Գրքեր

Սուրբ Սարգսի պատկերագրությունը

Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով, վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել է սուրբ զորավարին նվիրված պատկերագրության մեջ: Այդպիսի հնագույն օրինակ մեզ հասել է 7-րդ դարից՝ Աշտարակի Կարմրավոր եկեղեցու հյուսիսային պատի վրա պահպանված որմնանկարում: Այստեղ Սուրբ Սարգիսը նիզակահարում է վիշապին: Աղթամարի տաճարի հյուսիսային պատի քանդակազարդերում Սուրբ Սարգիսը ներկայացված է առանց որդու՝ նիզակահարելով ինչ-որ գազանի: Այստեղ հայագիտության նշանավոր դեմքերից Սիրարփի Տեր-Ներսիսյանը տեսնում է հովազի, իսկ Հ. Օրբելին՝ առյուծի, որն ավելի հավանական է:

Տպավորիչ է Սյունիքում գրված ու նկարազարդված և Մատենադարանում պահվող թիվ 6305 ձեռագրում պահպանված սրբի պատկերը: Սուրբը պատկերված է որդու՝ Մարտիրոսի հետ: Սարգսի ձեռքում կա վեր բարձրացված նիզակ, գազանի սպանությունը բացակայում է:

Սուրբ Սարգսի պատկերով ու վարքի պատումներով են հարդարվել միջնադարյան հայ արարողական սպասքի, կիրառական բազում նմուշներ: Առավել ուշագրավ են Ավագ խորանի վարագույրները, սկիհի կամ մաղզմայի ծածկոցը, Կուտինայից (Քյոթահիա) հայտնի հախճապակե թասերը, Սկևռայի մասանց պահարանը և այլն:

Սուրբ Սարգսի պատկերով երեք վարագույրներից երկուսը պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում, իսկ երրորդը Լոնդոնում՝ Վիկտորիա-Ալբերտ թանգարանում: Առաջին վարագույրը (1756թ.) հարդարված է Քրիստոսի վարքը պատկերող դրվագներով և սրբերի պատկերներով: Սուրբ Սարգիսը այստեղ պատկերված է ձիավոր, գավակին՝ մանուկ Մարտիրոսն է: Նժույգի ոտքերի տակ նիզակակոխ հսկա վիշապօձն է: Չար ուժերին հաղթող հեծյալ սուրբը կրում է շքեղ հանդերձանք՝ քամուն տված ցանցահյուս թիկնոց, ձեռքին՝ խաչազարդ նիզակ, հագին՝ ժամանակի նորաձևությանը համահունչ զինվորական համազգեստ, ոտքերին՝ փափուկ ճտքավոր կոշիկներ, գլխին՝ լուսապսակ: Մանուկ Մարտիրոսը կրում է մեջքը գրկող թիկնոց, կոնաձև գլխարկ՝ առանց լուսապսակի, որը և որոշ ուսումնասիրողների համար ենթադրել է տվել, թե հեծյալը Ս. Գևորգն է, իսկ մանուկը նրա փրկած ազնվական տղան: Ավելի հավանական է, որ այստեղ պատկերված են Ս. Սարգիսն ու մանուկ Մարտիրոսը, քանի որ ինչպես վկայում են վարագույրի հիշատակարան-արձանագրությունները, այն նվիրաբերվել է Ս. Սարգիս եկեղեցուն:

Վիկտորիա-Ալբերտ թանգարանի վարագույրում հեծյալ Սուրբ Սարգիսը իր զավակի՝ Մարտիրոսի հետ պատկերված է շքեղազարդ կամարի ներքո: Նրա հագուստը գեղեցիկ է, դեմքը՝ ազնվաշուք, գլուխը եզերված է լուսապսակով: Հեծյալի ձեռքում խաչազարդ նիզակ է, տեգը խրած ոտքերի տակ փռված ահասարսուռ վիշապի երախը: Զարդագեղ է և նժույգի հանդերձանքը՝ գեղանկար փափուկ թամբ, կաշվե նուրբ փոկերից սանձ՝ տեղ-տեղ ագուցված ճարմանդներով: Մարտիրոսը, ի տարբերություն էջմիածնյան օրինակի, զինվորական համազգեստով է. գլխին՝ երկարավուն մուգ-կարմիր գլխարկ, առանց լուսապսակի:

Էջմիածնի երկրորդ վարագույրի (1781թ., Թոխաթ) կենտրոնական դաշտը հարդարում են Տիրամոր, Այլակերպության, Քրիստոսի խաչելության և Մանուկ Քրիստոսը Տիրամոր գրկին պատկերները: Վարագույրը երեք կողմերից (վերին, աջ և ձախ) եզերում են պատկերազարդ շրջաններն ու կամարակապ շրջանակը: Այստեղ Սուրբ Սարգիսը և Մարտիրոսը պատկերված են կամարակապ սյունազարդ շրջանակում: Սուրբ Սարգիսը կրում է կարմիր, շքեղ թիկնոց, սև վերնազգեստ, գլխին՝ ճաճանչափայլ լուսապսակ, ձեռքին՝ դրոշ, գավակին Մարտիրոսը՝ հասուն պատանու տեսքով: Պատանին ունի գեղեցիկ դեմք, շրջանակված երկար խոպոպներով, գլխին՝ շողարձակ լուսապսակ: Նժույգը ևս կարմիր գույնի է, հրաշափառ, արժանի հեծյալին: Այն ունի ճոխ հանդերձանք, կաշվե նուրբ փոկերից սանձ, ճարմանդակալ գոտեկապ թամբ, բանդակապ հյուսածո ագի: Ոտքերը գետնից կտրված են, կարծես թե նա ճախրում է երկնքի ու երկրի միջև:

Սուրբ Սարգսի պատկերով ծածկոցը գտնվում է Էջմիածնի Մայր Տաճարի Գանձատանը: Ծածկոցը Հայ եկեղեցում Ս. Պատարագի ժամանակ սկիհի կամ մաղզմայի վրա փռվող դաստառակ է: Սրբի պատկերով ծածկոցը կերպասից է, կարմրավարդագույն, ասեղնագործած ոսկեթելով: Ասեղնագործությունը նուրբ է ու կատարյալ: Ձևով քառանկյուն է: Ծածկոցի կենտրոնում Ս. Գևորգն է, հրեղեն նժույգի վրա, ոտքերի տակ նիզակահար, ցավից գալարվող հսկա վիշապը: Ս. Գևորգի երկու կողմերում՝ սրբապատկերներ են, համապատասխան մակագրություններով: Մի կողմում Ս. Մինասն է, մյուս կողմում՝ կենաց ծառի տակ, հեծյալ Ս. Թեոդորոսն է՝ նիզակը խրած ոտքերի տակ փռված վիշապի երախը: Ձախում՝ վերնամասում Ս. Սարգիսն է և իր որդի Մարտիրոսը, նույն հանդերձանքով, ինչ մյուսները: Կենաց ծառի տակ պատկերված է և մեկ այլ հեծյալ՝ Ս. Մերկերիոսը: Ծածկոցի չորս անկյուններում ավետարանիչների պատկերներն են:

Սուրբ Սարգիսը Մարտիրոսի ուղեկցությամբ շատ տարածված և շատ սիրված սրբապատկեր զարդաձև էր հայ հարդարվեստում, հատկապես Կուտինայում (Քյոթահիայում), որտեղ և պատրաստված են թվով երկու հախճապակե ու պատկերազարդ թասեր հեծյալ սրբի պատկերով: Թասերից առաջինը պահվում է "Cincinati Art Museum" թանգարանում: Այն 15 սմ տրամագծով, կապտականաչավուն հենքով անոթ է, կենտրոնում՝ հեծյալ, գուրզը ձեռքին, գլխին ոսկեգույն լուսապսակ: Հեծյալը գեղեցիկ դեմքով առնական տղամարդ է, նրբագեղ կազմվածքով, շեշտված դիմագծերով՝ ուղիղ սև մազեր, կարճ մորուս, սրածայր բեղեր, լայն ճակատ, թուխ աչքեր, երկարավուն դեմք: Նա կրում է գեղանկար թիկնոց, փեշերը տված քամուն, մուգ կապույտ վերնազգեստ, դեղին, երկար ճտքավոր կոշիկներ: Նրա գավակին մի պատանի է, խաչազարդ նիզակը ձեռքին, գլխին՝ ոսկեգույն լուսապսակ: Պատանին մանկահասակ է, գեղեցկադեմ, երկայն կապտականաչավուն արտահագուստով, փափուկ կոշիկներով: Նժույգը սպիտակ է, բաշը և ագին՝ սև: Նրա ոտքերի տակ ծաղկալից մարգագետինն է, բացված կապտակարմրավուն վարդակակաչ հիշեցնող ծաղիկներով: Ներքուստ թասը շրթնամասում գոտևորում է դեղնավուն լայն գծաքաշ ժապավենազարդը, հայերեն գրությամբ. ՍԲ Սարգիս, ներքևում՝ ՌՃԿԸ (1718/19)թ.:

Մյուս թասը պահվում է Բրյուսելի թանգարանում: Թասի կենտրոնում պատկերված են երկու հեծյալ, նրանց գլխավերևում՝ ՍԲ ԶԻՆԱՒՕՐՔ մակագրությունը: Հեծյալներից առաջինը՝ Ս. Սարգիսը, միջին տարիքի է, թխահեր վարսերով, շեշտված ազնվաբարո դիմագծերով: Նրա գլուխը եզերում է դեղնավուն շրջանաձև լուսապսակը: Զորականն ունի ճոխ հանդերձանք, քամուց ծածանվող թիկնոց, փափուկ կտորից մինչև ծնկները հասնող տաբատ, ոտքերին՝ փափուկ կոշիկներ: Մյուս հեծյալը պատանի Մարտիրոսն է, նույն հանդերձանքով, ինչ ավագը, գլխին՝ ոսկեգույն լուսապսակ: Վերջինս դեմքով շրջված է դեպի Ս. Սարգիսը: Նրանց երկուսի հագուստները բազմագույն են: Տպավորիչ են և նժույգները. սպիտակավուն, սև բաշերով, պարարտ, գոգ մարմիններով, նրբագեղ գլուխներով, կարճ, ամուր ոտքերով, հյուսած ու ճարմանդով հանգուցած ագիներով: Պատկերներից վեր կապտականաչավուն հորիզոնն է, թռչող թռչունների պատկերներով, ոտքերի տակ՝ փարթամ մարգագետինը:

Սկևռայի մասանց պահարանի պատկերաքանդակներում Ս. Սարգսի կերպարը ունի պատկերագրական իր ուրույն արտահայտությունը: Մասանց այս պահարանը, որ հայտնի է նաև Հեթում թագավորի մասնատուփ անունով, կերտվել է 1293թ-ին Կիլիկյան Հայաստանում: Այստեղ սուրբ հեծյալը պատկերված է թավ բեղումորուքով, գլուխը շրջանակված ուռուցիկ բոլորշի լուսապսակով: Սա Ս. Սարգսի պատկերագրական մի նոր արտահայտություն էր, երբ նա պատկերվում էր միայնակ, առանց Մարտիրոսի:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

24.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․