Գրքեր

Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս

Հայ եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, մարգարեական հոգով լցված և առաքելական վաստակով պայծառացած Ներսես Մեծը թոռն է Սբ. Հուսիկ կաթողիկոսի և ծոռը Սբ. Գրիգոր Լուսավորչի: Նա Լուսավորչի սերունդից միակ հայրապետն է, որ ծնվել է Հայաստանում, 329 թ-ին: Երիտասարդ տարիքում ամուսնանում է Մամիկոնյան տնից Սանդուխտ օրիորդի հետ և ունենում մեկ արու զավակ՝ հետագայի Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսին: Սանդուխտն իր զավակի ծնունդից հետո, երկար չի ապրում, վախճանվում է, երբ ինքն ու ամուսինը գտնվում էին Կեսարիայում ուսումնառության նպատակով: Կնոջ վախճանից հետո Ներսեսը շարունակում է ուսումը՝ դասընկեր ունենալով Կապադովկյան հայրերին՝ Գրիգոր Նազիազանցացուն, Բարսեղ Կեսարացուն և Գրիգոր Նյուսացուն: Ուսումը ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան և Արշակ Երկրորդ թագավորի կողմից նշանակվում արքունի սենեկապան: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո, ամենքը փափագում էին, որ հաջորդ կաթողիկոսը լինի Սբ. Լուսավորչի ցեղից, ուստի ընտրությունը կանգնում է Ներսեսի վրա, ով այդ ժամանակ դեռևս քսանհինգ տարեկան երիտասարդ էր: Երանելին կտրականապես հրաժարվում է իր խոնարհության պատճառով, սակայն Արշակ թագավորը, բռնությամբ պարտադրելով, նրան ստանալ է տալիս եկեղեցական աստիճանները, ապա ուղարկում Կեսարիա՝ եպիսկոպոս ու կաթողիկոս ձեռնադրվելու համար: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Սբ. Ներսեսը դեռ այդ տարիքում փայլել է թե՛ բարոյական բարձր նկարագրով ու մեծ աստվածասիրությամբ, թե՛ նույնիսկ արտաքին գեղեցկությամբ. «Մեծանձնյա մարդ էր Ներսեսը, բարձր հասակով, վալելուչ գեղեցկությամբ: Զինվորական կրթությամբ նախանձելի էր բոլորին իր արիությամբ: Իր սրտում Աստծո երկյուղն ուներ, մարդասեր էր, սուրբ, զգաստ, իմաստուն և անաչառ: Հաշտարար էր բարքով, խոնարհ, քաղցր և աղքատասեր: Աստծո սիրո մեջ՝ կատարյալ: Ըստ պատվիրանի՝ սիրում էր ընկերոջը իր անձի պես… Մանկությունից պահում էր պատվիրանները, արդար էր, անարատ և ծառայասեր: Անձանձրույթ էր աղոթքի մեջ և նախանձախնդիր՝ Աստծո փառքին: Աղքատներն ու տառապյալները շատ էին սիրում նրան, իր հանդերձներից ու կերակուրներից բաժին էր հանում նրանց: Նեղյալների օգնականն էր և զրկվածների պաշտպանը» (Բուզանդ):

Ըստ ազգային ավանդության՝ Կեսարիայում Սբ. Ներսեսը ձեռնադրվել է Սբ. Բարսեղ Կեսարացու հետ: Ներսեսը Հայաստան վերադառնալով սկսում է քարոզչական գործով զբաղվել, այնուհետև 354 թ-ին եպիսկոպոսական ժողով հրավիրում Աշտիշատում, ուր մի շարք կարևոր բարեկարգական կանոններ են հաստատվում: Ըստ դրանց՝ հաստատվում են աղքատանոցներ, որբանոցներ, ուրկանոցներ, հիվանդանոցներ, ճամփորդների համար օտարանոցներ: Բացվում են նորանոր վանքեր թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար, ասորերեն ու հունարեն լեզվով դպրոցներ: Սահմանվում են բարեկարգական կանոններ ամուսնության վերաբերյալ՝ արգելելով մերձավոր ազգականների ամուսնությունը, արգելվում են հեթանոսական սուգի բարբարոս սովորությունները ննջեցյալների վրա կամ հուղարկավորության ընթացքում: Կանոններ են սահմանվում նաև, որ բոլոր իշխանավորներն ու մեծավորները գութ ու կարեկցություն ունենան իրենց ստորադասների նկատմամբ. մարդավայել վերաբերմունք ունենան նրանց նկատմամբ և չափազանց տուրքերով չնեղեն նրանց: Ներսեսը մեծագույն եռանդով նվիրվում է այս բարեկարգությունների իրագործումին և տարածմանը երկրի ամեն կողմերում:

Սբ. Ներսեսն իբրև կրթական բարեսիրական հաստատությունների ընդհանուր հսկիչ է կարգում Խադ ավագ սարկավագին: Բարեսեր հայրապետն իր հոգածությունը տարածում էր բոլորի վրա անխտիր՝ «մեծերի և մանուկների, մեծահարգների և անարգների, հարուստի և աղքատի, ազատի և շինականի»: Ճաշի կամ ընթրիքի չէր նստում, առանց սեղանակից ունենալու աղքատներին, կույրերին, ցավագարներին, որոնց անձամբ սպասարկում էր և դարմանում վերքերը: Ներսես կաթողիկոսի այս լայնածավալ ու բազմաբնույթ գործունեությունն ու սրբակենցաղ կյանքն են պատճառը, որ նա վաստակել է «Մեծ» պատվանունը: Այս ընթացքում վայելչանում և պայծառանում է Հայաստան աշխարհը նորանոր տաճարներով, վանքերով ու եկեղեցիներով: Ասվում է, որ Ներսես Մեծը 2040 վանք է կառուցել:

Շուտով, սակայն, Արշակ թագավորի հետ նրա հարաբերությունները սրվում են: Լինելով անկաշառ հոգևորական՝ Ներսեսը չէր կարող աչք փակել թագավորի ոճիրների ու անիրավությունների դեմ, ուստի շարունակ հորդորում էր նրան հետ կանգնել չար ընթացքից: Սակայն արքան դրանց կարևորություն չի տալիս: Այս ամենը պատճառ է դառնում, որ Ներսես Մեծը կաթողիկոսական աթոռից հեռանա՝ կաթողիկոսական տեղապահ նշանակելով Խադ եպիսկոպոսին: Մի քանի տարի հետո, սակայն, Հայոց արքայի խնդրանքով, Ներսես Մեծը վերադառնում է: Շուտով պարսիկներն արշավում են Հայաստան և պարսից արքան, նենգությամբ իր մոտ կանչելով հայոց թագավորին, նրան բանտարկում է և բանտում Արշակ թագավորն ինքնասպան է լինում: Հայոց գահին նրան փոխարինում է որդին՝ Պապը, ով մի որոշ ժամանակ անսում է Հայոց կաթողիկոսի խրատներին ու հորդորներին և սրա փայլուն արդյունքն է լինում Ձիրավի ճակատամարտը, ուր հայոց բանակը պարսիկների դեմ հաղթանակ է տանում: Այս ճակատամարտի ընթացքում Հայոց կաթողիկոսը, կանգնած մոտակա Նպատ լեռան վրա, բազկատարած աղոթում էր հայերի հաղթանակի համար:

Սակայն, երբ երկիրը խաղաղություն է գտնում, Պապը սկսում է անառակ կյանքով ապրել: Ներսես հայրապետը փորձում է խրատներով ու հորդորներով նրան սթափեցնել: Սակայն, տեսնելով, որ իր հորդորներն արդյունք չեն տալիս, արքան շարունակում է անուղղելի մնալ, արգելում է նրան մտնել եկեղեցի: Այս պատճառով Պապը թշնամանում է կաթողիկոսի հետ և ըստ պատմիչների, թունավորում նրան: Սակայն, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, սա հավանական չի համարում և գտնում է, որ կաթողիկոսը սրտի կամ թոքերի անբուժելի հիվանդություն է ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել նրա մահվան: Հայոց Ներսես Մեծ կաթողիկոսը վախճանվում է 373թ-ին, հազիվ 45 տարեկան հասակում և թաղվում Եկեղյաց գավառի Թիլ ավանում, ուր թաղված էին նաև Սուրբ Արիստակես հայրապետն ու Ներսես Մեծի վաղամեռիկ կողակից Սանդուխտը: Թիլի այն եկեղեցին, ուր թաղված էին երկու հայրապետերը, 7-րդ դարում կործանվում է և Ներսես Մեծի գերեզմանը, անհայտանում է: Սակայն 1275թ-ին դրա տեղը հայտնվում է Պատվական անունով մի սարկավագի և հայոց կաթողիկոսի նշխարներից մի մաս, տեղափոխվում է Երզնկայի եկեղեցին, որը հետագայում ստանում է «Ջուխտակ հայրապետ» անունը: Մի մասն էլ դրվում են նույն շրջանում գտնվող Տիրաշենի վանքում, որը հետո կոչվում է Սուրբ Ներսեսի անունով: Սուրբ Ներսես Մեծը եկեղեցում հիշատակվում է իր անբաժան գործակից Խադ եպիսկոպոսի հետ:

Խադ եպիսկոպոսը եղել է Ներսես Մեծ հայրապետի հավատարիմ գործակիցը գրեթե բոլոր ասպարեզներում: Խադ անունը, ըստ լեզվաբան Հրաչյա Աճառյանի հայերեն է և նշանակում է թուր: Սուրբ Խադը եղել է Կարին գավառի Մարագա գյուղից: Նա ավագ սարկավագ էր, ամուսնացած էր և ուներ երկու դուստր: Երբ Ներսես Մեծը հարկադրված էր հեռանալու Հայաստանից, Խադին ձեռնադրում է եպիսկոպոս Բագրևանդ գավառի և Արշարունյաց կամ Կամսարականաց նախարարության համար և նշանակում կաթողիկոսական տեղապահ: Խադը ևս կշտամբում էր Արշակ արքային նրա գործած սպանությունների համար: Արքան փորձում է կաշառել նրան՝ ազատվելու համար շարունակական հանդիմանություններից, սակայն, Խադը ստացած նվերները թագավորի ներկայությամբ բաժանում է աղքատներին: Եվ ի վերջո արքան Խադին քարկոծել է տալիս: Սակայն Խադ եպիսկոպոսը կենդանի է մնում և ապրում նաև Պապ թագավորի օրոք: Թեև հավանաբար ավելի վաղ է վախճանվել, քան Ներսես Մեծը: Սուրբ Խադի մասին ասվում է, որ եղել է շատ աղքատասեր և ողորմած, գործել բազմաթիվ հրաշքներ ու բժշկել հիվանդներ: Փավստոս պատմիչը հաստատում է, թե երբ ամեն ինչ բաշխում էր աղքատներին, լիներ կերակուր կամ որևէ ուտելիք կամ խմելիք, հաջորդ օրը տեսնում էր, որ այդ բոլորը վերստին «լցված էին կարասների մեջ Աստծո հրամանով»: Այնուհետև կենսագիր պատմիչն ավելացնում է. «Այս մարդը զարմանալիորեն անվանի և հոյակապ էր Հայոց մեջ»: Շրջում էր ամենուր, խրատում էր և ուսուցանում ամեն տեղ իր վարդապետ Ներսեսի նման: Սակայն ունեցել է մի թերություն. սիրել է պերճ հագուստ կրել և ձիով շրջել: Եվ երբ տեսել է, որ իր կողմից հանդիմանվող արքան այս հանգամանքը մատնացույց է անում, դարձել է խարազանազգեստ և ձին փոխարինել էշով:

Խորենացին բնութագրելով Խադ եպիսկոպոսին՝ ասում է, որ նա ամեն ինչով նման եղավ Ներսես Մեծին, ուստի և նրա հետ միասին էլ հիշատակվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

24.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․