս. ժամանեցին ինձ որոգայթք մահու:

Դժոխքի ցավերը պաշարեցին ինձ. մահացու վտանգներն ինձ հասան:

Կարծես թե ողջ-ողջ վշտալի գերեզմանի մեջ է դրվում: Մահացու վտանգներն ինձ հասան Աքիտոփելի և այլոց միջոցով:

6. Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, և առ Աստուած իմ աղաղակեցի:

Նեղության մեջ ես Տիրոջը դիմեցի և իմ Աստծուն աղաղակեցի:

Քանզի ապահովության այլ միջոցներ չկար:

7. Լուաւ ինձ ի տաճարէ սրբոյ իւրմէ ձայնի աղօթից իմոց. և աղաղակ իմ առաջի նորա մտցէ յականջս նորա:

Նա լսեց ինձ և իմ աղոթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղված աղաղակս նրա ականջին է հասնելու:

Երկնքից լսեց, քանզի տաճարը դեռ կառուցված չէր: Նրան ուղղված աղաղակս. բայց  ինչպե՞ս լսեց Դավթին, քանի որ չփրկեց մահվանից, այլ Հայրը մեր Տիրոջը լսեց, ով հաղթահարեց մահվանը, քանզի հասնելու է նրա ականջին - ասում է:  

8. Խռովեցաւ և դողաց երկիր՝ և հիմունք լերանց սասանեցան և խռովեցան. զի բարկացաւ ի վերայ նոցա Աստուած:

Ցնցվեց և դողաց երկիրը, և լեռների հիմքերը սասանվեցին ու խախտվեցին, քանզի բարկացավ նրանց վրա Աստված:

Կարող էին նաև այս արհավիրքները Դավթի թշնամիների հետ լինել, բայց այսպիսի բան հայտնապես եղավ խաչելության ժամանակ, ինչպես որ գրված է Ավետարանում: Խռովքի մատնվեցին դևերն ու հրեաները, քանզի բարկացավ նրանց վրա Հայրը, այսպես է լինելու նաև Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ, երկինքն ու երկիրը շարժվելու են: Նաև լեռները, այսինքն՝ դևերը և դրանց հիմքերը, այսինքն՝ նրանց ներքին խորհուրդները, որ հայտնի են դառնալու այնտեղ, թե ինչերի՜ միջով անցնելով փրկվեցինք:

9. Ել ծուխ ի բարկութենէ նորա. և հուր յերեսաց նորա բորբոքեցաւ, և փայլատակունք հատան ի նմանէ:

Նրա բարկությունից ծուխ բարձրացավ, երեսից հուր բորբոքվեց, և կայծակներ ճարճատեցին նրանից:

Դավթի թշնամիների առջև սարսափելի ծուխ և կայծակներ բարձրացան: Այստեղ Քրիստոսի կողմից դևերին տանջելը մարգարեություն էր նաև հանդերձյալ տանջանքների մասին: Եվ երեսից հուր բորբոքվեց ասելով նկատի ունի այն օրը, երբ գալու է նա և բարկությամբ նայելու: Եվ կայծակներ ճարճատեցին նրանից. այսինքն՝ հրեշտակները նրանից ելնելով՝ ճեղքեցին բոլոր դասերը, մարդկանց և  փառքերը, որպեսզի դրանցից խուրձեր կապեն՝ այրելու համար:

10. Խոնարհեցոյց զերկինս և էջ. և մէգ ի ներքոյ ոտից նորա:

Ցածրացրեց նա երկինքն ու իջավ, և նրա ոտքերի տակ մառախուղ էր:

Նկարագրում է, թե ինչպես օգնության հասավ Դավթին: Եվ նրա ոտքերի տակ մառախուղ էր՝ որպեսզի մարդկանց համար անտեսանելի լիներ: Նաև արագորեն հասնելն է ցույց տալիս, քանի որ քերովբեներն են իր կառքերը՝ հողմեղեն՝ անմարմին թևերով: Դարձյալ խոնարհեցրեց իրեն՝ մահվան ենթարկվելով: Դարձյալ երկինքը խոնարհեցրեց ասելով նկատի չունի այս երկինքը, այլ՝ վերինը, հրեղենների երկինքը, քանզի նրանց բնությունը չառավ և ոչ էլ հրեշտակներինը, այլ [մարդկային բնություն առավ]. «Ահա թե ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին» (Եբր. 2:16): Ինչպես, օրինակ, երկու հարսնացուների պարագայում է, երբ նրանցից մեկը գեղեցիկ է և թագավորի դուստր է, իսկ մյուսն աղքատ է, տգեղ և անառակ, և թագավորի որդին ամուսնանում է անառակի հետ՝ աղքատ ու տգեղ, դրանով խոնարհեցնելով թագավորի աղջկան: Նորից խոնարհվեց՝ ծնվելով Սուրբ Կույսից: Եվ նրա ոտքերի տակ մառախուղ էր. անգիտության պատճառով շատերից ծածկված էր նրա մարդեղության խորհուրդը, ոտքն էլ խորհրդանշում է [նրա մարմնով շրջելը մարդկանց մեջ]:

11. Ել ի քրովբէս և թռեաւ. սլացաւ նա ի թեւս հողմոց:

Ելավ նա քերովբեների վրա ու թռավ, սլացավ հողմի թևերով:

Երբ հրեշտակը լսեց, թե բավական է, ձեռքդ ե՛տ քաշիր (տե՛ս Բ. Թագ. 24:16): Սա նաև Տիրոջ համբարձման խորհուրդն ունի: Սլացավ, որովհետև ամպը հողմից արագընթացություն է վերցնում: Եվ ասում է. «ամպը նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք 1:9), այսինքն՝ նախ թռավ, սլացավ, ապա ելավ քերովբեների վրա, այսինքն՝ իջավ նրանց վրա, երբ իմացան նրա մարդ լինելը:

12. Եդ զխաւար ի ծածկոյթ իւր, և շուրջ զնովաւ են յարկք իւր. և խաւարային ջուրք՝ մինչեւ յամպս օդոց:

Խավարն իր համար ծածկույթ դարձրեց, և շուրջբոլորն իր տունը եղավ՝ օդի ամպերի թանձր ջրերով:

Համբարձումից հետո խոստացավ մեզ հետ լինել, բայց չհայտնեց թե ինչպես: Շուրջբոլորն իր տունը եղավ, ըստ այնմ, թե. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20): Օդի ամպերի թանձր ջրերը. մարգարեների գիտությունը, որը ծածկված էր շատերից, ամպ է կոչում: Իսկ օդը Հոգու խորհուրդներն են, որ նույնպես հասու չեն նրանց:

13. Ի փայլատակել նորա առաջի նոցա, ամպք անցուցին զկարկուտ՝ և զկայծակունս հուր:

Երբ նա փայլատակեց նրանց առջև, ամպերը կարկուտ և հրեղեն կայծակներ արձակեցին:

Դրանք պատժող շնորհներ են, իսկ հրեղեն կայծակները՝ մաքրման, երբ Հոգին փայլատակեց առաքյալների առջև և լցրեց նրանց՝ հասանելի դարձնելով իր անմեկնելի շնորհներին: Ամպերը կարկուտ արձակեցին… մարգարեները անհավատների և դևերի վրա, ինչպես նաև սոդոմացիների վրա: Նաև կայծակներ արձակեցին. հրեշտակները հավատացյալներին պաշտպանելու համար կարկուտով, այսինքն՝ հոգու հրով, խոցում են դևերին: Եվ նորից արձակեցին ասելով նկատի ունի այն, որ մարգարեությունը մեր գիտակցությանը հասանելի դարձրեց, որպեսզի տեսնենք, թե բարկացել է Տերը:

14. Որոտաց Տէր յերկնից, և Բարձրեալն ետ զձայն իւր ի կարկուտ՝ և ի կայծակունս հուր:

Որոտաց Տերը երկնքից, և Բարձրյալն իր ձայնը լսել տվեց կարկտով ու հուր կայծակներով:

Սա Սուրբ Հոգու գալուստն է խորհրդանշում: Նաև առաքյալների միջոցով որոտաց և ամբողջ աշխարհին լսելի եղավ:

15. Առաքեաց զնետս իւր՝ և ցրուեաց զնոսա. յաճախեաց զփայլատակունս իւր՝ և խռովեցոյց զնոսա:

Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները և սփռեց դրանք:

Նետերն առաքյալներն են, որ ցրեցին դևերին մեհյանների և մարդկանց միջից: Շատացրեց իր կայծակները. այսինքն՝ հրեշտակներին, նաև իր սքանչելիքները՝ առաքյալների միջոցով:

16. Երեւեցան աղբերք ջուրց. և յայտնեցան հիմունք աշխարհի:

Երևացին ջրերի ակունքները, և հայտնվեցին հիմքերն աշխարհի:

Երևացին ոչ թե պղտոր ջրերը, այլ՝ զուլալ, որոնք առաքյալներն ու ավետարանիչներն են, հայտնի դարձան, թե նրանք են նոր աշխարհի հիմքերը, ինչը մինչ այդ բացահայտված չէր: Նաև Դավթի միջոցով կայծակներ եղան և շարժվեցին հիմքերն աշխարհի և երևացին ջրի ակունքները՝ թշնամիներին զարհուրեցնելու համար:

17. Ի սաստէ քումմէ Տէր, և ի շնչել հոգւոյ բարկութեան քո:

Քո զայրույթից, Տե՛ր և քո բարկության հողմի շառաչից:

Զայրանում է, երբ նայում է երկրին և իր թշնամիներին, նաև հրեաների վրա հոգով բարկության մասին է խոսքը:

18. Առաքեաց ի բարձանց՝ և ընկալաւ զիս. ընկալաւ զիս ի ջուրց բազմաց:

Վերից փութալով՝ Տերը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից:

Այսինքն՝ Միածնին ուղարկեց և փրկեց ինձ զորքերի բազմությունից:

19. Փրկեսցէ զիս Տէր ի թշնամեաց իմոց հզօրաց՝ և յատելեաց իմոց, զի հզօր եղեն քան զիս:

Տերը կփրկի ինձ իմ զորեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք ավելի հզոր են, քան ես:

Փրկեց Դավթին՝ Սավուղից և Աբիսողոմից, իսկ մեզ՝ դևերից:

20. Ժամանեցին ինձ յաւուր չարչարանաց իմոց. եղեւ Տէր հզօրիչ իմ. և եհան զիս յանդորր, և փրկեաց զիս Տէր՝ զի կամեցաւ զիս:

Նրանք ինձ վրա հասան չարչարանքներիս օրերին, բայց Տերն ինձ զորություն տվեց ու անդորրություն պարգևեց: Եվ Տերը կփրկի ինձ, քանզի նա ինձ հավանեց:

Մեղքերից հետո խղճմտանքի պատճառով տանջվելու մասին է խոսքը: Դարձյալ հանդերձյալ կյանքն է չարչարանքների օրեր կոչում: Տերն ինձ զորություն տվեց և ըստ իմ մեղքերի չվարվեց ինձ հետ: Ու անդորրություն պարգևեց, այսինքն՝ թողություն տվեց մեղքերիս, քանզի նա ինձ հավանեց, որովհետև եթե չհավաներ, չէր փրկի:

21. Հատուսցէ ինձ Տէր ըստ արդարութեան իմում. ըստ անբծութեան իմում հատուսցէ ինձ:

Տերն ինձ կհատուցի ըստ իմ արդարության, ըստ իմ անբծության կհատուցի ինձ:

[Ըստ այն արդարության], որ ուներ Սավուղի և Աբիսողոմի հանդեպ:

22. Ես պահեցից զճանապարհս Տեառն, և ո՛չ ամբարշտեցայց յԱստուծոյ իմմէ:

Ես կպահեմ Տիրոջ ճանապարհը և իմ Աստծո դեմ ամբարշտություն չեմ անի:

Խոստանում է այսուհետև զգուշանալ Տիրոջ ճանապարհներում:

23. Ամենայն իրաւունք նորա առաջի իմ են. և զարդարութիւն իւր ոչ ի բացէ արար յինէն:

Նրա բոլոր օրենքներն իմ առջև են, նա արդարությունն իր չհեռացրեց ինձնից:

Քանզի մեղանչելուց հետո Հոգին չվերցրեց նրանից:

24. Եղէց և ես անբիծ ընդ նմա. և զգուշացայց յանօրէնութենէ իմմէ:

Եվ ես անբասիր կլինեմ նրա հանդեպ, կզգուշանամ իմ անօրինություններից:

Միշտ Հոգու հետ միավորված լինելով:

25. Հատուսցէ ինձ Տէր ըստ արդարութեան իմում. ըստ սրբութեան ձեռաց իմոց՝ առաջի աչաց իւրոց:

Տերն ինձ կհատուցի ըստ իմ արդարության, ըստ իմ ձեռքերի մաքրության, որ նրա աչքի առջև է:

Չափում է մեղքերն ըստ իր արդարության և սրբության, ոչ թե կեղծությամբ, այլ ըստ իր աչքի առջև եղածի, և ավելիով է հատուցում, այսինքն՝ յուրաքանչյուր մեղանչածին փրկության հույս տալով:

26. Ընդ սրբոյն սուրբ եղիցես, ընդ առն ամբծի՝ ամբիծ եղիցես, ընդ ընտրեալսն ընտրեալ եղիցես. և զթիւրսն կործանեսցես:

Սրբի հետ սուրբ կլինես, Տե՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ, ընտրյալների հետ ընտրյալ կլինես և խոտորվածներին կկործանես:

Ովքեր ըստ քո կամքի են ընթանում, դու նրանց հետ ես, իսկ խոտորվածներին կկործանես, ինչպես Սավուղին և Աբիսողոմին: Դարձյալ Սուրբ Հոգին մեզ պատվիրում է, թե սրբի մեջ Սուրբը կբնակվի, իսկ խոտորվածները կկործանվեն:

27. Դու զժողովուրդս խոնարհս կեցուցանես. և զաչս ամբարտաւանից դու խոնարհեցուցանես:

Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտավանների աչքերը խոնարհեցնում:

Հեզ ժողովրդին, այսինքն՝ առաքյալներին, որոնց երանի տվեց, և հեթանոսներին, իսկ ամբարտավանների աչքեր ասելով նկատի ունի դպիրներին և փարիսեցիներին:

28. Դու լուսաւոր առնես զճրագ իմ. Տէր Աստուած իմ, լոյս արա ինձ ի խաւարի:

Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տե՛ր. Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում:

Միտքն է ճրագ կոչում: Դարձյալ նկատի ունի այն հողեղեն բնությունը, որ Դավթից վերցրեց և աստվածությամբ լուսավորեց: Տե՛ր Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում՝ դժոխքում:

29. Քեւ փրկեցայց ի փորձութենէ. Աստուծով իմով անցից ընդ պարիսպս:

Քեզնով կփրկվեմ ես փորձությունից, Աստծուս շնորհիվ պարիսպներ կհաղթահարեմ:

Քեզնով կփրկվենք, երբ այս աղոթքն ասենք. «Մի՛ տար մեզ փորձության» (Մատթ. 6:13): Դարձյալ Աստծուս շնորհիվ, ով ասաց. «Ես հրեղեն պարիսպ կլինեմ նրա շուրջը» (Զաք. 2:5): Եվ նորից՝ կանցնեմ փորձությունների և դիվային պատերազմների միջոցով, որ օդում են:

30. Աստուած իմ, անբիծ են ճանապարհք քո. և բանք Տեառն ընտրեալ են. և ապաւէն ամենեցուն որք յուսան ի նա:

Աստվա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խոսքերը Տիրոջ, նա ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են նրա վրա:

Այն տնօրինության մասին է խոսքը, որ հրեաներն ասում էին, թե Աստծուց չէ: Ընտիր են խոսքերը Տիրոջ, որ ասաց. «Այն խոսքը, որ ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան» (Հովհ. 12:48): Ապավեն է բոլոր նրանց, այսինքն՝ այն խոսքերը, որ ես խոսեցի, հուսացյալների համար հոգի է և կյանք:

31. Վասն զի ո՞վ է Աստուած՝ բաց ի Տեառնէ. կամ ո՞վ է Աստուած. բաց յԱստուծոյ մերմէ:

Քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստված, կամ ո՞վ է Աստված մեր Աստծուց բացի:

Ո՞վ է Աստված բացի նրանից, ով ծնված է Հորից, կամ ո՞վ է Աստված բացի Սուրբ Հոգուց, որ բխում է մեր Աստծուց:

32. Աստուած, որ զգեցուցեր ինձ զօրութիւն. և եդիր յամբծութեան զճանապարհս իմ:

Աստվա՛ծ, դու ինձ ուժ պարգևեցիր և իմ ճանապարհն անբիծ դարձրիր:

Ասելով. «Նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ. 24:49): Եվ իմ ճանապարհն անբիծ դարձրիր, որպեսզի Սուրբ Հոգով ընթանամ արքունի ճանապարհով՝ աջ և ձախ չշեղվելով:

33. Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի. և ի վերայ բարձանց կացուցեր զիս:

Ինձ ոտքեր տվիր եղջերուի ոտքերի նման, և բարձր տեղերի վրա կանգնեցրիր ինձ:

Եղջերուի պես տրորելու օձերին և կարիճներին, ինչպես որ հարսն էր խնդրում փեսային նմանվել եղջերուին կամ եղնիկների հորթերին (Երգ Երգոց 2:17): Եվ բարձր տեղերի վրա կանգնեցրիր՝ հպարտության լեռների վրա: Դարձյալ Հայրը Որդուն, ըստ այնմ, թե՝ «Աստված նրան առավել բարձրացրեց» (Փիլիպ. 2:9):

34. Ուսուցեր զձեռս իմ ի պատերազմ. և արարեր զբազուկ իմ որպէս զաղեղն հաստ, և ետուր ինձ զպաշտպանութիւն փրկութեան քոյ:

Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպես հաստ աղեղ, տվեցիր ինձ նաև քո փրկարար պաշտպանությունը:

Աղոթքներս տարածելու և թշնամիներիս վրա նետեր արձակելու՝ ըստ քո կամքի: Բազուկն իմ դարձրիր հաստ. այսինքն՝ անխորտակելի, կամ պղնձի պես, իսկ ըստ յոթանասունից թարգմանության՝ ամրակազմ, նաև ազդու և ոսկետեսակ, ինչպես որ սուրբ առաքյալների վրա էր երևում Քրիստոսի նշանները: Տվիր ինձ քո պաշտպանությունը. այսինքն՝ Սուրբ Հոգուն, որը խնամող է և փրկիչ:     

35. Աջ քո ընկալաւ զիս. և խրատ քո կանգնեաց զիս իսպառ. և խրատ քո ուսուսցէ զիս:

Աջդ զորավիգ եղավ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կդարձնի ինձ:          

Հոր աջը Միածինն է: Իսկ խրատդ միշտ կանգուն պահեց մեր բնությունը կենցաղային սասանվող ալիքներից, ինչպես որ Սուրբ Հոգին գլորման պահին թիկունքից օգնության է հասնում մեր տկարությանը: Միշտ, այսինքն՝ հավիտյանս, իսկ խրատն Ավետարանն է կոչվում:

36. Ընդարձակեցեր զգնացս իմ ի ստորէ իմմէ. և ոչ տկարացան շաւիղք իմ:

Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, և ընթացքն իմ չտկարացավ:

Այսինքն՝ ներքնաշխարհին նայելով, և այնտեղի շավիղներն ուղղելով՝ այն գեղեցկացնել: Չտկարացավ՝ գնալով այն բանի մոտ, ինչից արդեն հրաժարվել էր, ինչպես որ նախաստեղծները գնացին գիտության ծառի մոտ:

37. Հալածեցից զթշնամիս իմ՝ և հասից նոցա. և ոչ դարձայց ի նոցանէ՝ մինչև սպառեցից զնոսա:

Հալածելով թշնամիներիս՝ ես կհասնեմ նրանց ու ետ չեմ դառնա, մինչև չոչնչացնեմ նրանց:

Շատ անգամ Դավիթը հալածում էր երևելի թշնամիներին, իսկ առաքյալները՝ իմանալի: Եվ հավիտյան ետ չեն դառնա, մինչև որ սպառվեն թշնամիների բոլոր հնարքներն ու որոգայթները:

38. Նեղեցից զնոսա, և այլ մի՛ կարասցեն կեալ. և անկցին ի ներքոյ ոտից իմոց:

Ես կընկճեմ նրանց, որ այլևս չկարողանան կանգնել, և նրանք կընկնեն իմ ոտքերի տակ:

Նեղյալները [դևերը] ասում էին, թե նախապես մի՛ տանջիր մեզ, և այս աշխարհի իշխանը դուրս կնետվի ըստ Տիրոջ ձայնի (Հովհ. 12. 30, 31): Նրանք ոտքերի տակ կընկնեն առաքյալների և նրանց աշակերտների:

39. Ո զգեցուցեր ինձ զօրութիւն ի պատերազմի. զյարուցեալսն ի վերայ իմ ներքոյ իմ արարեր:

Դու ինձ պատերազմելու զորություն տվիր, դեմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր:

Պողոսին՝ արդարության զրահ, սաղավարտ, վահան և այլ գործիքներ՝ պատերազմելու համար ոչ թե մարմնի և արյան դեմ, այլ՝ իշխանությունների և պետությունների: Իմ դեմ ելնողներին ներքև գցեցիր:

40. Զթշնամիս իմ հալածականս արարեր. և զատելիս իմ սատակեցեր:

Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր:

Դավթին հայտնի է, որ [իր թշնամիներին Տերը հալածեց]: Մեր Տերն էլ սաստեց թշնամիներին լեռան վրա և խաչի միջոցով, քանզի ոչնչացվածը այլևս չի կարող ժառանգորդ լինել:

41. Աղաղակեցին, և ոչ ոք էր որ փրկէր զնոսա. կարդացին առ Տէր, և ոչ լուաւ նոցա:

Աղաղակեցին նրանք, բայց չկար մեկը, որ փրկեր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց:

Սավուղը թե՛ Տիրոջը հարց տվեց և թե՛ վհուկի մոտ գնաց, բայց իր կամքին հակառակ բաներ լսեց ու չփրկվեց: Դևերն էլ աղաղակում էին՝ Տիրոջից և սուրբ առաքյալներից հալածվելով, բայց ողորմություն չգտան:

42. Մանրեցից զնոսա որպէս փոշի առաջի հողմոյ, և որպէս կաւ գռեհաց կոխեցից զնոսա:

Ես կփշրեմ, հողմափոշի կդարձնեմ նրանց, փողոցների ցեխի պես կտրորեմ նրանց:

Դավիթը՝ յուրայիններին և Տերն էլ՝ մեր բնության թշնամուն: Հողմափոշի կդարձնի նրանց Սուրբ Հոգու միջոցով, ով իջավ վերնատանը: Փողոցների ցեխի պես կտրորեմ նրանց. փոքր տղաներն ու աղջիկները տրորեցին նրանց իրենց չարիքների պատճառով:

43. Փրկեսցէ զիս Տէր ի հակառակութենէ ժողովրդոց. և կացուսցէ զիս գլուխ հեթանոսաց:

Տերն ինձ կփրկի ժողովրդի ըմբոստությունից և ինձ հեթանոսների գլուխ կկարգի:

Հայրը՝ Որդուն դպիրների և փարիսեցիների հակառակությունից: Եվ ինձ հեթանոսների գլուխ կկարգի, ինչպես որ ասաց, թե՝ խնդրի՛ր ինձնից և կտամ քեզ իշխանություն, որովհետև «ամեն մարդու գլուխ Քրիստոսն է» (Ա. Կորթն. 11:3):

44. Ժողովուրդ՝ զոր ոչ գիտէի, ծառայեաց ինձ. և ի լուր ականջաց լուաւ ինձ:

Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց և համակ ականջ դարձած՝ լսեց ինձ:

Հեթանոսները, որ լսելով սուրբ առաքյալներին, ծառայեցին Քրիստոսին, իսկ հրեաները տեսնելով և լսնելով, ոչինչ չշահեցին: Դարձյալ նրանց, ում ասաց «ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25:12), ծառայելու են և հնազանդվեն՝ գնալով դեպի հուր: Քանզի լավ ճանաչում է նրանց, ովքեր չաշխատեցին իր այգում:

45. Որդիք օտարաց ստեցին ինձ. որդիք օտարաց մաշեցան, և կաղացան ի շաւղաց իւրեանց:

Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշվեցին՝ խոտորվելով իրենց շավղից:

Հրեաներն օտարացան Աբրահամից և ստեցին՝ ասելով, թե Աբրահամի որդիներն են և ոչ ոքի չեն ծառայի, այնուհետև ասացին, թե կայսրից բացի մենք ուրիշ թագավոր չունենք: Մաշվեցին նախանձից, խոտորվեցին Մովսեսի օրենքից և Քրիստոսից, ով ցույց տվեց նրանց կյանքի ճանապարհը:

46. Կենդանի է Տէր՝ և օրհնեալ է Աստուած. բարձր եղիցի Աստուած փրկութեան իմոյ:

Կենդանի է Տերն ու օրհնեալ է Աստված. թող բարձր լինի Աստվածն իմ փրկության:

Ինչպես որ ասում էին Պիղատոսին. «Խա՛չը հանիր նրան» (Ղուկ. 23:21), այնուհետև տարածեցին, թե աշակերտները գիշերով եկել ու գողացել են նրան: Թող բարձր լինի՝ երկինք համբարձվելով և Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, որ օրհնաբանում են նրան Հոր և Սուրբ Հոգու հետ:

47. Աստուած է որ խնդրէ զվրէժ իմ. և հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ:

Աստվածն իմ, որ լուծում է վրեժն իմ և ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում:

Դավիթն իր թշնամիներին [հանձնեց Տիրոջ ձեռքը], իսկ Քրիստոսի վրեժը Հայրը լուծեց հռոմեացիների ձեռքով:

48. Փրկիչ իմ ի թշնամեաց իմոց բարկացողաց. յայնցանէ որ յարուցեալ են ի վերայ իմ՝ բարձր արարեր զիս. և յառնէ անիրաւէ փրկեցեր զիս:

Որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրավ մարդուց ազատեցիր ինձ:

Որ փրկելու էր ամբողջ աշխարհը, ինձ էլ փրկեց իմ թշնամիներից, որ անպատճառ բարկացել էին ինձ վրա: Բարձր դասեցիր ինձ՝ նրանց համար անհասանելի թագավորությամբ, որովհետև անիրավ էին:

49. Վասն այսորիկ՝ խոստովան եղէց քեզ ի հեթանոսս. և անուան քում սաղմոս ասացից:

Դրա համար գոհություն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մեջ և քո անվանը սաղմոս պիտի երգեմ:

Դավիթը ցանկանում է ասել, թե երբ հավատան հեթանոսները, նրանց միջոցով պիտի գոհություն մատուցենք քեզ, Աստված: Եվ քո անվանը սաղմոս պիտի երգեմ. Հիսուս Քրիստոսին երգով պիտի օրհնեմ հավիտյան:

50. Մեծ արարեր զփրկութիւն թագաւորի նորա. առնել ողորմութիւն ընդ օծելոյ նորա, ընդ Դաւթի եւ ընդ զաւակի նորա ազգէ մինչև յազգ:

Դու փրկությամբ մեծարեցիր թագավորիդ՝ ողորմելով քո օծյալ Դավթին ու նրա սերնդին հավիտյանս հավիտենից:

Թագավորիդ է ասում ցույց տալու համար, որ նրանից է Դավթի թագավորությունը, որ Հայրն օծեց, իսկ Որդին ողորմություն արեց և նրա զավակը կոչվեց, ըստ մարգարեների և Գաբրիելի, թե գալու է Դավթի տնից և «Տեր Աստվածը նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկ. 1:32): Դարձյալ մեծարեց, երբ Հակոբն ասաց. «Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները» (Ծննդ. 49:10), նրանն է թագավորությունը և նա է հեթանոսների հույսը, որոնց փրկությունը մեծացավ, քանզի խաչի միջոցով փրկվեցին: Դավթին և նրա սերնդին. նորից՝ Դավիթ ասելով նկատի ունի Տիրոջը, իսկ նրա սերունդը հեթանոսներն են, որոնց օծեց Հոգով և Սուրբ Երրորդության անվամբ և իր չարչարանքների շնորհիվ ծնեց իր զավակներին. նրան փառք հավիտյանս. ամեն:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

28.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․