19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սուրբ Վրթանես. իմաստուն ու հայրենասեր հայրապետը

Վրթանեսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի անդրանիկ որդին է: Ծնվել է 262թ-ին, Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մեծանալով մտնում է աշխարհական կարգի մեջ. ամուսնանում է և ունենում երկվորյակ որդիներ՝ Գրիգորիսին և Հուսիկին: Երբ Արիստակեսն ու Վրթանեսը 310թ-ին գալիս են Հայաստան, Վրթանեսն իր հետ բերում է նաև իր որդիներին: 324թ–ին ձեռնադրվում է եպիսկոպոս, և դառնում եկեղեցական գործերում Գրիգոր Լուսավորչի և եղբոր` Արիստակեսի օգնականը: Մինչև 324թ–ը Վրթանեսը արքունիքում վարում է արքունական գործերը: Ունենալով պետական գործեր վարելու փորձառնություն` նախաձեռնություն է ցուցաբերում պետական և դիվանագիտական խնդիրների բնագավառներում:

Վրթանեսը եղբոր մահից հետո 71 տարեկան հասակում, 333թ–ին բազմում է Հայոց հայրապետական աթոռին: Մինչև հոգևորական դառնալը եղել է զինվորական: Վրթանեսի կաթողիկոսության առաջին տարիները խաղաղ ու բարգավաճ է անցնում: Վրթանեսը նվիրվում է խաղաղ ու արդյունաշատ գործունեությանը: Նրա օրոք, ինչպես Փավստոս Բուզանդն է նշում, քրիստոնեական կյանքը Հայաստանում առաջընթաց է ապրում, «աճեցին ու բազմացան... աստվածային պաշտամունքը, աստվածահաճո բարի վարքը... ծաղկում էին իրավունքն ու արդարությունը»: Վրթանեսը շրջում էր երկրում, եկեղեցիներում Սբ. Պատարագ մատուցում, տոնվում էին առաքյալների, սուրբ վկաների հիշատակները:

Որոշ ժամանակ անց կռապաշտությունը կրկին գլուխ է բարձրանում և մինչև իսկ սպառնում հայոց հայրապետի կյանքին:

Սբ. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության տոնի օրը, երբ Սբ. Վրթանեսը Սուրբ Պատարագ էր մատուցում, նրա դեմ դավադրություն է կազմակերպվում: Շուրջ 2000 հեթանոս հայեր Խոսրով Կոտակի կնոջ հրահրմամբ, որն իր անբարո վարքի համար արժանացել էր կաթողիկոսի կշտամբանքին, շրջապատել էին եկեղեցին՝ նպատակ ունենալով սպանել պատարագիչ եպիսկոպոսապետին: Աստվածային միջամտությամբ նրանց ձեռքերն անշարժանում են այնքան ժամանակ, մինչև որ Սբ. Վրթանեսը արձակում է տալիս նրանց: Պատահածից ցնցված՝ լեռնականներն ունկնդրում են Սբ. Վրթանեսի խրատները և, նրա կողմից սահմանված ապաշխարության շրջանը ամբողջացնելուց հետո, մկրտվում: Այս դեպքից հետո կաթողիկոսը տեղափոխվում է Եկեղյաց գավառի Թիլ ավան:

Վրթանես հայրապետի օրոք մահանում է Տրդատ թագավորը: Վերջինիս հաջորդում է որդին՝ Խոսրովը, որը հոր հակապատկերն էր: Զուրկ լինելով հոր կարողություններից՝ Վրթանեսը աջակից և առաջնորդ է լինում նրան ոչ միայն կրոնական ու պալատական գործերում, այլ նաև քաղաքական ու զինվորական գործողությունների ընթացքում: Հայոց եպիսկոպոսապետի գործունեությունը սերտորեն կապված է ոչ միայն Տրդատի, նրա որդի Խոսրով Կոտակի, այլ նաև թոռ Տիրանի հետ: Սբ. Վրթանեսը միշտ թիկունք է եղել հիշյալ թագավորներին պարսից արշավանքների և ներքին խլրտումների ընթացքում:

Վրթանես կաթողիկոսի օրոք պարսիկները դարձյալ փորձեր էին անում գրավելու հայոց երկիրը: Ուստի պատերազմական իրավիճակներում հայոց կաթողիկոսը կարողանում էր քաջալերել հայոց բանակին և այն հաղթանակներ էր տանում: Սպարապետ Վաչե Մամիկոնյանի հետ եղել է կենտրոնաձիգ իշխանության հենարանը:

Խոսրով Կոտակի օրոք իրար դեմ էին պայքարում Մանավազյան և Որդունի նախարարական ընտանիքները: Վրթանեսի հրահանգով Աղբիանոս եպիսկոպոսն ուղարկվում է հաշտեցնելու նրանց: Սակայն նրանք հայհոյանքներով հետ են ուղարկում եպիսկոպոսին: Սպարապետ Վաչե Մամիկոնյանը բնաջնջում է նախարարական այդ տները: Մանավազյանների տիրույթները Մանազկերտ կենտրոնով տրվում են Աղբիանոսին, իսկ Որդունիների կալվածքները Որդու կենտրոնով` Բասենի եպիսկոպոսական թեմին:

Երբ ճակատամարտներից մեկում սպանվում է հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ամենքը վշտով են համակվում, Հայոց կաթողիկոսն իր մխիթարական ճառում արտասանված հայոց Խոսրով Կոտակ արքայի և բազմության առաջ, ասում է, որ բոլոր նրանք, ովքեր մեռնում են հանուն հայրենիքի, եկեղեցու և Աստծո օրենքների պահպանության, նահատակների շարքում են դասվում և պիտի հիշատակվեն Սուրբ Պատարագի ընթացքում. «Մխիթարվեցե՛ք, քանի որ նրանք, ովքեր մեռան հանուն հայրենիքի, եկեղեցու և մեր աստվածատուր կրոնի համար, մեռան, որպեսզի մեր երկիրը գերության մեջ չընկնի ու չքանդվի, սուրբ եկեղեցիները չպղծվեն, մարտիրոսները չանարգվեն, սրբազան սպասները անօրեն ձեռքերի մեջ չընկնեն, քրիստոնեական սուրբ ուխտը չեղծվի…Եվ ահա մեր նահատակները՝ հեռացնելու համար այս չարիքը մեր հայրենիքից, և թույլ չտալու, որ այսպիսի աստվածապաշտ աշխարհի մեջ անօրենություն մտնի…կռվեցին ու մեռան: Նրանք իրենց կենդանությամբ այսպես մտածեցին ու գործեցին, և իրենց մահով էլ զոհաբերեցին իրենց անձերը աստվածային ճշմարտության հաղթանակի համար, ի սեր եկեղեցու, մարտիրոսների, մեր սուրբ կրոնի ու հավատքի…Նրանք, որ այս բոլորի համար չխնայեցին իրենց անձերը՝ այնպիսինները պատվակից են Քրիստոսի վկաների: Ուստի, լաց չլինենք նրանց վրա, այլ պատվենք նրանց՝ ինչպես պատվում ենք ճշմարտությունը: Նահատակների կարգը դասենք նրանց, և հավիտենական կանոն դնենք անխափան կատարելու նրանց քաջության հիշատակը: Տոնենք մենք այսօրը, և ուրախ լինենք…»:

Այս մասին հիշատակող Բուզանդ պատմիչը նշում է, որ մեծ քահանայապետ Վրթանեսն օրենք է սահմանում Վաչեյանների հիշատակն ամեն տարի կատարելու և նրանց հետ միասին հիշատակելու նաև բոլոր նրանց, ովքեր հայրենիքի փրկության համար զոհվելու են գալիք ժամանակներում:

Վրթանես հայրապետը որոշ ծիսական ու եկեղեցա-վարչական խնդիրների մասին հարցումներ է ուղղում Երուսաղեմի Մակար հայրապետին (314- 334): Ի պատասխան այս հարցումների Մակար հայրապետը գրում է պատշաճ պատասխանները: Այն մեր Կանոնագրքում անցել է «Կանոնք Մակարայ» անվամբ, բաղկացած 9 հոդվածներից:

Վրթանեսը Սբ. Հակոբ Մծբնեցի հայրապետից ստանում է նրա աստվածաբանական 18 ճառերը՝ դավանաբանական և խրատական երկերը, որոնք որպես դավանաբանական հիմք փոխանցվեցին սերնդից սերունդ։

Խոսրով Կոտակի մահից հետո Վրթանեսը երկրի իշխանությունն առժամանակ հանձնում է Արշավիր Կամսարականին, իսկ ինքը թագաժառանգ Տիրանի հետ ուղևորվում Կ. Պոլիս, որտեղ և նրան հռչակում են Հայոց թագավոր:

Սբ. Վրթանես հայրապետն ապրում է երկար, իսկ հայրապետության տարիները` լի սրբությամբ: Կաթողիկոսական գահին մնում է ութ տարի և 341 թ-ին արդեն շուրջ 80-ամյա ծերունի վախճանվում խաղաղ մահով և թաղվում Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, ուր թաղված էին նաև Սբ. Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ արքան: Հայ եկեղեցին Վրթանես հայրապետի հիշատակը տոնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հետ՝ Վարդավառի երրորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․