22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը (Բ Օրենք ԻԹ 29)։
Սուրբ Գրքի ընկալումն առհասարակ իրենից անհաղթահարելի դժվարություններ չի ներկայացնում: Չկա մի մարդ, որի համար այս Գիրքը բոլորովին անհասանելի ու անհասկանալի լինի: «Սուրբ Հոգու շնորհը,- արդարացիորեն նկատում է ս. Հովհ. Ոսկեբերանը,- հենց նրա համար ընտրեց մաքսավորին, ձկնորսներին, վրանագործին և հովիվներին` հասարակ ու անուս մարդկանց` գրելու այս Գրքերը, որպեսզի անուսներից ոչ մեկը չտրտնջա ընկալման խրթնությունից, որպեսզի բոլորն էլ հասկանան, թե ինչ են ասում այս Գրքերը, որպեսզի արհեստավորն ու ծառան, այրին ու ամենատգետ մարդը Սուրբ Գիրքը լսելուց օգուտ և խրատ ստանա»: Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե Աստվածաշնչում ամեն բան հասկանալի է յուրաքանչյուրի համար:
Այն ամենը, ինչ Աստվածաշունչը կամենում է ուսուցանել մեզ, և ինչ-որ բան` նաև նրանց, ովքեր սուր միտք չունեն, այնքան պարզ ու ակնհայտ է արտահայտում, որ ոչ միայն ծածկված չէ գաղտնի իմաստի շղարշով, այլև արտահայտելով իր իսկ հասկացություններն ու մտքերը բառերի բուն իմաստով` բնավ մեկնողական գրականության կարիք չունի: Իսկ որոշ հատվածներ այնքան են պատված և ասես մթնեցված խորհրդավորությամբ, որ դրանց քննությունն ու ըմբռնումը մեր առջև հառնում է իբրև վարժանքների ու հոգսերի մի անծայրածիր դաշտ: Աստված է կարգել այս բանը բազում պատճառներով. նախ` որ հոգևոր ըմբռնման համար բոլորովին անմատչելի աստվածային գաղտնիքները չբացահայտվեն բոլոր մարդկանց` նույն գիտելիքի և ունակության տեր թե՛ հավատացյալներին և թե՛ անհավատներին: Երկրորդ` որ հավատացյալների մեջ ի հայտ գան անհոգների գաղջությունը և ջերմեռանդների նախանձախնդրությունն ու ջերմեռանդությունը, երբ վերջիններիս առջև հառնում է հասկանալու անծայրածիր դաշտը: Ուստի Աստվածաշունչը լավագույնս բաղդատվում է բերրի, պտղաբեր դաշտի հետ, որն աճեցնում ու պտղաբերում է բազմապիսի պտուղներ, որոնց մի մասը մարդու սննդի համար պիտանի է հում վիճակում, մյուսները, եթե կրակի վրա եփվելով ու կակղելով չկորցնեն իրենց տտիպության խստությունը, մարդու սննդի համար կհամարվեն անպիտան կամ վնասակար: Իսկ ուրիշներն հարմար են և՛ այս, և՛ այն ձևով օգտագործվելու համար և հում` տտիպ վիճակում էլ զզվելի ու վնասակար չեն, սակայն կրակի վրա եփվելով` ավելի օգտակար են դառնում...
Նման բան նկատում ենք նաև հոգևոր գրվածքների այս բերրի այգում, որտեղ որոշ մասեր փայլում են հստակ, ակնառու, տառացի նշանակությամբ, այնպես որ կարիք չունեն խոր մեկնաբանության և պարզ, տառացի իմաստով էլ սնում են լսողներին, օրինակ` «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է: Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օրենք Զ 4-5):
Իսկ որոշ խոսքեր, եթե այլաբանական մեկնությամբ չճշտվեն և հոգևոր հրի բովում չփափկացվեն, ապա առանց վնաս պատճառելու բնավ չեն կարող ներքին մարդու համար փրկարար սնունդ ծառայել, և դրանց ընդունումից ավելի շատ վնաս կլինի, քան որևէ օգուտ: Օրինակ` «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ` վառված». կամ` «Թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի» (Ղուկ. ԺԲ 35, ԻԲ 36). և` «Ով որ իր խաչը չի վերցնում և Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38):
Չափազանց խստակրոն որոշ վանականներ` նախանձախնդիր Աստծուն, բայց ոչ` խոհեմությանը, բառացիորեն հասկանալով այս բանը, փայտե խաչեր էին պատրաստում և միշտ կրում ուսերի վրա, ինչը տեսնողների ոչ թե շինությանն էր ծառայում, այլ ծիծաղն էր շարժում:
Իսկ որոշ խոսքեր հարմարորեն և անհրաժեշտաբար տարածվում են թե՛ տառացի և թե՛ այլաբանական ըմբռնման վրա, այնպես որ և՛ այս, և՛ այն բացատրությունը հոգուն կենսական ավիշ է մատակարարում: Օրինակ` «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյու՛սն էլ դարձրու» (Մատթ. Ե 39). կամ` «Եվ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչեք դեպի մեկ ուրիշը» (Մատթ. Ժ 23), և` «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս. և դու արի՛ Իմ հետևից» (Մատթ. ԺԹ 21) (ս. Իոան Կասիան):
Առակի այն խոսքը, որ ասում է. «Կա՛թ կթիր, և յուղ կլինի, բայց եթե պտուկները շատ ճմլես, արյուն կգա» (Առակ. Լ 33), այս է ասում. կաթ կթիր Սուրբ Գրքից, և յուղ կլինի քեզ համար` գործեր կատարելով: Իսկ եթե «պտուկները շատ ճմլես, արյուն կգա», այսինքն` չի կարելի առավել «ճմլել» խոսքը և քննել, որպեսզի զազրատես արյուն չհոսի: Այստեղ կարող է թվալ` ինչ-որ երկիմաստություն կա, քանզի Սողոմոն Իմաստունն ասում է` առավել մի՛ քննիր խոսքը, իսկ Տերը սաստում է հեղգերին` քննեցե՛ք Գրքերը: Ասենք, որ չեն հակասում իրար. Սուրբ Գրքերը նույն Սուրբ Հոգուց են թելադրված, բոլորը համահունչ են իրար և ճշմարտությամբ են ասված: Տասը կետով բացահայտենք այս բանը:
Առաջին միտքն այն է, որ բոլոր խոսքերը երեք տեսակի են լինում, այսինքն` դյուրահասկանալի, դժվար ըմբռնելի և անըմբռնելի: Դյուրահասկանալին խոսքի մեջ է, դժվար ըմբռնելին` խոսքից դուրս, իսկ անըմբռնելին գերիվեր է խոսքից: Արդ, դյուրահասկանալին ուսանելի է առանց քննության, դժվար ըմբռնելիին քննությամբ են հասնում, իսկ անհասանելիին և անճառին լռությամբ պատվի՛ր: «Քննեցե՛ք Գրքերը» ասելով` Տերը նկատի ունի դժվար հասանելին, իսկ Սողոմոն Իմաստունը` անհասանելին ու անճառը:
Երկրորդ` Արարչին ու արարածներին վերաբերող խոսքեր. այն խոսքը, որ Արարչի մասին է, ճանաչելը կյանք է, քննելը` հանդգնություն, հավատալը` փրկություն. իսկ արարածներին վերաբերողը քննությա՛մբ ճանաչիր:
Երրորդ` խոսքը երկու տեսակի է լինում` հայտնի և գաղտնի: Հայտնին մեզ է շնորհված Աստծուն ճանաչելու համար, իսկ գաղտնին միայն Ինքը գիտե, «Ում մոտ ծածկված են իմաստության և գիտության բոլոր գանձերը» (հմմտ. Ա Թագ. Բ 3): Ինչպես ասում է Մովսես մարգարեն, «գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` մեզ ու մեր որդիներին» (Բ Օրենք ԻԹ 29): Արդ, եթե դու ամեն բան քննես, ապա Աստծուն քննելու համար ի՞նչ ես թողնում: Այդ նկատի ունի Սողոմոն Իմաստունը, երբ ասում է` մի՛ քննիր գաղտնին, իսկ Տերը հրամայում է քննել հայտնին և ճանաչել:
Չորրորդ` Սուրբ Գրքի որոշ տեղերում իմաստի ըմբռնումը ամփոփված է խորքում, որոշ տեղերում` երեսին, ինչպես որ ջրհորներում է. մի տեղ ջուրը լինում է խորքում, իսկ ուրիշ տեղ` երեսին: Արդ, այն, որ ջուրը երեսին է, չպետք է խոր փորել ու իջնել, որովհետև ջուրը կկորչի, նույնպես և երեսին ամփոփված խոսքի իմաստի դեպքում է. չպետք է խոր քննության ենթարկել, թե չէ կկորչի միտքը. այս իմաստով է ասում` առավել չճմլել, որ արյուն չելնի:
Հինգերորդ` ասում է, թե դու, ո՛վ տգետ մարդ, որ անվարժ ես ու մտքով տկար, մի՛ քննիր Գրքերի խոսքերը և մոլորության մեջ մի՛ ընկիր, ինչպես աշխարհական մարդիկ և ռամիկները: Դու միայն կթիր հավատի կաթը, ինչ որ ասում է քեզ օրենքը, հավատա՛ և կլուսավորվես: Եվ դու, որ կարող ես քննել և վարժ ու կիրթ ես մտքովդ, մի՛ քննիր երկբայությամբ և թյուրությամբ ամենայն խոսք. այլ որը կարող ես, ուղղությա՛մբ իմացիր, որը չես կարող, մի՛ քննիր և երկբայության ու թյուրության մեջ մի՛ գցիր խոսքն ու միտքդ: Քանզի այսպիսի թյուր և երկբա քննությունը հուսահատ ու թերահավատ կդարձնի քեզ խոսքի պատճառով, և կկործանվես (ս. Գրիգոր Տաթևացի):
Ճշմարիտ անգիտությամբ և անհասությամբ հավատում ենք, որ ամենայն մարդ Աստծո պատկերն է, սակայն ինչպե՞ս, միայն Աստծուն է իմանալի: Բայց զարմանում եմ նրանց վրա, ովքեր ավելի, քան իրենց չափն է, ջանում են և ձգտում ըմբռնել անհասն ու անըմբռնելին: Բայց մեր` տգետներիս կարծիքն է, որ այդպիսիներն ամենևին չգիտեն Սուրբ Գիրքը, ոչ էլ Հոգու զորությունը, որ Գրքում է (Գիրք Թղթոց):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից